Հայերեն   English   Русский  

Եվրոպացի թուրքերի ներգրավումը եվրոպական արժեքներին հակասող գործընթացին անընդունելի է ԵՄ-ի համար. թուրքագետ


  
դիտումներ: 1002

«Թուրքիայում տեղի է ունենում Էրդողանի միահեծան իշխանության ուժեղացում: Սա անընդունելի է եվրոպացիների համար: Էլ ավելի անընդունելի է, երբ իրենց մոտ ապրող թուրքերը ներգրավվում են այդ գործընթացին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Հիշեցնենք, որ Թուրքայի մի շարք քաղաքական գործիչների մուտքը Եվրոպա արգելվել է:

Թուրքագետի խոսքով՝ պարզ է, թե ինչու Չավուշօղլուին չեն թողել մուտք գործել Հոլանդիա: Մի քանի օր հետո այնտեղ ընտրություններ են և նրանք չէին ուզում թողնել, որ իրավիճակն ավելի սրվի:

«Մյուս կողմից, այն երկրներում, որտեղ ընտրություններ չկան, տեղի է ունենում հետևյալ գործընթացը: Թուրք քաղաքական գործիչները գրգռում են այնտեղ ապրող թուրքերին Թուրքիայի խնդիրները լուծելու համար, այսինքն՝ նախապատրաստում են Սահմանադրական հանրաքվեին: Այսպիսով, նրանք ոչ միայն ներգրավում են ԵՄ-ում ապրող թուրքերին, այլև այնպիսի երևույթի համար են քարոզչություն իրականացնում, որը ընդունելի չէ եվրոպական արժեքների համար»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա գտնում է, որ շարունակվում է Թուրքիային տնայնացնելու գործընթացը Եվրոպայի կողմից.«Թուրքիան, մանավանդ Էրդողանի ղեկավարության շրջանում, իրեն թույլ է տալիս այնպիսի քայլեր, հայտարարություններ, որոնք ընդունված չեն եվրոպական դիվանագիտական պրակտիկայում, սա իհարկե, վրդովեցնում է եվրոպացիներին։ Ինտեգրացիոն գործընթացները դիտարկելիս տեսնում ենք, որ կան բացասական երևույթներ, եվրոպացիների դուրը չի գալիս շատ բան և դա նրանք հայտարարում են և որոշակի քայլեր են ձեռնարկում, որը մենք բոլորս էլ տեսնում ենք»,- ասաց Սաֆրաստյանը։

Թուրքական 100-ամյա դիվանագիտության շնորհիվ նրանք կկարողանան Եվրոպայի հետ իր հարաբերությունները վատթարացումը օգտագործել Ռուսաստանի հետ իր հարաբերությունները լավացնելու համար. «Թուրքիան բարձրացնում է խաղադրույքներն ու ավելի ռիսկային խաղի է գնում Եվրոպայի հետ հարաբերություններում: Մինչ օրս նրան հաջողվել է տանուլ չտալ ու հասնել որոշակի ձեռքբերումների: Էրդողանն ուզում է ավելի շատ բան պոկել Եվրոպայից»:

Սակայն Ռուսաստանը որոշակի սահմանափակումներ կդնի այս հարցում. «Այդ հարաբերությունները որոշակի սահմանագծի առջև կկանգնեն, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ վերջինս շատ է կոշտացրել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդ երկրների շահերը տարածաշրջանում ստրատեգիական առումով ոչ միայն չեն համընկնում, այլև հակադրվում են »,- նշեց թուրքագետը:

Ըստ թուրքագետի՝ աշխարհաքաղաքական զարգացումները պարտադրում են Հայաստանին շարունակել հարաբերությունները զարգացնել Ռուսաստանի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: