Հայերեն   English   Русский  

​Մենք հստակ ախտորոշել ենք խնդիրները և մեր ծրագրում նշել դրանց լուծման ուղիները. Արփինե Հովհաննիսյան


  
դիտումներ: 1337

«Անկախի» զրուցակիցն է ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ նախընտրական համապետական ցուցակի 3-րդ համարով առաջադրված թեկնածու Արփինե Հովհաննիսյանը:

- Տիկի՛ն Հովհաննիսյան, նախ սրտանց և լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում ենք Ձեզ կանանց միամսյակի կապակցությամբ: Կին նախարարի, թեկնածուի և կուսակցական ցուցակի առաջատարի համար դժվար չէ՞ ծանր աշխատանք ենթադրող քարոզչության փուլը:

- Շնորհակալ եմ շնորհավորելու համար: Նախ ասեմ, որ ցանկացած աշխատանք ենթադրում է նաև որոշակի ծանրության տակ մտնել: Ինչ վերաբերում է քարոզարշավի ամբողջ ծանրությունը տանելուն, ապա պետք է նշեմ, որ քարոզարշավն առաջնորդում է վարչապետ Կարեն Կարապետյանը, և եթե Ձեր բառերով փորձեմ ձևակերպել, ծանրության հիմնական մասն առաջ է տանում հենց վարչապետը` մեր թիմի բոլոր անդամների գործուն մասնակցությամբ:

- ՀՀԿ-ն բավականին ակտիվ է սկսել քարոզչական փուլը և նոր դեմքերով, գոնե համապետական ցուցակի առաջին տասնյակի առումով: Սա ուղե՞րձ է, և եթե այո, ապա ի՞նչ եք փորձում հաղորդել այս ձևաչափով հանդես գալով:

- Սերնդափոխությունը բնական և անհրաժեշտ գործընթաց է ամենուր, այդ թվում` քաղաքականության մեջ: Իսկ մեր ուղերձը հետևյալն է` եկել է փոխվելու ու փոխելու ժամանակը:

- Նախընտրական փուլից ոչ շատ առաջ մի շարք կարկառուն գործիչներ լքեցին թիմը, ոմանք էլ չեզոքություն դրսևորեցին, դա չի՞ թուլացնում ՀՀԿ-ի դիրքերը:

- Քաղաքականությունը ստատիկ չէ, այն մշտական շարժի մեջ է, և Ձեր նշած գործընթացները հատուկ են բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում` ՀՀԿ-ին: Իսկ այդ գործընթացների ազդեցությունը կուսակցության դիրքերի վրա ցույց կտա ապրիլի 2-ը:

- Տարբեր հարցումներով առաջատարն այլ ուժ է. դա չի՞ անհանգստացնում Ձեր թիմին:

- Մենք ոչ թե անհանգստանում ենք, այլ աշխատում ենք և ներկայացնում մեր իրատեսական ծրագրերը, իսկ Ձեր նշած գործընթացները գործիքներ են չափելու համար այս կամ այն քաղաքական ուժի կշիռն ու ազդեցությունը տվյալ պահին, սակայն վերջնական և ճշգրիտ գնահատականը տալիս է ժողովուրդն իր քվեով:

- Այս ընտրություններում գաղափարական, ծրագրային բաղադրիչը կարծես մղվել է երկրորդ պլան, Ձեր կարծիքով` ո՞րն է դրա պատճառը:

- Մյուս ուժերի համար պատասխանել չեմ կարող, բայց համաձայն չեմ, որ Հանրապետականը գաղափարական ու ծրագրային բաղադրիչը երկրորդ պլան է մղել, որովհետև, եթե ուշադիր եք եղել, նախընտրական քարոզչության ընթացքում մենք մեր ելույթները կառուցում ենք գաղափարախոսության և ծրագրի վրա, ոչ թե ասում այն, ինչն ականջահաճո է: ՀՀԿ ծրագիրը համալիր փաստաթուղթ է, որը ներառում է ոչ միայն ՀՀԿ գաղափարախոսության հիմնադրույթները, այլև նախանշում է մեր գործողություններն ու դրանց իրականացման հաջորդականությունը:

- ՀՀԿ ծրագիրն ավելի շատ ուղերձներ ու շարադրություն է հիշեցնում, քան ծրագիր. չկան հստակ թվեր, հստակ միջոցների ու ժամկետների սահմանում, հաշվելի ու չափելի արդյունքների ամրագրում և այլն: Երկրի թիվ մեկ քաղաքական ուժը, այդքան միջոցներով, նյութական ու մարդկային ռեսուրսներով հանդերձ, ինչո՞ւ այդպիսի ծրագիր ներկայացրեց:

- Ձեր հարցին ուզում եմ հարցով պատասխանել. այլ կուսակցությունների ու դաշինքների ծրագրերում հաշվելի ու չափելի արդյունքներ տեսե՞լ եք:

Ինչ վերաբերում է ՀՀԿ ծրագրին, ապա նորից պիտի չհամաձայնեմ Ձեր դիտարկմանը. ժամկետի առումով տրամաբանական է, որ ծրագրի կատարումը պետք է ապահովվի մինչև հաջորդ ընտրություններ, բացի դրանից, կան կառավարության կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, որտեղ ևս հստակ ժամկետներով ու գործողություններով նշված են մեր անելիքները: Մենք հստակ ախտորոշել ենք խնդիրները և մեր ծրագրում նշել դրանց լուծման ուղիները: Ընդամենը մեկ օրինակ նշեմ: Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ համակարգի կայացման համար հստակ նշել ենք մեր քայլերի հաջորդականությունը` բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելու կամ կեղծ հայտարարագիր ներկայացնելու դեպքում վարչական կամ քրեական պատասխանատվություն, ապօրինի հարստացման հանցակազմի կիրառման ապահովում, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, այդ թվում` կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների վերանայման միջոցով, հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ մարմինների հանրային հաշվետվողականության մեխանիզմների կատարելագործում և ազդարարների պաշտպանության և շահերի բախման դեպքերի կանխարգելման գործուն համակարգի ներդրում:

- Նոր ընտրական օրենսգիրքը, շատերի պնդմամբ, խառնող, բոլորին իրար դեմ հանող, թշնամացնող և անգամ ներկուսակցական մրցակցությունը վայրի դրսևորումների միջավայր տեղափոխող է: Դուք ինչպե՞ս եք գնահատում այն նախ որպես իրավաբան, հետո որպես քաղաքական ու կուսակցական գործիչ:

- Առհասարակ ինչ-որ առումով բնական է, որ ընտրական նոր օրենսգրքի կարգավորումները պետք է մրցակցության հող ստեղծեին: Եթե նախկին մեծամասնական ընտրակարգում կուսակցությունն էր որոշում, թե այս կամ այն տարածքում ով է համարվելու կուսակցության դեմքը` առաջադրելով և պաշտպանելով մեկ թեկնածուի, ապա այս դեպքում կուսակցությունն ընդամենը հնարավորություն է տալիս այն բոլոր թեկնածուներին, որոնք այս կամ այն կերպ համարում են, որ իրենք վայելում են ժողովրդի վստահությունը: Եվ ժողովուրդն այդ բնական մրցակցությանն իր գնահատականը, քվեն տալու միջոցով որոշում է, թե ով է այդ կուսակցության տվյալ տարածքի դեմքը: Բոլորովին այլ հարց է, որ խորհրդարանական այսպիսի ձևաչափով ընտրությունների անցկացման անցյալի բացակայության պատճառով շատերն այդ մրցակցությունը անձնական տիրույթ են տեղափոխում և հանգեցնում միջանձնային հարաբերությունների սրման: Բայց ուզում եմ վստահեցնել, որ մենք ժողովրդավարություն կառուցելու այլ ճանապարհ չունենք, քան այդ ժողովրդավարական մեխանիզմների միջոցով կուսակցության դերն ու դեմքը որոշելը:

- Արդեն հակասությունների, թեժ միջադեպերի բազմաթիվ դրսևորումներ եղան: Արդյոք դա մտահոգիչ չէ՞ և ցուցիչ չէ՞, որ նոր ընտրակարգում ինչ-որ բան այն չէ:

- Նման միջադեպերը ես անթույլատրելի եմ համարում: Իրականում, յուրաքանչյուր այդպիսի դեպք անցանկալի է առաջին հերթին իշխանության համար, որովհետև այսպես թե այնպես, միտումնավոր թե առանց միտումի, բոլոր սլաքներն ուղղվում են դեպի իշխանություն: Եվ, բնականաբար, այն իշխանությունը, որն արել է առավելագույնը, ջանքեր է գործադրել ընտրական ամբողջ օրենսգրքի մշակման գործընթացում, չի կարող նման միջադեպերին դրական վերաբերվել: Ես էլ, բնականաբար, բացասաբար եմ վերաբերվում ու կարծում եմ, որ այսպիսի երևույթները պիտի շատ կոշտ գնահատականի արժանանան, որպեսզի այդ արձագանքը սթափեցնի բոլորին և հասկանան, որ սա մրցապայքար է, որտեղ այդպիսի քայլերով և այդպիսի իրավիճակով երբևէ որևէ մեկը հաջողության չի հասնելու: Մարդիկ պետք է լինեն ավելի զուսպ և իրենց անձնական բնույթի հարաբերությունները կամ հաշվեհարդարը չտեղափոխեն քաղաքական հարթություն: Հուսով եմ, որ այդպիսի դեպքերն այլևս չեն կրկնվի և մարդիկ կկարողանան ընտրություններն ընկալել որպես մրցակցություն և ոչ թե անձնական հաշվեհարդարի թատերաբեմ: Իսկ այդ միջադեպերը կապել ընտրական նոր օրենսգրքի հետ, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ:

- Ինչպե՞ս եք վերաբերվում ընտրակաշառքներին:

- Իհարկե, վերաբերմունքս բացասական է: Մենք այս առումով ցուցաբերել ենք քաղաքական կամք` ընտրական օրենսգրքում ներդնելով մեխանիզմ, որ եթե նույնիսկ 3 օր հետո կաշառք վերցնողը ներկայանա իրավապահ մարմիններին և հայտնի ընտրակաշառքի դեպքի մասին, ապա նա կազատվի քրեական պատասխանատվությունից: Հաջորդը քայլը, որ ըստ իս առավել կարևոր է, բացառել ենք ընտրողի քվեարկությունը վերահսկելու հնարավորությունը: Անիմաստ է ընտրակաշառք բաժանելը, որովհետև երբ չես կարող վերահսկել ընտրողի քվեն, ապա ընտրակաշառքն անհույս բարեգործության կարող է նմանվել:

- Ձեր կարծիքով` ներկայումս Հայաստանում արդար ընտրություններ անցկացնելու համար ի՞նչ նախադրյալներ ունենք, և ինչպե՞ս կդրսևորվեն ընտրությունները:

- Արդար ընտրություն անցկացնելու ամենակարևոր նախադրյալներից մեկն ընդդիմադիր քաղաքական ուժերի և քաղհասարակության հետ կոնսենսուսի արդյունքում ընդունված ընտրական օրենսգիրքն է: Մեր նպատակը մեկն է` անցկացնել ազատ, թափանցիկ և արդար, օրենքի տառին և ոգուն համապատասխանող ընտրություններ, որն ընդունելի լինի բոլորիս համար` անկախ նրանից, թե ով քանի քվե կստանա: Համոզված եմ` այդ նպատակն ունեն ընտրություններին մասնակցող մյուս կուսակցություններն ու դաշինքները ևս:

- Արդեն բազմաթիվ մարզային այցելություններ, ընտրողների հետ հանդիպումներ եք ունեցել, ի՞նչ տպավորություններ ունեք, ի՞նչ ակնկալիքներ ունի ձեզնից՝ որպես իշխանությունից, շարքային քաղաքացին: Քաղաքացիների մոտ դժգոհության մեծ ալիք կա, ինչպես նաև անվստահություն. դա հաղթահարելի համարո՞ւմ եք:

- Նախորդ մեկ շաբաթը գերհագեցած էր: Ինձ համար նախընտրական քարոզարշավը կարևորվում է ոչ թե որպես ընտրական գործընթացի մի մաս, այլ ես այն դիտում եմ որպես ևս մեկ հնարավորություն` մեր քաղաքացիների հետ երկխոսելու, նրանց խնդիրների մասին իրենցից լսելու, նրանց մեր ծրագրերը ներկայացնելու և իրենց բարձրաձայնած խնդիրների լուծման համար քայլեր ձեռնարկելու համար: Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ քարոզարշավն ինձ համար շատ տպավորիչ է, քանի որ այս ընթացքում ևս մեկ անգամ համոզվում եմ, թե որքան ներուժ ու պայծառ երիտասարդություն ունենք այսօր:

- ՀՀԿ-ն պատրա՞ստ է իշխանությունը կիսել այլ ուժերի հետ, և եթե առաջանա կոալիցիաներ կազմելու խնդիր, ո՞ր ուժերի հետ կուզեք համագործակցել կամ որո՞նց հետ համագործակցությունն եք ավելի հավանական համարում:

- Ընդհանուր առմամբ ՀՀԿ-ն երբեք համագործակցելու գաղափարին դեմ չի եղել, բայց հորդորում եմ սպասել. հետընտրական բոլոր քաղաքական գործընթացները պարզ և տեսանելի կլինեն միայն ապրիլի 2-ից հետո:

- Որտե՞ղ եք պատկերացնում Ձեր գործունեությունը, գործադիրո՞ւմ, թե օրենսդիրո՞ւմ, և ո՞րն է լինելու Ձեր հիմնական առաքելությունն առաջիկա 5 տարիներին:

- Այս առնչությամբ բազմիցս հայտնել եմ տեսակետս: Մեր քաղաքական թիմը իշխանության որ ճյուղն էլ որոշի, այնտեղ էլ կծավալեմ իմ գործունեությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: