Հայերեն   English   Русский  

​ՊԱՀԼԱՎՈՒՆԻՆԵՐ


  
դիտումներ: 6285

Պահլավունիների իշխանանիստ Բջնիի ամրոցը

Հայոց քաղաքական և հոգևոր-մշակութային պատմության մեջ, Բագրատունիների թագավորության շրջանում, նշանակալի դեր է ունեցել Պահլավունիների իշխանական տոհմը: Պահլավունիները սերում են VIII դարում Հայաստանից տարագրված Կամսարականների զորեղ տոհմից:

X դարում Արտակ Կամսարականն իր որդի Ապումաղրի հետ վերադառնում է Հայաստան և հայոց Բագրատունի արքաներից իրավունք ստանում հաստատվելու երկրում՝ առանց նախկին արտոնությունների և կալվածքների նկատմամբ հավակնությունների: Սակայն Կամսարականներն իրենց գործունեությունը Հայաստանում վերսկսեցին արդեն նոր տոհմանունով՝ որպես Պահլավունի, քանզի սերում էին պարթևական Պահլավի տոհմից:

Պահլավունիները սկզբում հաստատվում են քաղաքամայր Անիում: Այստեղ Ապումաղրի որդի Գրիգոր Համզա Պահլավունին կառուցում է Սուրբ Գրիգոր եկեղեցին: Նա և իր կինը՝ իշխանուհի Շուշանիկը, հայտնի էին բարեգործություններով և շինարարական բեղուն գործունեությամբ, ինչը վկայում է, որ Պահլավունիները, այնուամենայնիվ, հարուստ էին և ամուր սոցիալական հենարան ունեին:

Շուշանիկ իշխանուհին իր ամուսնուն բազում զավակներ պարգևեց՝ Հոլոմ-Վասակ, Վահրամ, Ապլղարիբ, Տիգրան, Գրիգոր-Համզե-Մանուկ և Սեդա: Նրանցից հայոց պատմության մեջ մեծ դերակատարություն ունեցան հատկապես Հոլոմ Վասակն ու Վահրամը: Հոլոմ Վասակ Պահլավունին հայոց զորքերի սպարապետն էր, իսկ Վահրամ Պահլավունին՝ երկրի իշխանաց իշխանը, Ապլղարիբը՝ հայոց մարզպանը: Այդ ժամանակներից սկսվեց Պահլավունիների տոհմի վերելքը, և կարճ ժամանակ անց նրանք իրենց ձեռքում կենտրոնացրին Հայաստանի ռազմաքաղաքական, ապա և հոգևոր իշխանությունը:

XI դարում երկրի կյանքում մեծ դերակատարություն ունեին նաև Վահրամ Պահլավունու որդիները՝ Սմբատը, Ապումաղրը և Գրիգորը: Նրանք աչքի ընկան ոչ միայն շինարարական, այլև ռազմի գործում: Իսկ Հոլոմ-Վասակի որդի Գրիգոր Մագիստրոսը մեծ համբավ ուներ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, ոչ միայն որպես վարչական և ռազմական գործիչ, այլև գիտնական, պատմիչ, իմաստասեր, ուսուցիչ:

1021 թ. Սերկևիլի ճակատամարտում Հոլոմ-Վասակ Պահլավունին ջախջախեց սելջուկյան զորքերին, բայց ինքն էլ զոհվեց հայ թոնդրակեցիների դավադրության հետևանքով: Վահրամ Պահլավունի իշխանաց իշխանը ստանձնեց հայոց զորքերի սպարապետության պաշտոնը, իսկ Գրիգոր Մագիստրոսը՝ երկրի իշխանաց իշխանի:

Վահրամ Պահլավունին քաջ ու հայրենանվեր զորական էր: Նա բազմիցս ջախջախեց Հայաստանին սպառնացող բյուզանդական բանակները: Նա աչքի ընկավ նաև եկեղեցաշինությամբ: Զոհվել է իր որդու հետ 1047 թ., բյուզանդական զորքերի կազմում, Դվինի ամիրայի դեմ մղվող ճակատամարտում:

Գրիգոր Մագիստրոսը վարչական ու ռազմական ասպարեզներից առավել աչքի ընկավ գիտության բնագավառում: Նրա շնորհիվ XI դարում Հայաստանում բացվեցին աշխարհիկ բարձրագույն դպրոցներ, ինքն էլ դասավանդում էր Հաղբատի, Սանահինի համալսարաններում:

Ռազմի ասպարեզում Գրիգոր Մագիստրոսն իրեն փառավորեց 1042 թ.՝ Բջնիի ճակատամարտում ջախջախելով դելմիկների հրոսակախմբերը: Հետագայում նա դաժանորեն՝ անմարդկային մեթոդներով ճնշեց թոնդրակեցիների կենտրոնները՝ բնաջինջ անելով տասնյակհազարավորների:

Հանուն արդարության պետք է նշել, որ Գրիգոր Մագիստրոսը Բագրատունիների հայոց թագավորության հիմքերը խարխլողներից մեկը եղավ: Նա հովանավորում էր դավաճան Պետրոս Գետադարձ կաթողիկոսին: Երբ Հովհաննես-Սմբատ Գ արքան դավաճան կաթողիկոսին կալանավորեց, նրան իր Բջնիի ամրոցում արքայավայել հյուրընկալեց Մագիստրոսը: Մյուս դավաճանը՝ Վեստ Սարգիս իշխանը, Գրիգոր Մագիստրոսի փեսան էր և դարձյալ վայելում էր նրա հովանավորությունը: Լարված էին Գրիգոր Մագիստրոսի և Գագիկ Բ արքայի հարաբերությունները:

Գրիգոր Մագիստրոսն առաջինն իր հայրենական կալվածքները վաճառեց Բյուզանդիային և ծառայության անցավ թշնամու մոտ՝ նրանից ստանալով դքսի կոչում և Միջագետքի բանակաթեմի կառավարումը՝ ողջ կյանքում հավատարմորեն ծառայելով հայոց թագավորությունը խորտակած բյուզանդական կայսրությանը:

Հայոց այս իշխանը հավատարիմ ծառան էր քրիստոնեության և եկեղեցու: Ահավասիկ նրա սկզբունքներից մեկը. «Եթե մեկը հայհոյում է ժողովրդի իշխանին՝ մահապատիժ պետք է կրի, ապա որքան առավել պատիժ պետք է կրի եկեղեցու պետականությունը հայհոյողը»:

Հետագայում Գրիգոր Մագիստրոսի որդին՝ Վասակը, դարձավ Անտիոքի դուքս և բյուզանդական զորաբանակի հրամանատար: Նա սպանվեց բյուզանդացիների ձեռքով,1078 թ.:

Գրիգոր Մագիստրոսի մյուս որդին՝ Վահրամը, 1065 թ. օծվեց որպես հայոց կաթողիկոս և կաթողիկոսական գահացանկում հայտնի է որպես Գրիգոր Վկայասեր:

Պահլավունիների մյուս ճյուղն իշխում էր Դվինում: 1021 թ.Ապիրատ Պահլավունուն սպանում է Աբուլ Ասվար ամիրան: Ապիրատի զավակները՝ Ապլջահապն ու Վասակը, ապաստանում են Անիում: Այս Վասակի որդին էր ապագա հայոց կաթողիկոս Բարսեղ Ա Անեցին, որին Լոռվա թագավոր Կյուրիկե Երկրորդը կաթողիկոս օծեց Հաղպատում: Իսկ Վասակ Պահլավունին աչքի ընկավ քսու և նենգ արարքով: Նա դավեց Սյունյաց Սենեքերիմ արքային, խաբեությամբ նրան կալանեց, հանձնեց Գանձակի Փատլուն ամիրային, իսկ վերջինս գլխատեց արքային:

Պահլավունիների մեկ այլ ճյուղի ներկայացուցիչներ՝ Գրիգորը, Վահրամն ու Վասակը, հաստատվեցին Եգիպտոսում: Գրիգորը եպիսկոպոս էր և դարձավ եգիպտահայերի հոգևոր առաջնորդ: Իսկ Վահրամն ու Վասակը հայոց զորաջոկատներով ծառայության անցան Եգիպտոսի սուլթանությունում: Վահրամը (Բահրամ ալ-Արմանի) 1134 թ. դարձավ Եգիպտոսի սուլթան: Նա ծաղկեցրեց և հզորացրեց Եգիպտոսը: Արաբ մատենագիրները Վահրամ Պահլավունուն հիշատակում են որպես Թաջ ադ-Դաուլա՝ «պետության թագ» պատվանունով: Պահլավունիները տասնյակ տարիներ Եգիպտոսում վարեցին վեզիրի պաշտոնը՝ երկրին տալով ծովակալներ, շինարարներ, ռազմիկներ: Ավելորդ չէ նշել, որ Եգիպտոսում Պահլավունիների օրոք հայկական մշտական 20.000-անոց զորաբանակ կար:

Պահլավունիները Զաքարյանների պետության մեջ արդեն փոքր դերակատարություն ունեին, քանզի ռազմի ասպարեզում արդեն երկրորդ պլանում էին: Զաքարե և Իվանե եղբայրներն անձամբ էին առաջնորդում հայոց բանակը թշնամու դեմ: Եվ Զաքարյան Հայաստանում Պահլավունի տոհմի ներկայացուցիչները հիմնականում աչքի ընկան եկեղեցաշինության բնագավառում: Նրանք Զաքարյան արքունիքում վարում էին հեջուբի և ժառանգաբար՝ Անիի արքեպիսկոպոսի պաշտոնը: Հեջուբը Զաքարյան արքունիքում վերահսկում էր երկրի ֆինանսներն ու առևտուրը:

Հայոց պետականության անկումից հետո Պահլավունիները հասկանալով, որ որպես ռազմիկներ այլևս անկարող են իրենց դիրքն ու իշխանությունը պահպանել հայության շրջանում, իրենց ձեռքն առան հայոց հոգևոր իշխանությունը՝ XI-XII դարերում գրեթե բռնագրավելով հայոց կաթողիկոսությունը: Պահլավունիների տոհմից հայոց կաթողիկոսական գահին Բարսեղ Ա-ին (1105-1113) հաջորդեցին Գրիգոր Գ Վկայասերը (1113-1166), Գրիգորին՝ նրա կրտսեր եղբայր Ներսես Շնորհալին (1166-1173), նրա հորեղբորորդի Գրիգոր Դ Տղան (1173-1190), ապա վերջինիս եղբորորդին՝ Գրիգոր Ե Քարավեժը (1193-1194), Գրիգոր Զ Ապիրատը (1194-1203): Այսպիսով՝ Բարսեղ Ա-ից մինչ Գրիգոր Զ-ն՝ շուրջ 100 տարի, Պահլավունիներն իրենց ձեռքում պահեցին հայոց կաթողիկոսական աթոռը: Ավելորդ չէ նշել, որ նրանք հաճախ ընդդիմանում էին Կիլիկիայի հայոց արքաներին: Մասնավորապես արաբական աղբյուրները վկայում են, որ Գրիգոր Դ Տղան դավում էր Լևոն Բ արքային՝ խոչընդոտելով նրա գահակալությունը ու հայերի և խաչակիրների զորքերի միասնական գործողությունների մասին հայտնում էր մահմեդական տիրակալներին:

Պահլավունիներից էր սերում նաև հայ հոգևոր գործիչ Ներսես Լամբրոնացին, որին պատկանում են հետևյալ տխրահռչակ խոսքերը. «Ինձ համար հայ ու լատինը մեկ են, լատինն ու հելլենը, հելլենն ու սիրիացին, սիրիացին ու եգիպտացին: Եթե ես լինեի ջատագովը այդ ազգերից մեկի համար՝ ես չէի կարող շփվել մյուսների հետ: Բայց ես նրանց, ովքեր թշնամի են միմյանց` միավորում եմ և սրանով ձեռք եմ բերում բոլորի բարեկամությունը միաժամանակ»: Փաստորեն, դարերն անկարող եղան լիիրավ հայացնելու Կամսարական-Պահլավունիներին:

Մոնղոլական արշավանքների հետևանքով Պահլավունիներն էլ մյուս հայկական իշխանական տների նման կորցրեցին իրենց ազդեցությունն ու կարողությունը՝ արդեն հանդես գալով բացառապես որպես հոգևորականներ:

XV դարում հայտնի էր Հավուց թառի առաջնորդ արքեպիսկոպոս Զաքարիա Պահլավունին, որ մեծ ջանք թափեց՝ ամենայն հայոց կաթողիկոսությունը Սսից Վաղարշապատ տեղափոխելու գործում: Նա ոչ միայն ժամանակի անվանի հոգևորականներից էր, այլև մեծահարուստ հողատեր: Զաքարիա Պահլավունուն էին պատկանում բազում գյուղեր և ագարակներ Գառնու շրջանում:

Մանուել եպիսկոպոս Պահլավունին 1604 թ. փորձեց ընդդիմանալ շահաբասյան գաղթին, սակայն գլխատվեց պարսիկ զինվորականների ձեռքով:

XVII դարում Պահլավունիների մի մասը հաստատվեց Ղրիմում և այնտեղ մեծ կալվածքներ ձեռք բերեց՝ դառնալով ղրիմահայերի ազդեցիկ գերդաստաններից մեկը: Տրդատ Պահլավունին ու իր քույր Աննան Կաֆայում կառուցել են Սուրբ Նիկողայոս եկեղեցին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: