Հայերեն   English   Русский  

​Ով ինչ է խոստանում բանակի համար


  
դիտումներ: 1074

Ապրիլի 2-ին, բացի ընտրությունների օր լինելուց, կլրանա անցյալ տարի Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների մեկ տարին: Ուստի կարևոր է հասկանալ, թե ընտրություններին մասնակցող, այսինքն` երկրի հետագա քաղաքական և գործադիր կառավարումը ստանձնել պատրաստվող քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ինչպես է ընկալում առկա վիճակը, ինչ դասեր է քաղել ապրիլյան պատերազմից և ինչ լուծումներ է առաջարկում մեր բանակի, զինված ուժերի ու երկրի պաշտպանության համար:

ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրում նշում է, որ մեր պետության նկատմամբ ռազմական ցանկացած ոտնձգության կասեցումը կախված է մեր պաշտպանական ներուժի ճիշտ և նպատակասլաց զարգացումից` արհեստավարժության, կարգապահության, կազմակերպվածության, թափանցիկության և վերահսկելիության արդիական չափանիշներին համապատասխան:

Նպատակահարմար սպառազինության կարևորության մասին հանրահայտ ճշմարտություններից ու հայ քաջարի զինվորի հասցեին ներբողանման գնահատականներից հետո, ՀՀԿ ծրագրում բավական հավակնոտ հայտարարություն է արվում. «Հայաստանի զինված ուժերը պետք է լինեն աշխարհում լավագույններից մեկը»: Եվ դրա ամենակարևոր նախադրյալը համարվում են «մեր քաջարի զինվորներն ու սպաները»: Ուստի, պարզվում է՝ մեր ջանքերի մեծ բաժինը պետք է ուղղել «զինված ուժերի անձնակազմի բարոյակամային հատկանիշների, մասնագիտական հմտությունների, մարտավարական ունակությունների հետագա կատարելագործմանը»:

«Բանակային փորձառություն` գումարած բարձրագույն և որակյալ կրթություն. սա մեր վաղվա հասարակությունն է, որ ձևավորվում է արդեն այսօր` բոլորիս աչքի առաջ»,- սա է ՀՀԿ-ի առաջարկած բանաձևը:

ՀՀԿ-ն շեշտում է, որ իր գերակայություններից է սպաների, հատկապես՝ երիտասարդ սպաների պաշտոնեական առաջխաղացման գործընթացի մշտական կատարելագործումը, և խոստանում է իր քայլերն ուղղել նրան, որ բանակը դառնա արդարության չափանիշ մեր հասարակության մեջ: Ինչպես նաև նշում է, որ բանակը պետք է դառնա տնտեսության շարժիչ ուժը և տեխնոլոգիական առաջընթացի լոկոմոտիվը: Եվ ամենակարևորը՝ կոռուպցիան պետք է արմատախիլ անել զինված ուժերից, իսկ բանակի անձնակազմը վերջնականապես պետք է ձերբազատվի առօրյա սոցիալական խնդիրներից` հիմնական ուժերը կենտրոնացնելով մարտունակության և սեփական գիտելիքների շարունակական բարձրացման վրա: Եվ կուսակցությունը չի մոռանում ընդգծել, որ այս ուղղությամբ արդեն էական ձեռքբերումներ ունենք:

ՀՅԴ-ն, շեշտելով, որ պետք է դասեր քաղենք ապրիլյան պատերազմից, առաջարկում է «Ազգ-բանակ» հայեցակարգի տրամաբանությամբ զարկ տալ հայրենական գիտական և տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմարդյունաբերական համալիրի ստեղծմանը. «Հակառակորդն ունի նավթային դոլարներ, մենք ունենք տաղանդավոր գիտնականներ, գյուտարարներ, ինժեներներ»: Բացի այդ, խոստանում է խրախուսել պրոֆեսիոնալ-կամավոր զինվորական ծառայության շրջանակի ընդլայնումը` նշելով, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված երիտասարդ զինվորի կողքին միշտ պետք է կանգնած լինի պրոֆեսիոնալ զինվորականը: Իսկ սպաների ու պայմանագրային զինծառայողների աշխատավարձը պետք է համապատասխանեցնել արժանավայել ապրուստի պահանջներին, քանի որ սպան ու զինվորը, որ ամեն օր իրենց կյանքը վտանգի են ենթարկում, չպետք է նյութական նեղություն զգան:

Բանակի թեմային բավականին ընդարձակ անդրադարձ է արել «Ազատ դեմոկրատները»` պաշտպանության և բանակի արդիականացման նպատակով առաջարկելով ստվերի կրճատման հաշվին կրկնապատկել պաշտպանության ոլորտի ծախսերը, այդ թվում` աշխատավարձերը, զինվորականության և արցախյան ազատամարտի մասնակիցների համար ընդլայնել սոցիալական արտոնություններն ու ծառայությունների մատչելիությունը, սահմանային հենակետերն ու ենթակառուցվածքները ապահովել հայրենական արտադրության ու ձեռք բերված նորագույն սարքավորումներով, զինվորի ծառայությունը դարձնել ոչ միայն արժանավայել, այլև անվտանգ: Բանակի արդիականացման նպատակով առաջարկվում է աստիճանաբար անցնել պրոֆեսիոնալ բանակի՝ հաշվի առնելով առանձնահատկություններով ու միջավայրով Հայաստանին նման պետությունների փորձը, հայկական զինված ուժերը համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին, ուժեղացնել զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը, բանակ-հասարակություն կապը, բացահայտել ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած հանցագործությունները, անցկացնել 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ տեղ գտած բացթողումների ու սխալների բազմակողմանի, համալիր և թափանցիկ հետաքննություն, վերահսկելի դարձնել պաշտպանության ոլորտում գնումների գործընթացը` բացառելով յուրացումները, չարաշահումները և կոռուպցիոն գործարքները, վերանայել սպառազինությունների ձեռքբերման հայեցակարգը` շեշտը դնելով ռազմավարական զինատեսակների ձեռքբերման կամ Հայաստանում համատեղ արտադրության վրա, այդ թվում` ոչ ՀԱՊԿ անդամ երկրներից ու նրանց հետ, զարկ տալ ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը` այդ թվում առաջատար երկրների հետ համատեղ նախագծեր կյանքի կոչելով:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր ծրագրային 30 հիմնադրույթներից միայն մեկով է անդրադառնում բանակին. «Աստիճանական անցում պրոֆեսիոնալ և վարձատրվող բանակի: Պետական սահմանը պաշտպանող 18 տարեկան երիտասարդների փոխարինում վարձատրվող պրոֆեսիոնալ զինծառայողներով»:

Սպասելիքներ կային հատկապես ՕՐՕ դաշինքից, քանի որ դաշինքի գլխավոր դեմքերից մեկը պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն է:

Դաշինքի ծրագրում ամրագրված է, որ արմատապես պետք է վերանայել բանակի տեղն ու դերը մեր հասարակությունում՝ ընդգծելով, որ բացի ռազմականից, այն պետք է կատարի կրթական գործառույթ, ինչպես նաև նպաստի տնտեսության զարգացմանը` բացի խաղաղություն ապահովողից դառնալով շարժիչ ուժ տնտեսության համար: «Մեր բանակի մարտունակության բարձրացման, արդիականացման և տարածաշրջանում հավասարակշռությունն ապահովելու, ինչպես նաև խաղաղություն պարտադրելու նպատակով անհրաժեշտ է բանակն աստիճանաբար համալրել արհեստավարժ ստորաբաժանումներով, բարձրացնել նրանց աշխատավարձը` սկզբնական շրջանում հասցնելով 240 հազար դրամի, բարձրացնել սպայական և ենթասպայական կազմի աշխատավարձը, ապահովել բանակի անհրաժեշտ ու մրցունակ սպառազինության և նյութատեխնիկական հագեցածության բարձր աստիճան, հավասարակշռված արտաքին քաղաքականության արդյունքում խորքային համագործակցություն հաստատել միջազգային ուժային կենտրոնների հետ` ապահովելով Հայաստանի անվտանգությունը»,- գրված է ծրագրում՝ ընդգծելով նաև, որ ուժեղ բանակ ունենալու համար անհրաժեշտ է ժամանակակից և առողջ տնտեսություն:

ԵԼՔ դաշինքն էլ խոստանում է սպաների համար նախատեսված բնակարանաշինությունը հայտարարել պետական առաջնահերթություն, դրա տեմպերն առնվազն եռապատկել և քննարկել վարձված բնակարանների համար սպաներին տրվող փոխհատուցման դրամագլուխը հիփոթեքային նպատակներով օգտագործելու հնարավորությունը:

Նշվում է նաև, որ իրենց իշխանության գալու դեպքում առաջնագծում մարտական հերթապահություն կիրականացնեն միայն պայմանագրային զինծառայողները՝ հատուկ աշխատավարձով: Այս ծրագրի ամբողջական իրագործումը տեղի կունենա հինգ տարվա ընթացքում: Իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցնող անձինք կստանան ոչ միայն զինվորական, այլև քաղաքացիական կրթություն: Բացի այդ, կձևավորվի քաղաքացիական-ռեզերվային բանակ. քաղաքացին նախապես տեղեկացված կլինի, թե հնարավոր մոբիլիզացիայի դեպքում ինքը ուր պետք է ներկայանա, որ զորամիավորում պետք է զորակոչվի և ով է իր անմիջական հրամանատարը: Միջոցների ծախսման արդյունավետության բարձրացման շնորհիվ էականորեն կբարելավվի բանակի սննդի, հագուստի որակը, առողջական խնդիրներ ձեռք բերած նախկին ժամկետային զինծառայողները կապահովվեն անհրաժեշտ ծառայություններով և այլն:

«Ծառուկյան» դաշինքն էլ խոստանում է ՀՀ պետական բյուջեի տարեկան ծախսային մասի 5 տոկոսն ուղղել ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը և առաջարկում է առաջիկա 2 տարիներին կտրուկ ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը և առաջնագծում զինվորական ծառայության առաջնահերթությունը վերապահել պայմանագրային զինծառայողներին: Թե ինչու է դաշինքը եկել նման եզրակացության , կամ ինչքանով է սա արդարացված, բացված չէ, բայց հատուկ ընդգծված է, որ առաջնագծում պետք է ծառայեն նաև ունևոր և բարձր պետական պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաների զավակները: Այս տեսանկյունից հետաքրքիր է, թե ԲՀԿ-ական ունևոր ու բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց զավակներից քանի հոգի է ծառայել, այն էլ՝ առաջնագծում:

Իսկ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը կարծում է, որ Հայաստանի և Արցախի անվտանգությունը կապահովի հաշտությունը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը՝ վերջ դնելով ռազմաճակատի գոտում հարյուրավոր զինվորների և խաղաղ բնակչության կորուստներին, ինչպես նաև հնարավորություն կտա դադարեցնելու սպառազինությունների մրցավազքը և շեշտակիորեն նվազեցնելու ՀՆԱ-ի 4-5 տոկոսի հասնող ռազմական ծախսերի ծանր բեռը: Որպես առանձին ծրագրային կետ էլ դաշինքի ծրագրում նշվում է պայմանագրային զինծառայողների, սպաների և ենթասպաների աշխատավարձի զգալի բարձրացումը և «15 օր ծառայություն, 15 օր հանգիստ» գործող կարգի փոխարեն կիրառել «7 օր ծառայություն, 7 օր հանգիստ» կարգը: Վերջին դրույթի բացատրությունը նույնպես հետաքրքիր կլիներ ավելի հանգամանալից լսել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: