Հայերեն   English   Русский  

​Հանրաքվեով կսկսվի նոր Թուրքիայի կառուցումն արդեն ամրագրված հիմքերի վրա. թուրքագետ


  
դիտումներ: 1881

Թուրքիայի և եվրոպական մի շարք երկրների միջև լարված հարաբերությունների և հետագա հնարավոր զարգացումների մասին է «Անկախը» զրուցել թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ:

- Վարուժան, վերջին շրջանում Թուրքիայի ու եվրոպական երկրների հարաբերությունները լարված են: Գործը հասավ անգամ Նիդեռլանդների հետ դիվանագիտական հարաբերությունները խզելուն: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է ստեղծված իրավիճակի բուն պատճառը:

- Թուրքիայի և Նիդեռլանդների, ինչպես նաև Ավստրիայի և Գերմանիայի հետ հարաբերությունների լարվածության վերջին փուլն անմիջականորեն կապված է (և դրա մասին պարզ խոսում են), նրա հետ, որ թուրքական կողմի ներկայացուցիչներին, մասնավորապես` նախարարներին թույլ չեն տվել մասնակցել ապրիլի 16-ին կայանալիք Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի աջակցության ցույցերին այդ երկրներում: Սա առաջին հիմնավոր պատճառն է, որին շարտ սուր արձագանքեցին Թուրքիայից: Էրդողանը Գերմանիային անվանեց ոչ դեմոկրատական երկիր և համեմատեց նացիստական Գերմանիայի հետ, իսկ Ավստրիայի և Նիդեռլանդների հասցեին տարբեր մակարդակներում հնչեց շատ սուր քննադատություն, ինչպես նաև Թուրքիայի մի շարք քաղաքներում, մասնավորապես` Ստամբուլում և Իզմիրում, տեղի ունեցան բողոքի ցույցեր այս ամենի դեմ:

Միաժամանակ պետք է հասկանալ, որ սա ոչ թե եվրոպական երկրների պարզ քմահաճույք է, այլ ակնհայտ ուղերձ է Էրդողանին և իշխող քաղաքական էլիտային: Ուղերձը հետևյալն է. նախ կողմ չեն ավտորիտար ռեժիմին, որ հաստատվել է Թուրքիայում Էրդողանի և իր կուսակիցների կողմից, և սահմանադրության փոփոխությունն էլ դիտվում է այդ ավտորիտար ռեժիմն ամրապնդելու և միանձնյա իշխանությունը երկարացնելու գործիք:

Սա նաև կապված է եվրոպական երկրներում ազգայնական և աջակողմյան ուժերի ազդեցության մեծացման հետ: Վերջին տարիների ներգաղթով պայմանավորված՝ եվրոպական մի շարք երկրներում աջակողմյան, ազգայնական, որոշ դեպքերում հակաիսլամական ուժերի աճ կա, և նրանց սատարողների թիվը գնալով մեծանում է: Ուստի քաղաքական ուժերը սա օգտագործում են իրենց ընտրազանգվածին մոտիվացնելու համար:

Ամփոփելով՝ իրավիճակն առաջին հերթին կապված է թուրքական կողմի քաղաքական կողմնորոշման, ինչպես նաև եվրոպական երկրների ներքին քաղաքական հարցերի հետ:

- Իսկ տարաձայնություններն ինչքա՞ն կարող են խորանալ:

- Իրականում նման կանխատեսման հիմքում պետք է ընկած լինի այն հստակ պատկերացումը, որ Թուրքիան և ԵՄ երկրներն ունեն շատ ամուր տնտեսական հարաբերություններ, էլ չեմ խոսում միջազգային մակարդակով ռազմական հարաբերությունների մասին.՝ Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ:

Կան բավականին ամուր կապեր, սակայն քաղաքական հռետորաբանության մակարդակում հնչող մեղադրանքները, լարվածությունը կարող են վերաճել իրական առճակատման և հակասությունների, ինչը կհանգեցնի հարաբերությունների խզման և գուցե նույնիսկ թշնամանքի: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ անցյալ տարվանից Գերմանիայի հետ հարաբերությունները լարված են, բայց պարբերաբար վերաթարմացնում են և հարաբերությունները չեն խզում, որովհետև Թուրքիայում աշխատում է 6900 գերմանական ընկերություն:

Այսինքն, եթե շարունակվի առճակատումը, հնարավոր է, որ սա ազդի նաև ռազմական, քաղաքական և տնտեսական հարաբերությունների վրա: Սակայն այս պարագայում ես դա համարում եմ անհնար, քանի որ տնտեսական վատ վիճակն առաջին հերթին ձեռնտու չէ թուրքական ներկայիս իշխանություններին: Ինչքան էլ հայտարարեն Եվրոպայից անկախության մասին, ինչքան էլ ահաբեկեն եվրոպական քաղաքական վերնախավերին, այնուամենայնիվ շատ լավ հասկանում են, որ թուրքական տնտեսությունը մեծ կախվածության մեջ է Եվրոպայից:

- Ասվածից կարելի՞ է ենթադրել, որ ԵՄ դռները Թուրքիայի համար չեն փակվի և անդամակցության հարցը կմնա օրակարգում, չնայած ներկայում սառեցված է:

- Անդամակցության հարցն այս պահին քննարկելը լուրջ չէ երկու կողմի համար էլ: Այսքան փոխադարձ մեղադրանքներից, լարվածության այսչափ աճից հետո, որն ուղղակիորեն ազդում է երկու կողմերի հասարակությունների վրա, հնարավոր չէ պատկերացնել, որ այս պահին լուրջ քայլեր կիրականացվեն ԵՄ անդամակցության հարցում: Հատկապես թուրքական հասարակությունում բևեռացվածության մասին եմ խոսում. թուրքերի մեծ մասն այսօր այնքան էլ դրական չի նայում ԵՄ անդամակցության հարցին, ավելին, եթե նայենք սոցհարցումների արդյունքներին, կտեսնենք, որ թշնամանքի դրսևորումները եվրոպացիների ու քրիստոնյաների նկատմամբ նորից աճել են: Նույնը վերաբերում է նաև եվրոպական երկրների հասարակություններին, որոնք ներգաղթյալների մեծ հոսքից հետո կանգնած են երկընտրանքի առջև՝ թույլ տա՞լ, որ երկիրը շարունակի լցվել ներգաղթյալներով, այդ թվում նաև Թուրքիայից, թե՞ կանգնեցնել դա: Այս պահին դրանք ուժեղ խոչընդոտներ են ԵՄ-ի հետ բանակցությունները շարունակելու համար:

Օրինակ՝ Թուրքիան պարբերաբար ազդակներ է ուղարկում տարբեր մակարդակներով այն մասին, որ ՆԱՏՕ-ից հնարավոր է դուրս գա և միանա Շանհայյան համագործակցության կազմակերպությանը, սակայն իրականում ոչ մի քայլ տեղի չի ունենում: Դա շանտաժի նման մի բան է, որ հաճախ շատ հաջող օգտագործում են թուրք գործիչները: Նույնը և ԵՄ-ի հետ հարաբերությունների բացառման մասին:

- Ընտրություններից հետո հնարավո՞ր է, որ օրինակ` Նիդեռլանդների հետ հարաբերությունները վերականգնվեն:

- Ոչ թե կվերականգնվեն, այլ կգան այն մակարդակին, որը չի խանգարի առևտրատնտեսական հարաբերություններին, բայց նաև չի խանգարի երկու երկրների հռետորաբանությանը: Այս ամենը մնում է հռետորաբանության մակարդակում, լուրջ հակասությունների չի անցնում, և նման նախադրյալներ էլ չկան:

- Այս ամենին զուգահեռ՝ լավանում են ռուս-թուրքական հարաբերությունները: Որքանո՞վ է Ռուսաստանն այլընտրանք Եվրոպային Թուրքիայի համար: Եվ ռուս-թուրքական հարաբերությունների լավացումն ինչպե՞ս կարող է ազդել Հայաստանի վրա:

- Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը և սերտացումը կբնորոշեի որպես կարճ համագործակցություն: Այն պրակտիկ գործոնների վրա է հիմնված: Երկու երկրների և ժողովուրդների միջև որևէ քաղաքակրթական մերձեցում տեղի չի ունեցել, նման բան չկա, հիմքերն էլ չկային, միայն երկու երկրների բարձրագույն քաղաքական ղեկավարների մակարդակով փոխհամաձայնություն և համագործակցության ցանկություն կա, քանի որ դա բխում է երկու երկրների տնտեսական, քաղաքական և աշխարհաքաղաքական շահերից: Նրանց միությունը կարելի է անվանել մերժվածների ակումբ: Այդ ակումբում, փաստորեն, համախմբվում են այն երկրները, որոնք խնդիր ունեն Արևմուտքի հետ: Նրանց մնում է միայն միավորվել՝ վստահ լինելով, որ ակումբի անդամներից ոչ մեկը մյուս կողմի ներքին գործերին չի միջամտի:

Օրինակ՝ ռուսական կողմը որևէ կերպ չի արձագանքել այն հանգամանքին, որ Թուրքիայում այս պահին բանտարկված է 130-ից ավելի լրագրող, մինչդեռ եվրոպական երկրների գործիչները պարբերաբար թմբկահարում են այս խնդիրը:

Իմ կարծիքով՝ այս համագործակցությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան դա բխում է երկու երկրների տնտեսական շահերից և չի հակասում այլ՝ ավելի շահավետ գործարքների մեջ մտնելուն: Եթե վաղը հնարավորություն ստեղծվի ավելի շահավետ կերպով համագործակցելու Չինաստանի հետ ի հակադրություն Ռուսաստանի, ապա Թուրքիան հաստատ կկողմնորոշվի դեպի Չինաստանը:

Սրա ականատեսն ենք եղել նաև պատմության տարբեր շրջափուլերում: Օրինակ, երբ հիմնվում էր Թուրքիայի Հանրապետությունը, քեմալական ուժերն առաջին հերթին համագործակցեցին Սովետական Միության հետ, որն առաջինը ճանաչեց այդ երկրի շահերը: Մինչդեռ մի քանի տարի անց Թուրքիան լրիվ կտրվեց Սովետական Միությունից և ավելին, դարձավ հակասովետական ճամբարի անդամ:

Մեզ համար ավելի բարդ է, երբ մեր ռազմավարական գործընկերը համագործակցում է մի երկրի հետ, որը գոնե անուղղակի թշնամանքի մեջ է գտնվում մեզ հետ: Սա մեզ թույլ է տալիս անել մի եզրակացություն: Նախ՝ պետք է ակտիվ շարունակել ամրապնդել հարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ կարևոր քաղաքական ուժ ներկայացնող պետությունների հետ, և երկրորդ՝ պետք է հասկանալ, որ քաղաքական շահերը շարունակում են մնալ գերակա ցանկացած միջազգային հարաբերությունների մեջ, պետք է աչալուրջ լինել ու ցանկացած հաշվարկ կատարելիս լինել զգուշավոր՝ հաշվի առնելով, որ որևէ երկիր, որի հետ համագործակցում է Հայաստանը, կարող է փոխել իր որոշումները՝ ելնելով այդ պահին իր ռազմատնտեսական շահերից:

- Ձեր կանխատեսմամբ՝ ապրիլի 16-ի հանրաքվեն ի՞նչ արդյունք կունենա: Եվ ի՞նչ Թուրքիա կլինի դրանից հետո, փոփոխություններ տեղի կունենա՞ն, թե՞ ընդամենը կամրագրվի այն, ինչ այսօր փաստացի կա:

- Կարծում եմ, որ հանրաքվեի արդյունքը կլինի դրական, «այո» ասողների թիվը մեծ է լինելու: Այս պահին դրա համար թուրքական իշխանությունները չեն խորշում որևէ միջոցի դիմելուց:

Հանրաքվեով փաստորեն ամրագրվելու է այն, ինչ այս պահին կա, բայց միևնույն ժամանակ սկսվելու է լրիվ նոր Թուրքիայի կառուցումն արդեն ամրագրված հիմքերի վրա: Հնարավոր է, որ առաջիկայում գործ ունենանք շատ ավելի ավտորիտար, շատ ավելի բևեռացված հասարակությամբ և մեկ անձի որոշումներից կախված արտաքին քաղաքականություն ունեցող պետության հետ, որտեղ հնարավոր է իսլամական գործոնի կտրուկ աճ: Սա է առաջիկա տարիների Թուրքիայի տեսլականը, քանի դեռ առողջ է Էրդողանը և ամուր է նրա քաղաքական հենքը:

- Իսկ նոր Թուրքիան որքանո՞վ է ձեռնտու Եվրոպային: Ինչո՞ւ նրանք քայլեր չեն ձեռնարկում նոր Թուրքիայի ստեղծումը կանխելու համար:

- Դժվար է ասել՝ քայլեր ձեռնարկվում են, թե ոչ և արդյոք հնարավո՞ր է լուրջ քայլեր անել: Միանշանակ է, որ Թուրքիայում հասարակության կեսն աջակցում է անձամբ Էրդողանին, ոչ թե նրա կուսակցությանը: Երկրորդ՝ Թուրքիան, ինչքան էլ կախված է այլ երկրներից, շարունակում է մնալ բավականին ինքնուրույն երկիր իր ներքին հարցերում: Այս երկու հանգամանքների պարագայում շատ դժվար է լուրջ միջամտություն ունենալ այդ երկրի ներքին գործերին: Բացի այդ, Թուրքիայում ամուր քաղաքական ընդդիմադիր որևէ ուժ կամ գործոն չկա, որին սատարելով՝ հնարավոր լիներ միջամտել Էրդողանի սրընթաց ընթացքին դեպի միանձնյա իշխանություն: Եվ վերջապես, հիմնավոր կասկածներ կան առ այն, որ Արևմուտքն այնուամենայնիվ փորձել է մի անգամ կանգնեցնել Էրդողանին իր այս ճանապարհից, երբ անցած տարի տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման փորձը: Եթե դա ընդունենք որպես հնարավոր հիպոթեզ, կարելի է ասել, որ մի անգամ արդեն փորձ եղել է, որն անհաջողության է մատնվել: Իսկ դա միջամտելու ամենալուրջ և հիմնավոր ձևն էր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: