Հայերեն   English   Русский  

​Անի Ամիրաղյան. «Ցանկանում եմ, որ կանայք սիրված և երջանիկ լինեն»


  
դիտումներ: 2433

Թյուր կարծիք կա, թե սպորտը զրկում է կնոջը նրբագեղությունից և կանացիությունից: Հայաստանի առաջին թենիսիստուհի Անի Ամիրաղյանն իր գեղեցկությամբ, հմայքով ու նրբագեղությամբ կոտրում է բոլոր կարծրատիպերը:

Անին բազմիցս Հայաստանը ներկայացրել է միջազգային ասպարեզում՝ բարձր պահելով երկրի պատիվը: Այժմ հայ թենիսիստուհու կարիերայում ժամանակավոր դադար է: Նա սպասում է իր առաջնեկի լույս աշխարհ գալուն:

«Անկախի» հետ զրույցում Անին կարևորում է ամուր ընտանիքի անհրաժեշտությունը կնոջ կյանքում, պատմում մարզաձևի ընտրության, անցած ճանապարհի և առաջիկա ծրագրերի մասին:

- Ինչպե՞ս սկսեցիք Ձեր մարզական ուղին: Մարզաձևի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

- Առաջին քայլերս թենիսում կատարել եմ չորսուկես տարեկանում: Կարճ ժամանակ անց ծնողներս հասկացան, որ մարզիչները թերանում են իրենց աշխատանքում, արհեստավարժ չեն, և ես այլևս չհաճախեցի պարապմունքներին:

Ութ տարեկանում, երբ հեռուստացույցով հետևում էի թենիսի մրցաշարերին, ցանկություն հայտնեցի նորից զբաղվելու մարզաձևով: Նպատակս մեկն էր՝ դառնալ բարձրակարգ մարզուհի: Այս անգամ թենիսն ինձ գրավեց վերջնականապես և ընդմիշտ: Եվ այդպես սկսվեց իմ մարզական ուղին:

Իհարկե, դժվարությունները շատ են. մանկությունդ անցնում է ամենօրյա ծանրաբեռնված մարզումներով, որոնք որոշ չափով զրկում են քեզ ընկերներից, շրջապատից, մյուս հետաքրքրություններից:

- Ձեր հայրը՝ Ռուբեն Ամիրաղյանը, Ձեր մարզիչն է. դժվար չէ՞ պատասխանատվության առումով:

- Հայրս մշտապես կողքիս է, իր խորհուրդներով, դիտողություններով ինձ շատ է աջակցում և ուղղորդում այս ապարեզում: Ծնողն ամենից լավ գիտի, թե ինչն է կարևոր ու անհրաժեշտ երեխայի համար: Նա նվիրվում է ամբողջապես:

Հայրս շատ ավելի լավ է ինձ հետևում, մարզում, քան ուրիշ մեկը դա կաներ: Երբեմն լինում է նաև կարծիքների բախում: Նա նաև ամենամեծ քննադատս է: Ինքս ինձ նույնպես շատ քննադատաբար եմ մոտենում, անգամ եթե չեմ արտահայտում։ Ինքնաքննադատությունը շատ կարևոր է, քանի որ բոլորս սովորում ենք սեփական սխալների վրա։

- Ի՞նչ է տվել Ձեզ սպորտը, և ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար:

- Մարզաձևը դարձավ իմ ապրելաոճը: Այն ինձ աշխարհի տարբեր վայրերում լինելու, տարբեր ազգերի ու մշակույթի ներկայացուցիչների հետ ծանոթանալու և շփվելու, նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն տվեց: Սպորտն օգնում է լինել առույգ, վարել առողջ ապրելակերպ:

Եվ ամենակարևորը՝ մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում, մրցաշարերում ծածանել հայոց եռագույնը և հպարտությամբ կրել հայի անունը:

Հաջողության հասնելու համար պետք է ունենալ սպորտային ոգի, աշխատասիրություն և տաղանդ: Երբ նվիրվում և սիրում ես գործդ, ամեն դժվարություն կարողանում ես հաղթահարել:

- Ինչպե՞ս եք ազատվում լարվածությունից և կառավարում հույզերը խաղի ընթացքում:

- Մրցումներից առաջ լիցքաթափվում եմ՝ լսելով հայկական երաժշտություն: Խաղից 10-15 րոպե առաջ առանձնանում եմ ու փորձում կենտրոնանալ: Ավելորդ լարվածությունն ու անհանգստությունը կարող է խանգարել մրցման ժամանակ:

- Անի, Դուք որոշ ժամանակ զբաղվել եք նաև մարզչական աշխատանքով: Ձեզ տեսնու՞մ եք այդ ասպարեզում:

- Ես սիրում եմ մարզչական աշխատանքը, տարբեր տարիքային խմբերի երեխաների հետ աշխատելու փորձ ունեմ, հասկանում եմ նրանց հոգեբանությունը: Գերմանիայում, երբ մասնակցում էի թենիսի ակումբային մրցաշարերի, աշխատում էի երեխաների հետ, իսկ Հայաստանում մարզել եմ սիրողական մակարդակով թենիսով զբաղվողներին: Ինձ դուր է գալիս մարզչական աշխատանքը: Հնարավոր է՝ ապագայում գործեմ նաև այս ասպարեզում:

Անի Ամիրաղյան

- Թենիսով զբաղվողների թիվը Հայաստանում զգալիորեն ավելացել է, սակայն միջազգային ասպարեզում գրանցած հաջողություններով առայժմ ուրախանալ չենք կարող: Ի՞նչն է պատճառը:

- Իհարկե, սիրողական մակարդակով թենիսով զբաղվողների թիվն ավելացել է: Բայց մարզաձևը զարգացնելու և բարձրակարգ մարզիկներ ունենալու համար ֆինանսական միջոցներ և հովանավորների աջակցություն է հարկավոր:

Երեխաներին պրոֆեսիոնալ դարձնելու համար հարկ է շատ աշխատել ու նրանց ճիշտ ճանապարհի վրա դնել: Ծնողներից շատերը չունեն այնքան հնարավորություններ, որքան պահանջում է թենիսը:

- Սպորտը մեծ նվիրում է պահանջում: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է համատեղել մարզական կարիերան և ընտանիքը:

- Աշխարհահռչակ շատ մարզուհիներ, հատկապես թենիսիստուհիներ կան, որոնք ունեն ընտանիք, երեխաներ և հաջողությամբ շարունակում են իրենց վերելքը: Ես շատ եմ սիրում իմ մարզաձևը: Բայց ավելի շատ արժևորում եմ ամուր ընտանիքի առկայությունը կնոջ կյանքում: Անհամբեր սպասում եմ առաջնեկիս ծննդին և կարծում եմ, որ արդեն սեպտեմբերից կվերսկսեմ մարզումներս:

- Շնորհավորում ենք Ձեզ գարնանային տոների կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ:

- Շնորհակալություն: Յուրաքանչյուր կին ունի իր երջանկության բանաձևը: Ամեն մեկի պատկերացումներն ու երազանքները, նպատակներն ու ձգտումները տարբեր են կյանքում:

Ցանկանում եմ, որ բոլոր կանայք երջանիկ և սիրված լինեն, հնարավորինս անհոգ և առողջ: Հարկավոր է գնահատել կյանքը, ապրած յուրաքանչյուր պահն ու վայրկյանը. դրա մեջ է նաև երջանկության գաղտնիքը:

Անժելա Բեգլարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: