Հայերեն   English   Русский  

Էկոնոմիկայի նախարարությունը խնդիրներ է բացահայտել դիզվառելիքի շուկայում, դատախազությունը կզբաղվի այդ հարցով


  
դիտումներ: 436

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրել է դիզվառելիքի շուկան և «Պետրոլ-Սերվիս» ընկերությունում բացահայտել խնդիրներ, որոնցով կզբաղվի դատախազությունը:

Այդ մասին «Արցախպրես»-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Մանրամասները՝ հարցազրույցում:

-Պարոն Խաչատրյան, վերջերս վարչապետ Արայիկ Հարությունյանը հարցազրույց էր տվել և հայտարարել, որ խնդիրներ են առկա դիզվառելիքի շուկայում, որոնք գյուղատնտեսական և շինարարական տեխնիկաների խափանումների պատճառ են դառնում: Դուք, որպես ոլորտը համակարգող նախարարության ղեկավար, ի՞նչ քայլեր եք կատարել խնդիրները բացահայտելու և լուծելու ուղղությամբ:

-Հաշվի առնելով վերջին շրջանում դիզվառելիքի հետ կապված խնդիրների լայն քննարկումները քաղաքական և հասարակական դաշտում՝ մենք, որպես ոլորտը համակարգող լիազոր մարմին, իրականացրել ենք մի շարք աշխատանքներ:

Մասնավորապես, ձևավորել ենք աշխատանքային խումբ և իրականացրել ուսումնասիրություն հանրապետության թվով 4 դիզվառելիք ներմուծող խոշոր ընկերությունների լցակայաններից, սահմանված կարգով կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:

-Առկա են արդյոք փորձաքննության արդյունքները, կան խախտումներ , թե ոչ, եթե այո, ապա ո՞ր ընկերությունների կողմից:

-Այո, փորձաքննության արդյունքները արդեն հայտնի են: Նախարարությունը համագործակցել է ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեի հետ:Ըստ ՀՀ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացության՝ հիմնական ներկրող «Ֆլեշ-Պլյուս», ինչպես նաև «Անուշ», «Ռուսլան» ընկերությունների նմուշները և «Պետրոլ –Սերվիս»ընկերության մեկ լցակայանի նմուշը, ընդհանուր առմամբ, համապատասխանել են նորմերին, իսկ «Պետրոլ –Սերվիս» ընկերության երկու լցակայաններում խնդիրներ են բացահայտվել: Մասնավորապես՝ մի դեպքում առկա է 30-35% (ծավալային) հանքային յուղ, իսկ մյուս դեպքում նմուշը, իր ֆրակցիոն բաղադրությամբ, համապատասխանել է տեխնիկական կերոսինի ցուցանիշներին:

-Ո՞րն է նախարարության հաջորդ քայլը, ինչպե՞ս եք գնալու խախտումների հետքերով և կանխելու նմանատիպ դեպքերի կրկնությունը շուկայում:

-Դրանք կանխելու համար պարբերաբար իրականացվելու են տեսչական աշխատանքներ, իսկ առկա թերություններն օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան լուծումներ կստանան:

Նշված փորձաքննության արդյունքներին իրավական գնահատական տալու համար նախարարությունը փաստաթղթերն ուղարկելու է դատախազություն:

Հարցազրույցը՝ Գառնիկ Ալեքսանյանի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: