Հայերեն   English   Русский  

Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել


  
դիտումներ: 1343

Դերասան Վարդան Պետրոսյանն օրերս ազատ է արձակվել: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննել է նրա պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը եւ որոշել բավարարել այն։

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը news.am-ի հետ զրույցում հերքել է այն տեղեկությունները, թե Վարդան Պետրոսյանը նախագահի ներումով է ազատ արձակվել:

«Վարդան Պետրոսյանը Հանրապետության նախագահին ներման խնդրանքով չի դիմել, այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Նա անցել է օրենքով սահմանված բոլոր ատյանները, այսինքն` սկզբում կալանավայրի վարչակազմի կողմից դրական որոշում է կայացվել, որից հետո այսպես կոչված «անկախ հանձնաժողովն» է դրական եզրակացություն տվել, այնուհետեւ դատարանն արդեն բավարարել է քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը, ընդ որում դատախազությունը ևս չի առարկել: Սա մի բարդ գործընթաց է, որ շատ քիչ դատապարտյալներ կարող են անցնել»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի համար մեղավոր ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանը 2015թ. սեպտեմբերի 2–ից պատիժը կրում է բաց ռեժիմով, ինչը ենթադրում է, որ առավոտյան ժամը 8-ից դուրս է գալիս ՔԿՀ–ից եւ մինչեւ 20:00–ն պետք է կրկին ներսում լինի: Այդ ընթացքում դերասանը երկրի ներսում ազատ տեղաշարժման իրավունք ունի, իսկ հանգստյան օրերին պետք է լինի կալանավայրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: