Հայերեն   English   Русский  

​Քառորդդարյա սպասում. 3 օր, որ վերածվեց 25 տարվա սպասման


  
դիտումներ: 687

«Վերջին անգամ ռազմաճակատ մեկնելուց առաջ արդեն հրաժեշտ էր տվել: Երբ հետ դարձավ աստիճաններից ու փոքրիկին մեկ անգամ էլ համբուրեց, ասաց` 3 օրից կգամ, բայց այդ 3 օրը տևում է արդեն 25 տարի»:

«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Ռիմա Առաքելյանի համար սա վերջին հիշողությունն է որդուց` Շահեն Առաքելյանից:

Արցախյան պատերազմի ազատամարտիկն «Արաբո» ջոկատից էր և անհայտ կորել է 1992 թվականի հունիսին:

Տիկին Ռիմայի խոսքով` ջոկատի բոլոր անդամներն էլ յուրահատուկ անհատականություններ էին` կայացած և կրթված: Նա պատմում է, որ մինչև պատերազմը որդին գործի բերումով շատ էր լինում Ստեփանակերտում. «Բաքվի ջարդերի ժամանակ նա փռի ամենալավ հացերը մատակարարում էր փախստականներին: Ամեն ինչով օգնում էր: Երեխաներին շատ էր սիրում: Նրանց էլ էր օգնում: Ես Ստեփանակերտի հետ մինչև այժմ էլ շատ կապված եմ, որովհետև տղաս շատ էր այնտեղ լինում»:

Ռիմա Առաքելյան

Երբ Շահեն Առաքելյանն անհետացավ, նրա դուստրը` Աննան, վեց ամսական էր: Նա բարձրագույն կրթություն ունի և արդեն աշխատում է:

Հետագա տարիներին Ռիմա Առաքելյանն իրեն նվիրում է ռազմագերիների և նրանց հարազատների խնդիրների լուծման աշխատանքներին:

15 տարի նա լավատեսորեն սպասել է որևէ լուրի որդու մասին: 2008 թվականին համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երևացին «Արաբո» ջոկատի զինվորների մարմինները: Շատերը, այդ թվում` Ռիմա Առաքելյանը, տեսան իրենց հարազատներին: Տեսագրության իսկությունը հաստատվել է: «Առաջ այնքան լուսավոր էր հույսը, որ նա դեռ կենդանի է: Հիմա խավարում է խարխափում այդ հույսը: Երևի այս աշխատանքն ինձ օգնեց, որ մնացի ոտքի վրա այդ տեսանյութը տեսնելուց հետո, նույնիսկ՝ գործել»,- ասում է Ռ. Առաքելյանը:

Նա ընդգծում է` քանի դեռ անհայտ կորածների ճակատագրերը պարզված չեն, քանի դեռ նրանց մասունքները չեն վերադարձվել, իրենք շարունակելու են պայքարել: Որոնումների գործընթացը ակտիվ փուլում է: Խնդրով զբաղվում են ՆԳՆ-ն, ԱԱԾ-ն, Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերի հանձնաժողովը: Միակ խոչընդոտը Ադրբեջանի վարած քաղաքականությունն է:

Այս տարիների ընթացքում բազմիցս հանդիպումներ են եղել նույն խնդրով զբաղվող ադրբեջանական ՀԿ-ների և անհատների հետ: Սակայն նրանց հետ բանակցություններ վարելը գրեթե անհնար է: Ցանկացած հարցում նրանք դիվանագիտական խաղեր են սկսում և առաջ քաշում «20 տոկոս հողերի» հարցը. «Մենք նրանց ասել ենք` մեր իշխանությունները պատրաստ են համագործակցել գերիների փոխանակման հարցով: Մենք հանդիպել ենք և՛ Բելգիայում, և՛ Ժնևում, բայց նրանց ՀԿ-ի ղեկավարն ինձ պես մի գեղջուկ մայր չէր` երեխան կորցրած, նա Միլլի մեջլիսի պատգամավորի կին էր: Ես հենց այնտեղ ասացի` դուք չեք կարող այդ բանն անել, չեք համաձայնում, որովհետև ձեր ամուսնուն Ալիևը դուրս կշպրտի: Իսկ եթե մայր լիներ և նրանց երկիրն էլ մեր պետության նման լիներ, իրավիճակն այլ կլիներ: Բայց նրանց համար մարդը կարծես արժեք չունի»:

Տիկին Ռիման պատմում է, որ պաշտոնական հանդիպումների ընթացքում նշմարվում էին հաջողություններ: Ադրբեջանի և հայկական պատվիրակությունների անդամները գոնե սկսում էին իրար հետ շփվել: Սակայն հույս չունի, որ համանման հանդիպումներ նորից տեղի կունենան. «Վերջին հանդիպման ժամանակ նրանց կազմակերպության ղեկավարը եկել էր իր տղայի հետ: Կարծես էքսկուրսիայի էր եկել: Նա պիտի անհայտ կորած ունենար, որ սիրտը մղկտար, որ շահագրգռված լիներ: Դե, իրեն ի՞նչ: Իր տղային բերել, ցույց էր տալիս ամեն ինչ, ծանոթացնում սենատի անդամների հետ»:

Շատ տեղեկություններ փոխանակվում են ժողովրդական խողովակներով. «Սկզբնական շրջանում եղել է այնպես, որ հանդիպել եմ ինձ բախտակից ադրբեջանցի ծնողների: Նման մի հանդիպում եղել է Թբիլիսիում: Մի անհայտ կորածի հայր էր, անունը Համլետ Բադալով էր: Ես անընդհատ խոսում էի անհայտի մայր Թամար Այուբովնայի հետ, որը շատ զարգացած կին էր: Որոշ բաներում, երբ տարակուսում էր, Բադալովը միջամտում էր` «Алиев с тебя шкуру снимет»: Իսկ ես ազատ էի իմ խոսակցությունների մեջ՝ իհարկե պաշտպանելով իմ հայրնեիքը: Ով ինչ ասի, ես առաջին հերթին մայր եմ»,- ասում է Ռիմա Առաքելյանը:

Նա նշում է` եթե Ադրբեջանի նախագահը առաջադեմ գաղափարների հարեր, վաղուց արդեն նման հարց չէր լինի. «Ի՞նչ է նշանակում XXI դարում որդուդ փնտրես գերության մեջ: Թվում է, թե քարե դարում ես, որ էդ մարդիկ զնդաններում են պահվում: Ես և ԼՂՀ-ից Վերա Գրիգորյանը մի գերի փոխանակելու բախտ ունեցանք: Տեսա` ինչ առույգ, ինչ հագած-կապած ադրբեջանցու փոխանակեցինք: Մոտեցա տղային: Հարցրի` որ գնաս, կասե՞ս, որ քեզ հետ այստեղ այսքան լավ են վարվել, որպեսզի մերոնց էլ այնտեղ այդպես լավ նայեն: Ասում է` ուզում եք ինձ դավաճա՞ն համարեն: Լավ, մենք մարդ չե՞նք, ո՞նց է, որ ձեզ էդքան լավ պահել ենք: Ուղղակի մենք ավելի մարդասեր ենք: Նորմերը պահպանում ենք: Մեզ մոտ դեռ պատերազմի տարիներին էր այդպես: Իրենք մեկը միշտ փոխանակել են ավելի շատով: Իրենց կեղտոտ դիվանագիտական խաղերն են խաղացել, հետագայում կտեսնենք, որ նրանք ծիծաղելի իրավիճակի մեջ կհայտնվեն»:

Այնուհանդերձ նա հույսը չի կորցնում, որ կվերադարձնեն տղաներին: Իսկ մինչ այդ հոգ է տանում անհայտ կորածների հարազատների մասին:

Հատկապես ուշադրություն են դարձնում մարզերում ապրող ընտանիքներին: Ցուցաբերվում է բժշկական և ֆինանսական օգնություն: Եթե որևէ մեկը վիրահատության կարիք է ունենում, ՀԿ-ն միջնորդում է, որ այն լինի անվճար: Շատերին ուղարկում են հանգստյան տներ:

Ռիմա Առաքելյան

Գործունեությունը չի սահմանափակվում միայն անհայտ կորածների ընտանիքների աջակցությամբ: Անում են այն ամենը, ինչ կապված է հակամարտության հետ: Կատարում են վերաբնակեցման ծրագիր Քաշաթաղի շրջանում: Կազմակերպության ջանքերով 2015 թվականին 8 երեխա ունեցող ընտանիք տեղափոխվել է Քաշաթաղ:

Սակայն ՀԿ-ի ղեկավարն ամենակարևորը համարում է կենդանի շփումը, միմյանց աջակցելը, գրկախառնությունը և այս գործունեությունն էլ իր առաքելությունն է համարում. «Նրանց հետ չեմ ձանձրանում: Ես տանը ձանձրանում եմ, բայց ոչ նրանց հետ: Թեև շատ դժվար է: Հիմա ծնողները մեծացել են, այրիների հոգսերը շատացել են: Բայց ես չեմ հոգնում և կարողանում եմ աշխատել նրանց հետ: Ես հռետոր չեմ, բայց լավ կազմակերպիչ եմ, ինչ-որ բանով ուզում եմ փոխհատուցել տղաներին, ի՛մ տղային»:

Ռիմա Առաքելյանը երազում է այն օրվա մասին, երբ խաղաղություն կհաստատվի. «Երևի կերկարի հակամարտությունը, բայց ամեն ինչ իր վերջն ունի: Միջազգային ասպարեզում ադրբեջանցիները շատ խորամանկ են խաղում: Ես աղոթում եմ, որ ի վնաս մեզ որոշում չկայացնեն ու չպարտադրեն մեզ այդ որոշումը: Մենք ոչ մի կտոր հող չունենք նրանց տալու: Մենք էլ կգնանք տղաներին կօգնենք պատերազմում, եթե հարկ լինի»:

Հ. Գ. Արցախյան պատերազմի տարիներին անհայտ կորել է ավելի քան 1000 քաղաքացի ԼՂՀ-ից և ՀՀ-ից:

Լուսանկարները` Արփի Բալյանի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: