Հայերեն   English   Русский  

​Սլավիկ Հայրապետյանը հանդես կգա Լյուքսեմբուրգում կայանալիք միջազգային մրցաշարում


  
դիտումներ: 1523

Մարտի 10-12-ը Լյուքսեմբուրգում կանցկացվի գեղասահքի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած «Գարնան գավաթ 2017» միջագային մրցաշարը, որի տարբեր տարիքային խմբերում ընդհանուր առմամբ 20 երկրների 110 գեղասահորդ է պատրաստվում մասնակցել:

Արդեն 6-րդ անգամ կազմակերպվող ավանդական այս ստուգատեսի տղամարդկանց մենասահքի մրցումներին մասնակցելու է նաև Հայաստանի առաջնությունների բազմակի չեմպիոն, վերջին տարիներին մենասահորդների ընդգծված առաջատար Սլավիկ Հայրապետյանը:

Երիտասարդ հայ գեղասահորդը պատրաստվում է մասնակցել մարտի 29-ից ապրիլի 2-ը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայանալիք մեծահասակների գեղասահքի 2017 թ. աշխարհի առաջնությանը, բոլորովին վերջերս՝ փետրվարի 8-12-ը, իրեն լավագույն կողմերով դրսևորեց ու 175,75 միավոր արդյունքով 7 երկրների 9 մասնակիցների պայքարում 3-րդ տեղը գրավեց Սոֆիայում կայացած միջազգային մրցաշարում:

Ըստ նախնական հայտերի՝ լյուքսեմբուրգյան ստուգատեսում տղամարդկանց մենասահքի մրցապայքարում գլխավոր մրցանակը վիճարկելու է 9 երկրների 12 գեղասահորդ: 2-ական պատվիրակ են ունենալու Ճապոնիան, Հունգարիան, Գերմանիան, 1-ական՝ Ֆրանսիան, Անգլիան, Հայաստանը, Շվեյցարիան, Լեհաստանը:

Լյուքսեմբուրգում ընթանալիք միջազգային ստուգատեսի ժամանակացույցի համաձայն՝ տղամարդկանց մենասահքի մրցաշարում պարտադիր՝ կարճ ծրագրի մրցելույթը տեղի կունենա մարտի 10-ին, իսկ կամավոր ծրագրի մրցելույթը՝ մարտի 12-ին:

Ուրախալի է, որ երիտասարդ գեղասահորդը մրցաշրջան 2017-ը սկսել է վերելքով և հաջող ելույթներ է ունենում միջազգային հեղինակավոր մրցաշարերում: Հուսանք, որ Սլավիկ Հայրապետյանի հաջողությունները կշարունակվեն նաև առաջիկա մրցաշարերում:

Անժելա Բեգլարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: