Հայերեն   English   Русский  

​Հայկական բիզնեսն ապացուցում է՝ կարելի է սկսել նաև 10 հազար դրամով


  
դիտումներ: 7654

«Ես սկսեցի 2007 թվականին: Աբովյան փողոցում գտնվող հագուստի խանութներից մեկում, որ մեր հարևանինն էր, վաճառող էի աշխատում:

Դիմացի մայթին էլ հուշանվերների մի խանութ կար, որտեղ Armenia գրառմամբ շապիկներ էին վաճառում, ու մարդիկ անընդհատ գալիս էին մեր խանութ ու հարցնում, թե որտեղից կարող են շապիկ գնել: Ամեն անգամ ասում էի՝ դիմացի մայթից: Նկատեցի, որ հուշանվեր-շապիկների պահանջարկը շատ մեծ է: Մյուս հանգամանքն այն էր, որ շատ ցածր աշխատավարձով էի աշխատում, ես բարձրագույն կրթություն չունեմ, բանակից եկել էի և առաջին իսկ հարմար աշխատանքը դա էր… Հարևանս՝ խանութի տերը, գլխարկ էր դնում ու միշտ մոռանում էր խանութում: Հաճախորդներն էլ գալիս ու հարցնում էին՝ վաճառքի՞ է այդ գլխարկը, ասում էինք՝ ոչ, հարցնում էին՝ իսկ գլխարկ չունե՞ք… Ու մի օր խանութի տիրոջն ասացի, որ գլխարկ շատ են հարցնում, եթե թողնի՝ փորձեմ գլխարկ վաճառել: Նա համաձայնեց, ասաց, որ իրեն դրանից եկամուտ պետք չէ, ուղղակի կարող եմ վաճառել: Այդպես բերեցի նորմալ գլխարկներ, նորմալ վաճառք եղավ, հետո, երբ Armenia գրառմամբ կամ այլ հայկական սիմվոլիկայով գլխարկների պահանջարկն էլ կար, գլխարկների վրա սկսեցինք տպել համապատասխան սիմվոլիկան: Ու այդպես սկսվեց մեր բիզնեսը»,- «Անկախին» պատմեց «3 գույն» հուշանվերների արտադրության ու վաճառքի ընկերության հիմնադիր-տնօրեն Արթուր Մինասյանը:

Այդպես սկսեց աշխատել կրտսեր եղբոր հետ: Հիմա արդեն «3 գույն»-ում աշխատում են հիմնադիր Արթուր Մինասյանը, նրա 2 եղբայրները, կինը, հարսները, երկու ընկերները՝ 6-7 հոգի, տարիներ առաջ հիմնած փոքրիկ բիզնեսն էլ դարձել է ընտանեկան բիզնես՝ կայուն եկամտի աղբյուր ու արդեն ճանաչելի հուշանվերների ապրանքանիշ:

Սկսելիս, պատմում Մինասյանը, միայն մեկ գլխարկ կարող կար, նրա ծառայություններից էին օգտվում, բայց նաև գնում էին Չինաստանից բերված գլխարկներ ու վրան համապատասխան սիմոլիկան տպում, դարձնում հուշանվեր: «Հետո գնալով աճեցինք, ու ինձ համար դարձավ սկզբունքային, որ ես հնարավորինս կարողանամ այն, ինչը կարելի է ստանալ տեղում, այստեղ ստանանք: Որովհետև, գործի բերումով ծանոթացանք շատ լավ մարդկանց հետ, որոնց հետ համագործակցում ենք մինչ օրս, արդեն ընկերներ ենք դարձել, մի քանի ֆաբրիկաներ կան, որտեղ պատվիրում ենք մեզ անհրաժեշտ տարրերը: Քիչ-քիչ տպագրական սարքեր վերցրինք ապառիկով, վարկերով, ու հիմա արդեն ահագին ունենք: Հիմա հիմնական հուշանվերները հարսս ու կինս են պատրաստում»,- նշեց «3 գույնի» հիմնադիրը:

Ներկայումս ընկերությունը պատրաստում է գլխարկներ, շապիկներ, պայուսակներ, գրիչներ, կրծքանշաններ, կրակայրիչներ, կախազարդեր, դրոշակներ և այլն: Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցության շնորհիվ Արթուր Մինասյանին հաջողվել է նաև ազգային հավաքականի խաղերի ժամանակ մարզադաշտի տարածքում տաղավար ունենալ, որտեղ վաճառվում են նաև ֆուտբոլային թեմատիկայով հուշանվերներ, 2015 թվականի համահայկական խաղերի ժամանակ Հայաստանի թիմի մարզահագուստն են տրամադրել և այլն:

Իսկ ամեն ինչ սկսվեց գլխարկներից, երբ խանութի տնօրենը աշխատավարձից ավանսով 10 հազար դրամ գումար տվեց Արթուրին, որը նույնիսկ 10 գլխարկի չբավականացրեց, քանի որ յուրաքանչյուրի արժեքը 1100 դրամ էր: Արթուր Մինասյանը կարողացավ միայն 9 գլխարկ գնել ու իր բիզնեսի ուղին սկսեց հենց այդ 9 գլխարկներով: 2007 թվականին սկսեց այդ 10 հազար դրամից, իսկ 2015 թվականին արդեն «3 գույն» ընկերությունը տարեկան 30 միլիոն դրամի շրջանառություն ուներ:

Բայց այդ ամենին հասնելու համար, ընդգծում է Արթուր Մինսայանը, նյութականը գլխավոր նախապայմանը չի եղել: «ճիշտ է, հիմա մեզ մեծ վարկ է պետք, որպեսզի մեծացնենք մեր ծավալները, քանի որ ես մոտ 15-20 անգամ աճելու պոտենցիալ տեսնում եմ, պատկերացնում եմ, որ կարելի է շատ մեծ քայլերով առաջ գնալ, որը դեռ չի ստացվում: Բայց այս ամբողջ պատմության մեջ ֆինանսականը շատ ժամանակ մղվել է երկրորդ պլան: Եթե որպես բիզնես աշխատում ես մաքուր, ճիշտ ու արդյունավետ՝ հաջողության կհասնես»,- ասում է Արթուր Մինասյանը, իսկ ճիշտ աշխատելու առումով էլ, ըստ նրա, առաջին հերթին անունն է կարևոր: Անհնար է զարտուղի ճանապարհներով, խաբեությամբ ու արատավորված անունով հաջողության հասնել: Մինասյանի համար առաջնահերթ է եղել այդ ազնվությունը, ու համոզված է, որ հենց դրա շնորհիվ է կարողացել է հասնել որոշակի արդյունքների:

«Անկասկած կարևոր է աշխատասիրությունը, քրտնաջան աշխատանքը: Մի ժամանակ մեր պահեստ-արհեստանոցն այն շենքի տակ էր, որտեղ ապրում ենք, ես իջնում էի պահեստ ու աշխատում էի այնքան, որ շատ հաճախ հենց այդտեղ էլ քնում էի, քանի որ հոգնում էի, էլ ի վիճակի չէի լինում բարձրանալ տուն: Հետո, լույսը դեռ չբացված՝ առավոտյան ժամը 5-6-ին գալիս էինք «Վերնիսաժ» ու աշխատում: Այնտեղ առաջին եկողներից ու ամենավերջինը գնացողներից ենք եղել միշտ»,- նշում է ընկերության հիմնադիրը և հավելում՝ ամբողջ տարվա ընթացքում իրենք հանգստանում են միայն Նոր տարվա օրերին, իսկ տարվա ընթացքում հասցնում են հերթով գոնե մեկ անգամ հանգստանալ, բայց այնպես, որ գործը երբեք կանգ չառնի՝ անկախ արդյունքից, եղանակից և այլ հանգամանքներից:

Արթուր Մինասյան

Արթուր Մինասյանը բիզնեսում կարևորում է նաև ուրիշների կարծիքները լսելը, ինքը բոլորից ինչ-որ բան վերցնում է, ինչ-որ նոր բան սովորում է, առանց անընդմեջ կատարելագործվելու հաջողություն չի պատկերացնում: Եվ «3 գույնի» հիմնադրի կարծիքով՝ շատ է խանգարում դժգոհելը, մեղքը ուրիշի, հանգամանքների կամ երկրի վրա գցելը:

«Ես երբեք հույսս չեմ դրել մեկ ուրիշի վրա: Նահանջելու տեղ երբեք չեմ ունեցել, միշտ իմացել եմ, որ պետք է ամեն ջանք թափեմ, բայց առաջ շարժվեմ: Եթե ինչ-որ բան չի ստացվում՝ առաջինը քեզ պետք է մեղադրես, պատասխանատվություն ստանձնես, միշտ սովորես, զարգանաս, կրթվես: Ինչքան հնարավոր է՝ կարդում եմ, սեմինարների հաճախում եմ, ամեն տեղից եթե մի նոր գաղափար, միտք եմ վերցնում, նոր բան եմ սովորում՝ շատ ուրախ եմ լինում»,- խոստովանում է «3 գույնի» տնօրենը:

Իհարկե, ամեն ինչ հալած յուղի պես չի ընթացել, եղել են նաև անկումներ, վատ ժամանակներ: Նման դեպքերում պետք է համբերություն և գիտակցում, որ դա նույնպես անխուսափելի է: Ուղղակի անկումներից ու անհաջողություններից պետք է դասեր քաղել:

«Եթե, օրինակ, այսօր այսինչ սխալն արել եմ, որը ինձ համար արժեցել է այսքան գումար, այդ գումարն այն գինն է, որը ես այսօր վճարում եմ, որպեսզի վաղն այդ նույն սխալն ավելի մեծ քայլի դեպքում չանեմ ու ավելի մեծ բան չկորցնեմ»,- ասում է Արթուր Մինասյանը և ավելացնում՝ սխալներից պետք է կարողանալ հետևություններ անել, շտկել, որպեսզի կարողանաս առաջ գնալ:

Այսպիսով, հաջողության բանաձևը, ըստ «3 գույնի» փորձի, աշխատասիրությունն է, միշտ սովորելու, զարգանալու ձգտումը, ազնվությունը, համառությունը, չնահանջելն ու լավատեսությունը: Հատկապես լավատեսությունը, որն այսօր մեզ, Արթուր Մինասյանի դիտարկմամբ, շատ է պակասում: Լավատեսությունը օգնում է առաջ գնալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: