Հայերեն   English   Русский  

Ես լավաշ չեմ վաճառել ու ընդհանրապես ծախելու բան չունեմ. Անահիտ Բախշյան


  
դիտումներ: 625

«Ես տղամարդկանց ինձ մրցակից չեմ համարում»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազատ դեմոկրատներ կուսակցության թեկնածու Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով ընտրություններին կանանց ներգրավվածության թեմային:

«Մենք այնքան տարբեր ընտրազանգվածների վրա ենք աշխատում, որ նրանք չեն կարող ազդել իմի վրա և ես էլ նրանց: Թերևս ես կարողանամ իմ փորձով, իմ քարոզով նրանց վրա ազդել ու կարողանամ ձայն տանել նրանցից: Ես լավաշ չեմ վաճառել ու ընդհանրապես ծախելու բան չունեմ»,- նշեց տիկին Բախշյանը:

Նա նկատեց, որ գզվռտոցներ արդեն տեղի են ունենում, և կան բաներ, որոնք ընդունելի չեն. «Մեր ժողովուրդը երբեմն ոնց որ կուրանում է: Մարդու է մեծարում, որը ԱԺ-ում չի երևում: 5 տարվա մեջ անգամ ոչ խելացի ելույթ էլ չի ունեցել: Ուղղակի չեմ հասկանում, թե նրան գյուղերում ինչպե՞ս են ընդունում»,- նշեց նա ընդգծելով, որ չի ուզում անուններ տալ:

Նա նաև հիշեցրեց, որ օրենքն արգելում է պետական համակարգում պաշտոն ունենալ և միաժամանակ ներգրավվել քարոզարշավին.«Երևանի ավագանու անդամ եմ, ինձ տեղեկացրել են, որ լիազորություններս սառեցված են: Բայց վարչապետը և՛ քարոզչության է մասնակցում և՛ վարչապետ է: Միայն Կրթության և գիտության նախարարի մասին եմ կարդացել, որ արձակուրդում է, մնացածի մասին խոսք չկա: Կարեն Կարապետյանն ամենուր հայտարարում է, որ արդարություն են հաստատելու, բայց հենց ինքը խախտում է օրենքն ու զրոյացնում իր ասածը»:

«Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավորության թեկնածու Մարիաննա Ֆրունջյանն իր հերթին նշեց, որ իր թիրախային լսարանն ունի.

«Ես իմ տեսակետերն ունեմ, և կարծում եմ՝ ժամանակն է խորհրդարանում ունենալ իսկապես քաղաքակիրթ էլիտա ուեննաալ: Շատ կարևոր է, որ ընտրական այս գործընթացներում կին և տղամարդ թեկնածուները կարողանում են հավասարը հավասարի պես պայքարել»,- ասաց ՀՎԿ ներկայացուցիչը:

Հոգեբան Լաուրա Պետրոսյանն իր հերթին ընդգծեց, որ տարբերություն չկա՝ կինը, թե տղամարդն է քաղաքականությամբ զբաղվում. կարևոր է մտքի ճկունությունը

«Այնքան էլ դրական չէ, երբ իգական սեռի մի ներկայացուցչի հասցեին ասում են՝ «տղամարդ կին է»: Դա նույնքան բացասական է, որքան ասելը, որ այսինչ տղամարդը շատ կանացի է»,- նշեց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: