Հայերեն   English   Русский  

Անհնարին ոչինչ չկա. Լիլիթ Մկրտչյան


  
դիտումներ: 380

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ավելի մեծ հաջողություններ էր սպասում հրաձգության Եվրոպայի առաջնությունից:

Հիշեցնենք, որ Սլովենիայի Մարիբոր քաղաքում ավարտված հրաձգության Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունում Լիլիթ Մկրտչյան նվաճել էր արծաթե մեդալ: Զավեն Իգիթյանը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:

«Մեր պարծանքը՝ Լիլիթը, առաջին անգամ մասնակցելով մեծահասակների մրցապայքարին գրավեց երկրորդ տեղը: Շատ ուշադրություն էինք դարձնում պատանիներին, քանի որ 18 թվականին կկայանան տարիքային այդ խմբի օլիմպիական խաղերը: Նորմալ արդյունք են ցույց տվել: Մենք դեռ ժամանակ ունենք ավելի շատ աշխատելու: Մեծահասկաները վատ են մասնակցել: Լիլիթի շնորհիվ պարզճակատ դուրս եկանք այդ պայքարից», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարզիչը:

Զավեն Իգիթյանն արդեն տարիներ շարունակ զբաղեցնում է նույն՝ չորրորդ հորիզոնականը: Մարզիչը կատակով պատմեց, որ նրա մականունն արդեն «միսթեր չորրորդ» են դրել, սակայն ընդծեց, որ ապագայում մարզիկն անպայման հաջողություններ կունենան:

Սեյրան Նիկողոսյանը նշեց, որ հավաքականը հնարավոր է չմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը, քանի որ կա փամփուշտի խնդիր: Դրա արտադրությամբ զբաղվող երկրները հայաստանցիներին փամփուշտ չեն հատկացնում, քանի որ այն պատերազմող երկիր է:

Լիլիթը նույնպես ընդգծեց, որ մրցաշարը բավականին բարդ էր իր համար, քանի որ առաջին անգամ էր այդ տարիքային խմբում մասնակցում. «Մրցակցությունը թեժ էր: Սակայն այս մրցաշարը ինձ ստիպեց հասկանալ, որ անհնարին ոչինչ չկա: Նրանց ոչ մի բանով չեմ տարբերվում: Լարվածությունը խանգարեց, որ ավելի լավ արդյունք գրանցեմ: Արդյունքն ինձ շատ ոգևորեց, որ էլ հրաձգարանից դուրս չգամ»,- ասաց Լիլիթ Մկրտչյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: