Հայերեն   English   Русский  

Հոլիվուդը ներկայացնում է պատմական ողբերգություն. Washington Post-ի անդրադարձը «Խոստումը» ֆիլմին


  
դիտումներ: 1173

The Washington Post պարբերականը Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի վերաբերյալ հոդված է ներկայացրել:

«Հայերն ու թուրքերը երկար և ցավոտ վեճերի մեջ են Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան Կայսրությունում ավելի քան 1 միլիոն հայերի սպանության հարցի շուրջ: Հայերը դա կոչում են ցեղասպանություն, իսկ Թուրքիայի կառավարությունն ասում է, որ սպանությունները համակարգված չեն եղել, այլ տեղի են ունեցել պատերազմի ընթացքում:

Այժմ վիճաբանությունը հասել է Հոլիվուդ: Այս գարնանը կցուցադրվեն ուժգին սիրային եռանկյունի պարունակող երկու ֆիլմեր, որոնք բացահայտում են պատմական դեպքերը, սակայն նրանց քաղաքական օրակարգերը շատ տարբեր են», - ասվում է ամերիկյան պարբերականի հոդվածում:

Խոսքը գնում է «Խոստումը» և «Օսմանյան լեյտենանտը» ֆիլմերի մասին: Երկրորդ ֆիլմը պատմում է ամերիկուհի բուժքրոջ մասին, որը ժամանում է Անատոլիա` աշխատելու ամերիկյան առաքելության հիվանդանոցում, որտեղ էլ հանդիպում է իրեն սիրահարված երկու տղամարդկանց` ամերիկացի բժշկին և օսմանցի լեյտենանտին:

«Չնայած նրան, որ «Օսմանյան լեյտենանտը», կարծես, նման է «Խոստումին», այն առաջարկում է պատմության բացարձակ այլ մեկնաբանութուն: Ֆիլմը ներկայացնում է թուրքական կառավարության մոտեցումը, որ չի եղել պետականորեն կազմակերպված էթնիկական զտման քաղաքականություն հայերի դեմ: Փոխարենը, Թուրքիան պնդում է, որ այդ ժամանակ Օսմանյան կայսրության արեւելյան ճակատում կռիվների ընթացքում ռուս, թուրք եւ հայ քաղաքացիական անձինք զոհվել են պատերազմական բռնությունների արդյունքում»:

Պարբերականը մեջբերում է հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի խոսքերը. «Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` թուրքական կառավարությունը պետք է խոստովանի, որ Թուրքիայի հիմնադիր հայրերից շատերը կամ ուղղակիորեն ներգրավված են եղել այդ գործընթացում կամ հարստացել են Ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած կողոպուտներով»:

«Կինոասպարեզում Թուրքիայի մեծ ճնշման հետևանքով է, որ «Խոստումի» նման ֆիլմն ավելի շուտ չի նկարահանվել: 1930-ականներին MGM կինոստուդիան իրավունք ձեռք բերեց էկրանավորելու Ֆրանց Վերֆելի հանրահայտ «Մուսա լեռան 40 օրը» վեպը, որը պատմում է հայերի հերոսական դիմադրության մասին, սակայն ԱՄՆ-ում թուրք դեսպան Մեհմեթ Մունիր Էրթեգյունի լոբինգի շնորհիվ ստուդիան դադարեցրեց նախագիծը: Վերջին տարիներին նկարահանվել են ողբերգությանն անդրադարձող փոքրածավալ ֆիլմեր, այդ թվում` կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» (2002 թ.) և թուրք-գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» (2014 թ.) ֆիլմերը», - նշում է հոդվածի հեղինակը:

«Չնայած երկու ֆիլմերն էլ ամենայն հավանականությամբ չեն կարգավորի I համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ բանավեճը, այդուհանդերձ դրանք կարող են դրդել որոշ ամերիկացիների հայացք նետել դեպի պատմական իրադարձությունները եւ ձևավորել սեփական եզրակացությունները», - հոդվածը եզրափակում է հեղինակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: