Թիլերսոնը պատմել է, որ կինն է դրդել իրեն պետքարտուղար դառնալու որոշումը կայացնել
Համապատասխան հայտարարությամբ ԱՄՆ-ի պետքարտուղարը հանդես է եկել The Independent Journal Review ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում: «Ես չէի ցանկանում այդ աշխատանքը: Ես չեմ խնդրել ինձ այդ պաշտոնում նշանակել», - հայտարարել է Թիլերսոնը:
Իսկ լրագրողի այն հարցին, թե այդ դեպքում ինչու է համաձայնվել զբաղեցնել Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնը, Ռեքս Թիլերսոնը պատասխանել է, որ կինն է հուշել իրեն, որ պետք է անի դա:
Ռեքս Թիլերսոնը նախկինում զբաղեցնում էր ExxonMobil խոշոր նավթային ընկերության ղեկավարի պաշտոնը:
Հիշեցնենք, որ 64-ամյա Ռեքս Թիլերսոնը դիվանագիտական փորձ չունի և ամբողջ կյանքի ընթացքում աշխատել է նավթային ոլորտում: Ընդ որում` վերլուծաբանները բազմիցս ընդգծել են, որ Թիլերսոնը մեկ անգամ չէ, որ հանդիպումներ է ունեցել տարբեր համաշխարհային առաջնորդների հետ և բանակցություններ վարել խոշոր միջազգային ընկերությունների ղեկավարների հետ և հենց այդ պատճառով կարող է հաջողություններ գրանցել ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում: