Հայերեն   English   Русский  

Արթուր Սարգսյանը քաղաքական համակարգի զոհ է. Էդմոն Մարուքյան


  
դիտումներ: 822

«Ակնհայտ է, որ Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել երկարատև անմարդկային վերաբերմունքի հետևանքով: Դա Եվրոպական կոնվենցիայի և ՀՀ Սահմանադրության խախտում է: Անազատության մեջ պահելը և նախաքննության մարմնի այլ որոշումները հավասարազոր էր նպատակային և դիտավորյալ խոշտանգումների»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը:

Նա հիշեցրեց՝ բժիշկները ևս փաստում էին, որ նա հիվանդությունների փունջ ունի, իսկ հացադուլը նրա դիմադրողականությունը միայն ավելի է թուլացնում: Բեխտերևի հիվանդությունն այն հիվանդությունն է, որն անազատության մեջ պահվելու հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում է:

Աժ պատգամավորն ընդգծեց, որ որևէ մեկը չի կարող ասել՝ Հաց բերողի մահը անակնկալ էր . «Մենք մանրամասն նրանց հայտնել էինք, որ մարդը հացադուլի մեջ է և թույլ չի տալիս անգամ զարկերակը ստուգել: Եթե այսպես շարուկանվի, դուք նրան տանելու եք մահվան: Մեզ պատասխանում էին՝ բժիշկները կհսկեն: Քանի՞ գրոշի արժեք ունի դա, եթե նա թույլ չի տալիս իրեն մոտենալ»:

Լրագրողի այն դիտարկմանը, որ իշխանություններն ասում են՝ դա իրենց ամենաքիչն էր ձեռնտու, Էդմոն Մարուքյանն ասաց. «Մենք ՀՔԾ ենք գնացել, մոտ կես ժամ երկու պատգամավորով մուտքի մոտ սպասել ենք, չենք կարողացել պետի հետ խոսել: Ինչ է ձեզ թվում՝ մենք երկու պատգամավորով հարցի լրջությունն այդքան հասկանում էինք, խորհրդարանում 26 պատգամավոր միացավ, ոչ մի ՀՀԿ-ական պատգամավոր չստորագրեց, տիկին Փոստանջյանն անձամբ թերթիկը ձեռքին շրջել է, անգամ բարձրացավ Գալուստ Սահակյանի մոտ, ասեց՝ միացեք, էլի չմիացան, ի՞նչ է նշանակում՝ «Մենք հո չէի՞նք ուզում»: Հետևողական կերպով մարդուն խոշտանգեն, անմարդկային , արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկել, վերջում, որ նա մահանա, ասեն՝ գիտեք, մեզ ձեռնտու չէր: Դա ի՞նչ է նշանակում՝ մեկ բան, եթե ընդունենք, որ ձեռնտու չէր նրանց, նշանակում է իրենք զրո ադեկվատություն ունեն: Ես միշտ ասել եմ՝ իշխանությունները կարող են լինել կոռումպացված, թալանչի, բայց չեն կարող լինել ոչ ադեկվատ: Իսկ ՀՀ-ում իշխանությունը ադեկվատ չի, չի կարողանում արագ իրավիճակին արձագանքել»:

Ըստ պարոն Մարուքյանի՝ Արթուր Սարգսյանը քաղաքական համակարգի զոհ է. «Նա Հայաստանի այն իրավիճակի զոհն է, երբ մարդն ընդհանրապես արժեք չունի, մարդու իրավունքները և արժանապատվությունը հարգանքի առարկա չեն: Այս ամենը ևս մեկ անգամ արձանագրվեց շատ ողբերգական և ցավալի կորուստով»:

Պատգամավորը նշեց, որ այդ ընթացքում հասցրել է ծանոթանալ և շփվել Արթուր Սարգսյանի հետ.« Շատ բարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող անձ էր: Այնպիսի տպավորություններ եմ ստացել Արթուր Սարգսյանից, որ չգիտեմ ինչպես դա նկարագրել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: