Հայերեն   English   Русский  

​Տոլստոյը կյանքում


  
դիտումներ: 2085

Մարտի 17-ին ժամը 13.00-ին Հովհաննես Թումանյանի թանգարանի ցուցասրահում (Երևան, Մոսկովյան, 40) տեղի կունենա «Տոլստոյը կյանքում» ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսը պատմում է Լ. Տոլստոյի կյանքի կարևոր իրադարձությունների, զբաղմունքների, ընտանիքի և շրջապատի ամենատարբեր մարդկանց հետ ունեցած հարաբերությունների և շփումների մասին, որոնք դարձել են գրողի ստեղծագործական մտքի շարժառիթը: Բազմամյա տքնաջան աշխատանքի ընթացքում Տոլստոյն ամենուրեք նյութ էր քաղում իր երկերի կերտման համար: Այդպես, գրողի կովկասյան տպավորությունները իրենց գեղարվեստական մարմնավորումը գտան «Կազակները» և «Հաջի Մուրադ» պատմվածքներում: Հյուրերի սենյակը, որտեղ Տոլստոյը աշխատում էր «Աննա Կարենինա» -ի վրա, վեպում դարձավ Լևինի սենյակը: Իր իսկ ընտանիքի անդամները նախատիպեր հանդիսացան «Մանկություն», «Կալվածատիրոջ առավոտը» և «Պատերազմ և Խաղաղություն» երկերի հերոսների համար: Ռուսաստանում լուսանկարչական գործի զարգացումը համընկել է Տոլստոյի կյանքի և ստեղծագործության ժամանակաշրջանի հետ, և մեզ են հասել բազմաթիվ լուսանկարներ, որտեղ գրողը պատկերված է ստեղծագործական տարբեր փուլերում՝ սկսած գործունեության սկզբնական շրջանից մինչև կյանքի վերջին տարին: Ցուցահանդեսի այցելուները կծանոթանան Տոլստոյ սպայի, «Մանկություն» ինքնակենսագրական պատմվածքի երիտասարդ հեղինակի, «Պատերազմ և Խաղաղություն» վեպի ստեղծման տարիներին երջանիկ ընտանիքը գլխավորող Տոլստոյի և իմաստուն ծերունու հետ, որը կոչ էր անում մարդկությանը ոչ թե մարմինը բուժել, այլ հոգին. «Ապրիր մարմնիդ համար և շուտով կհասկանաս, որ մարմնական խնդությունները կայուն չեն, տարեցտարի թուլանում են և ամեն րոպե կարող են ավարտվել մահով: Ապրիր հոգուդ համար և կգտնես այնպիսի բերկրանք, որը տարիների ընթացքում ավելի ու ավելի է բազմապատկվում և մահից չի վախենում»: Տոլստոյից ավանդված կյանքի բաղադրատոմսերը դարմանող ուժ ունեն: Դրանք հիշեցնում են մարդկային կյանքի իրական արժեքի մասին. «Երբ շատ ես բանում ուրիշների համար, ապա ոչ ճնշվիր այդ աշխատանքից, ոչ էլ գովասանք սպասիր, այլ իմացիր, որ ուրիշների համար սիրով կատարած քո աշխատանքը առավել չափով հոգուդ համար է օգտակար»: Եվ այսօր էլ վիթխարի գրողի խոսքը, նրա կյանքի ուղին օգնում են մեզ լինել բարոյապես առողջ, ամոքում մեր հոգիները և սերմանում խաղաղություն, բարություն, ներողամտություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: