Հայերեն   English   Русский  

​ Էդվարդ Նալբանդյանի խոսքը ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված հանդիսությանը Նյու Յորքում


  
դիտումներ: 635

Հարգելի պարոն գլխավոր քարտուղար,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ դիմել Ձեզ՝ Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 25-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ցանկականում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին այս միջոցառումը իր ներկայությամբ պատվելու համար։ Շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս համերգի կազմակերպման գործում, և, իհարկե, ձեզ բոլորիդ՝ այս տոնական առիթը մեզ հետ միասին այսօր նշելու համար:

Քառորդ դար առաջ Հայաստանն ընդգրկվեց ինքնիշխան պետությունների ընտանիքում: Իրականություն դարձավ աշխարհասփյուռ հայության բազում սերունդների երազանքը: Ուրախ եմ այսօր այստեղ տեսնել մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մեր նորանկախ պետության կայացման գործում։

Դժվար է գերագնահատել այս օրվա նշանակությունը: Խոսքը սոսկ անդամակցության խորհրդանշական կարևորության մասին չէ, այլ խաղաղ և բարգավաճ ապագայի տեսլականի, որն ընկած է Միավորված ազգերի կազմակերպության հիմքում, ինչը ոգեշնչում է ընդհանուր ճանապարհ անցնել՝ բարելավելու աշխարհը, որը զերծ կլինի պատերազմներից, հակամարտություններից և բաժանարար գծերից: Հայաստանը, ինչպես, համոզված եմ, բազմաթիվ երկրներ մեզնից առաջ և հետո, միացել է Միավորված ազգերի կազմակերպությանը հենց այս ձգտումներով և նպատակներով:

Հայաստանը պետությունների ընտանիքին միացավ մի ժամանակահատվածում, որը լի էր մարտահրավերներով, բայց դա որևէ կերպ չնվազեցրեց մեր վճռականությունն ու հանձնառությունը՝ կառուցելու հասարակություն՝ լիովին հավատարիմ Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին և սկզբունքներին: Մենք առաջնորդվում ենք ՄԱԿ-ի կանոնադրությամբ, որը կոչ է անում միավորվել` պահպանելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, զարգացնելու պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունները` հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հարգման վրա: Այս հանձնառությունների ամբողջական և անշեղ իրագործումը բոլոր պետությունների պարտավորությունն է, որը նրանք ստանձնել են իրենց անդամակցությամբ: Հայաստանը լիակատար հավատարիմ է այս հանձնառություններին, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ջանքերում:

Այս պարտավորություններն են ընկած նաև ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի ներգրավվածության հիմքում: Առաջին հերթին սա վերաբերում է ՄԱԿ-ի կանխարգելման օրակարգին մեր հանձնառությանը: Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ` մենք զգում ենք բարոյական պարտավորություն, ինչպես նաև իրավասություն՝ բարձրաձայնելու ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ:

Հայաստանը նաև իր նպաստն է բերում համաշխարհային խաղաղությանը ուղղակի ճանապարհով՝ մասնակցելով մի շարք խաղաղապահ առաքելություններում՝ Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում, Մալիում:

Մենք միացել ենք միջազգային հանրության համատեղ ջանքերին՝ ուղղված զանգվածային ոչնչացման զենքի չտարածմանը, ահաբեկչության դեմ պայքարին, փախստականների հետ կապված իրավիճակին լուծումներ գտնելուն: Միայն Սիրիայից մոտ 22 հազար փախստականներ ապաստան են գտել Հայաստանում՝ մեկ շնչի հաշվով դարձնելով մեր երկիրը Սիրիայից փախստականներ ընդունող երրորդ պետությունը Եվրոպայում: Մեր պետությունը ձեռնարկում է առավելագույնը` նպաստելու հանդուրժողականության և միջմշակութային, միջկրոնական երկխոսության խթանմանը, ռասիզմի, ատելության քարոզի և այլատյացության դեմ պայքարին:

Հարկ է շեշտել, որ Միավորված ազգերի կազմակերպությունում մեր ներգրավվածության ամբողջ խորությունը չափվում է ոչ միայն թվերով, այլև գործի նկատմամբ ջանասիրությամբ, անմնացորդ նվիրվածությամբ ու հանձնառությամբ, որ դրսևորվել է ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի բազմաշերտ գործունեության քսանհինգ տարիների ընթացքում։

Մեր համատեղ ճանապարհի հաջորդ հանգրվանի մեկնարկին ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի վճռական աջակցությունը ՄԱԿ-ի համընդգրկուն և արդյունավետ առաջնորդությանը, որը միտված է միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները կյանքի կոչելուն և ուղղված է ժողովուրդների միջև կամուրջներ կառուցելուն ու բարեկամական հարաբերություններ հաստատելուն, բաժանարար գծերի վերացմանը, ողջ աշխարհում խաղաղության և բարեկեցության առաջ մղմանը:

Շնորհակալություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: