Հայերեն   English   Русский  

​Հայաստանում է աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին


  
դիտումներ: 2597

Մարտի 22-ին, ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա աշխարհահռչակ իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին:

Համերգային երեկոյի ընթացքում հանդես կգա նաև դաշնակահար Բասինիա Շուլմանը (Ռուսաստան): Ծրագրում կհնչեն Ռոբերտո Մոլինելլիի, էնիո Մորիկոնեի և Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից:

Համերգային երեկոյի դիրիժորն է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:

Համերգային երեկոյին մասնակցելու է նաև Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը:

Ֆեդերիկո Մոնդելչին ներկայումս համագործակցում է Իտալիայի բոլոր խոշորագույն նվագախմբերի հետ, այդ թվում՝ Միլանի դելլա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և BBC ֆիլհարմոնիկի հետ: Երաժիշտը հաճախակի ելույթներ է ունենում Ռուսաստանում, ակտիվորեն համագործակցում Մոսկվայի կամերային նվագախմբի հետ: Մոնդելչիի Հայաստան կատարած այս այցն առաջինը չէ և, ինչպես վստահեցնում է երաժիշտը, հայաստանյան բեմում հանդես գալն իր համար միշտ էլ առանձնահատուկ կարևորություն է ունեցել :

Միջազգային մրցույթների դափնեկիր Բասինիա Շուլմանը ռուս ամենահայտնի ժամանակակից երիտասարդ դաշնակահարներից է: Նա այսօր մեծ ճանաչում ունի աշխարհում և ներկայանում է ամենահեղինակավոր բեմերում: Բացի մենահամերգներից դաշնակահարուհին ակտիվորեն հանդես է գալիս կամերային ժանրում նույնպես: Բ. Շուլմանը հաջողությամբ համագործակցում է Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ հանդես եկող «Մոսկովյան Վիրտուոզների» և Բորոդինի անվան քառյակի հետ:


Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: