Հայերեն   English   Русский  

Նոր ընտրական օրենսգիրքն ու Սահմանադրությունը փոխել են խաղի կանոնները. Աստղիկ Ավետիսյան


  
դիտումներ: 10433

Նոր ընտրական օրենսգիրքն ու Սահմանադրությունը բոլորովին նոր խաղի կանոններ են ներմուծել հայաստանյան քաղաքական իրականություն, որոնք մեծապես ազդել են ոչ միայն քաղաքական ուժերի վերադասավորումների և փոխակերպումների,

այլ նաև նրանց գործելաոճի և նախընտրական քարոզարշավի վրա: Հանրային կապերի մասնագետ, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանի խոսքերով` այս պայմաններում, հատկապես, քաղաքական ուժային կենտրոնները հայտնվում են հանրային կապերի (PR) նոր տեխնոլոգիաներ և շատ ավելի հարուստ գործիքակազմ կիրառելու հրամայականի առջև:

«Գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող մի շարք քաղաքական ուժեր լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ են իրականացրել, բայց վերջիններիս կողքին կան նաև այնպիսիները, որոնք ամբողջովին դուրս են նման գործընթացներից և անտեսում են քաղաքական PR-ի կարևորությունը»,-ասաց Աստղիկ Ավետիսյանը: Մինչդեռ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դժվար է շատ համակիրներ ունենալ և հաջողություն գրանցել ընտրություններում` առանց հասարակության հետ գրագետ հաղորդակցման:

Նախկին ՕԵԿ-ը, ռեբրենդինգի ենթարկվելով, վերածվեց «Հայկական վերածնունդ» կուսակցության, Հայաստանի հանրապետական կուսակցությունը քաղաքական դաշտ բերեց հաղորդակցական մշակույթին լավ տիրապետող և երիտասարդ գործիչների, իսկ փոքր և նոր ձևավորված քաղաքական միավորները համախբվեցին և ձևավորվեցին դաշինքներ: Ըստ Աստղիկ Ավետիսյանի` նման գործընթացները բոլորովին նոր նկարագիր են տալիս այս քարոզարշավին` անկախ Հայաստանի նախորդ բոլոր ընտրական գործընթացների շարքում:

Ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության ուշադրությունն ակտիվացնելն ու վստահության վերականգնումը, այս քարոզարշավի հիմնական խնդիրներից են, կարծում է Աստղիկ Ավետիսյանը: Նրա դիտարկմամբ, իրականության հետ աղերսներ չունեն տարաբնույթ սոցիոլոգիական կազմակերպությունների հրապարակած տվյալներն այն մասին, որ գալիք խորհրդարանական ընտրություններին ակնկալվում է ընտրողների ընդհուպ մինչև 70 տոկոս մասնակցություն: Աստղիկ Ավետիսյանը մտավախություն ունի, որ հասարակությունը քաղաքական գործընթացների նկատմամբ վստահությունը կորցրել է և անտարբերություն է ցուցաբերում քարոզարշավի նկատմամբ: Ըստ հանրային կապերի մասնագետի՝ ընտրական մրցավազքի դուրս եկած ուժերը պետք է հորդորեն քաղաքացիներին մասնակցել ընտրություններին:

Խորհրդարանական ընտրություններին կուսակցությունների հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու հենց տարածքային ընտրացուցակներով, որտեղ ընդգրկված անհատների նկատմամբ գոյություն ունեցող համակրանքի և վստահության չափից է կախված լինելու նաև տվյալ կուսակցության հաջողությունը, կարծում է Աստղիկ Ավետիսյանը:

«Քաղաքական կարգախոսները չպետք է լինեն բառերի կույտ, և պետք է ամփոփեն տվյալ կուսակցության նախընտրական ողջ ծրագիրը, քանի որ ընտրողները նախընտրական երկարաշունչ ծրագրերը որպես կանոն չեն մտապահում, ուստի քաղաքական կարգախոսները պետք է լինեն ազդեցիկ, որպեսզի ընտրողները դրանց հետ ասոցացնեն նաև կուսակցությունն ու իր ծրագիրը», ասաց Աստղիկ Ավետիսյանը:

Ընտրական գործընթացները մեր երկրում ավելի քաղաքակիրթ դարձնելու գործում PR մասնագետը կարևորեց նաև լրագրողների դերը: Նա կարծում է, որ այսօր ընտրությունները գրագետ լուսաբանելու խնդիր կա: Իսկ ամենաակնառու սխալը, որը նկատել է Աստղիկ Ավետիսյանը, այս օրերին բազմաթիվ ԶԼՄ-ների կողմից լայն կիրառվող «ռեյտինգային ցուցակ» կամ «վարկանշային ցուցակ» սխալ ձևակերպումներն են: «Ընտրական օրենսգրքում նման ձևակերպումներ չկան, կան միայն «տարածքային» և «համապետական» ցուցակ եզրույթները, սա այն բանի վառ վկայությունն է, որ քարոզարշավ և ընտրություններ լուսաբանող շատ լրագրողներ գոնե չեն թերթել ընտրական օրենսգիրքը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: