Հայերեն   English   Русский  

​Ընտրական իրավունք


  
դիտումներ: 5226

Ինչպես գիտենք, ապրիլի 2-ին Հայաստանում համապետական ընտրություններ են: Այս ընտրությունն առանձնանում է նրանով, որ այն առաջին հանրապետական ընտրությունն է սահմանադրական փոփոխություններից և նոր ընտրական օրենսգրքի ընդունումից հետո: Նոր ընտրական օրենսգրքի ընդունումն ուղեկցվեց բազմաթիվ քննարկումներով, կարևոր ու հետաքրքիր հարցադրումներով և արդյունքում ընդունվեց բավականին խրթին, նախորդից էապես տարբերվող, բազմաթիվ նորամուծություններով հարուստ ընտրական օրենսգիրք:

Այս համարում առավելապես կխոսենք սահմանադրաիրավական հիմունքների կամ այն սկզբունքների մասին, որոնք ընկած են ընտրական իրավունքի հիմքում:

Ընտրական իրավունքն ավանդաբար բաժանվում է երկու մասի՝ ակտիվ ընտրական իրավունք և պասիվ ընտրական իրավունք: Առաջինը քաղաքացիների ընտրելու իրավունքն է, երկրորդը՝ ընտրվելու: Ընտրական իրավունքն իրացնելու համար ՀՀ սահմանադրությամբ ամրագրվել են տարիքային ցենզեր, ակտիվ ընտրական իրավունքի համար սահմանվել է 18 տարեկանի շեմը, իսկ օրինակ՝ ԱԺ պատգամավոր ընտրվելու դեպքում՝ 25 տարեկանը: Ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունքից զրկված են դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:

ՀՀ սահմանադրության 7-րդ հոդվածով ամրագրվել են Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունների, ինչպես նաև հանրաքվեների անցկացման սկզբունքները՝ հիմունքները: Այսպես, դրանք անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:

Ընդհանուր ընտրական իրավունք: Սա ենթադրում է օրենքով սահմանված տարիքին հասած և եթե ընտրությունները տեղական ինքնակառավարման մարմնի համար են, ապա համապատասխան համայնքում որոշակի ժամանակ հաշվառված բոլոր քաղաքացիների ընտրություններին մասնակցելու իրավունքը:

Հավասար ընտրական իրավունք: Համաձայն այս սկզբունքի՝ ընտրողներն ընտրություններին մասնակցում են հավասար հիմունքներով: Բացի այդ, հանրային իշխանությունները պարտավոր են հավասար պայմաններ ապահովել ընտրողների (անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից և այլն) ընտրական իրավունքի իրականացման համար:

Ազատ ընտրական իրավունքը ենթադրում է, որ ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին քվեարկել որևէ թեկնածուի (կուսակցության) օգտին կամ դեմ, ինչպես նաև հարկադրելու ընտրողին մասնակցել կամ չմասնակցել ընտրություններին:

Ուղղակի ընտրական իրավունքի համաձայն՝ Ազգային ժողովը, տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ Երևան, Գյումրի, Վանաձոր համայնքների ղեկավարների, ընտրվում են անմիջականորեն՝ ընտրողների կողմից:

Քվեարկության գաղտնիությունը ենթադրում է ընտրողի՝ սեփական քվեարկությունը գաղտնի պահելու իրավունքը, ինչպես նաև այլոց պարտականությունը՝ հարգելու ընտրողի այդ իրավունքը: Ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է: Օրինակ՝ քվեարկության գործընթացի տեսանկարահանումն իրականացվում է անշարժ տեսախցիկների միջոցով և այնպես, որ չխախտվի բուն քվեարկության գաղտնիությունը:

Շարունակելի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: