Հայերեն   English   Русский  

Ստեփանակերտում կայացել է բլոգերների միջազգային ֆորում


  
դիտումներ: 257

«Արցախակերտում» հասարակական կազմակերպության և Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտում կայացել է բլոգերների միջազգային ֆորում, որին մասնակցել է շուրջ 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրից:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ֆորումի գլխավոր թեմաններն են՝ հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը:

Ֆորումը վարում էր «Արցախակերտում» ՀԿ համանախագահ Արտակ Բեգլարյանը և մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը ֆորումին ներկայացրել է արցախյան հակամարտության առաջացման պատճառները:

«Հարկավոր է օգնել Ադրբեջանի հանրությանը բուժվելու «Ալիևյան կլան» հիվանդությունից միջազգային դատարանի միջոցով, որտեղ կդատապարտվի նրանց կողմից սերունդների այնպիսի դաստիարակությունը, որի արդյունքում կտրում էին հայ կանանց, երեխաների գլուխները և ականջները»,-մասնավորապես ­ ասել է Հ. Արզումանյանը և հիշեցրել, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով մեկ տարի առաջ զոհվել են ավելի քան 100 երիտասարդ հայ զինվորներ:

Հ. Արզումանյանի խոսքով՝ նրանք զոհվեցին, քանի որ հերթական անգամ աշխարհաքաղաքական ուժերի կենտրոնը որոշել է խաղալ տարածաշրջանի հետ:

«Փորձը ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքական ուժերը, եթե չեն ցանկանում զբաղվել խնդրով, ապա միգուցե բլոգերները, որպես նոր ձևավորվող հանրային տեղեկատվության իրականություն` կարող են ազդել իրավիճակի վրա»,-նշել է Հ. Արզումանյանը

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանն էլ ներկայացրել է Արցախի զբոսաշրջության վիճակը:

«Արցախի Հանրապետության զբոսաշրջություն ասելով, հասկանում ենք տարեկան շուրջ 15 հազար զբոսաշրջիկ, 43 հյուրանոցային տնտեսություն, 7 զբոսաշրջային ընկերություններ, լիցենզավորված զբոսավարներ: Արցախի Հանրապետություն են այցելում զբոսաշրջիկներ՝ ՌԴ-ից, ԱՄՆ-­ից, Իրանից և եվրոպական երկրներից»,-մասնավորապես ասել է Ս. Շահվերդյանը:

Ֆուրումին մասնակիցները հանդես են եկել իրենց հուզող հարցադրումներով, որոնք հիմնականում վերաբերվում էին հակամարտությանը և Արցախի ճանաչմանը, խոսել իրենց տպավորությունների մասին:

Ֆորումի վերջում մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: