Հայերեն   English   Русский  

​Առողջապահությունը՝ ԱԺ մտնելու համար պայքարող քաղաքական ուժերի ծրագրերում


  
դիտումներ: 1020

Կարևոր հանգամանք է նաև այն, որ շատերը խոստանում են ոլորտի ֆինանսավորման ավելացում, բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացում, դեղերի գների նվազում, պետական պատվերի ընդլայնում՝ չհստակեցնելով, թե ինչ միջոցների հաշվին:

Ամփոփելով ընտրություններին մասնակցող ութ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը (Կոմունիստական կուսակցության ծրագիրը դեռևս համացանցում հասանելի չէ)՝ կարող ենք ասել, որ մի քանի դրույթներ առկա են գրեթե բոլորի ծրագրերում: Այսպես, հիմնական կրկնվող դրույթը պետպատվերի համակարգի վերանայումն է և անցումը սերթիֆիկացված համակարգին, երբ պետպատվերի գումարը ստանում է ոչ թե բուժհաստատությունը, այլ քաղաքացին՝ ընտրելով, թե այդ գումարով որ բուժհաստատություն դիմի և որի առողջապահական ծառայություններից օգտվի:

Երկրորդ կրկնվող դրույթը, որ կարմիր թելով անցնում է բոլորի նախընտրական ծրագրում, առողջապահության ապահովագրության համակարգի ներդրումն է: Որոշ քաղաքական ուժեր խոստանում են գործընթացն աստիճանաբար իրականացնել, ոմանք պարզապես հայտարարում են, որ ներդնելու են առողջապահության ապահովագրության պարտադիր համակարգ և այլն:

Այժմ քաղաքական ուժերի` առողջապահության ոլորտի տեսլականին անդրադառնանք առանձին-առանձին:

Իշխող Հանրապետական կուսակցությունն առողջապահության ոլորտում իր նպատակն այսպես է սահմանում. «Ներկայում գործող բարձր ստվերայնությամբ, ոչ շուկայական մեխանիզմներով իրականացվող գնման համակարգից անցում նպատակայնության, հատկացվող ֆինանսական միջոցների վերահսկման և որակի կառավարման գործուն մեխանիզմների վրա հիմնված առողջապահական համակարգի ձևավորում»:

Նպատակն իրագործելու համար ՀՀԿ-ն խոստանում է օրենսդրական փոփոխություններ իրականացնել, անվճար բուժօգնության շահառուներին որոշելու հիմքում ունենալ անապահովության հանգամանքը և սոցիալական արդարության սկզբունքը: Սպասվող քայլերից են նաև ամբուլատոր հաստատություններում առկա թերությունների վերացմանն ուղղված ծրագրերը, եվրոպական ու ամերիկյան բժշկական ասոցիացիաների փորձի տեղայնացումը և այլն:

Իսկ ահա ՀՅԴ-ն հռչակում է, որ աշխատող մարդիկ պետք է կարողանան իրացնել առողջապահական ծառայություններից օգտվելու իրենց իրավունքը: ՀՅԴ-ն նաև խոստանում է ստեղծել առողջապահական ապահովագրության այնպիսի համակարգ, որ որևէ քաղաքացի զուրկ չլինի բուժում ստանալու հնարավորությունից: «Որևէ մեկը չպետք է տառապի կամ մահանա, քանի որ դեղի կամ բժշկի փող չունի»,- ասված է կուսակցության նախընտրական ծրագրում: ՀՅԴ-ն աչքաթող չի արել նաև ոլորտի աշխատակիցներին՝ խոստանալով նրանց ընդգրկել սոցիալական փաթեթից օգտվողների ցանկում:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը, բացի պետպատվերի հավաստագրումից, խոստանում է նաև բարձրացնել ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը և իրականացնել ինդեքսավորում, իսկ երկրում մեծ տարածում ունեցող հիվանդությունների բուժման համար պետական աջակցության մեխանիզմ ներդնել:

«Ծառուկյան» դաշինքը խոստանում է բացառել անարդարությունը և հիվանդների իրավունքների ոտնահարումն առողջապահական հիմնարկներում: Դաշինքը նախատեսում է նաև, արտոնյալ և գրավիչ պայմաններ սահմանելով, լրացնել մասնագետների բացը մարզերում և հատկապես սահմանամերձ բնակավայրերում, արգելել անորակ դեղերի ներմուծումը և բացառել դեղերի բարձր գների մենաշնորհային դրսևորումները:

«Ելք» դաշինքի ծրագրում մի քանի առանձնացող դրույթներ կան: Դրանցից է օրինակ՝ քաղաքացիների առողջության վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծումը՝ ռիսկային խմբերը ճշտելու և հիվանդությունների զարգացումը կանխելու նպատակով: «Ելքը» խոստանում է նաև 5 տարվա ընթացքում կրկնապատկել առողջապահությանը հատկացվող բյուջետային միջոցները, դեղերի արտադրությունը և վաճառքն ազատել ԱԱՀ-ից, իսկ 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կրկնապատկել: Դաշինքի՝ մյուս քաղաքական ուժերի մոտ չհանդիպող դրույթներից է ծննդատներում հոգեբանի ինստիտուտի ներդրումը՝ կանխելու առողջական խնդիրներով նորածինների տեղափոխումը հատուկ հաստատություններ:

«Ազատ դեմոկրատները» խոստանում է 0.5 տոկոսով մեծացնել առողջապահության ոլորտի բյուջետային ֆինանսավորումը, իսկ ոլորտի ընդհանուր ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 5-5.5 տոկոսի: Առաջարկվում է նաև պետպատվերի համավճարի ձևով իրացում: Այս քաղաքական ուժը վստահ է՝ համավճարի կիրառումը, այն է՝ քաղաքացու որոշակի ներդրումը պետպատվերի ծառայությունում, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, նաև կաճի առողջապահության ֆինանսական արդյունավետությունը: Այս կուսակցությունը նախատեսում է նաև առողջապահության ոլորտում պետական պատվերի մրցույթի տեղաբաշխում իրականացնել՝ պետպատվերով քաղաքացիներին սպասարկելու իրավունք տալով միայն մրցույթում հաղթած կազմակերպություններին:

Իսկ ահա ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը խոստանում է առողջապահության ոլորտի բյուջետային ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 3 տոկոսի: Խոստումներից է նաև պարտադիր ընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը ևս կարևորում է օրենսդրական դաշտի կատարելագործումը և բյուջետային քաղաքականության վերանայումը: Այս քաղաքական ուժը խոստանում է կիրառել պարտադիր և կամավոր բժշկական ապահովագրության համակարգը, բարձրացնել պոլիկլինիկաների և շտապօգնության աշխատակիցների աշխատավարձերը և 40 տարին լրացած բոլոր քաղաքացիներին տարին գոնե մեկ անգամ բուժհետազոտության հնարավորություն ընձեռել: Դաշինքը կարևորում է նաև առողջ ապրելակերպի քարոզը և մարզաձևերի զարգացումը քաղաքային և գյուղական համայնքներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: