Հայերեն   English   Русский  

​Ամեն մարդ պետք է իր ժողովրդին ծառայի բնությունից տրված շնորհով


  
դիտումներ: 8201

2004-ից, ՀՀ կառավարության որոշմամբ, Օդերևութաբանության համաշխարհային օրը` մարտի 23-ը, մեր երկրում նշվում է որպես Օդերևութաբանի մասնագիտական տոն:

Ներկայումս Հիդրոմետ ծառայության եղանակային կանխատեսումների ճշգրտությունն ու հուսալիությունը մեծացել է, որն էլ հանգեցրել է հասարակության վստահության շեշտակի բարձրացման: Այս հարցում իր անուրանալի դերն ունի ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Այսօրվա զրույցը հենց նրա հետ է:

Պրն. Սուրենյանը նշեց, որ ձմեռը ցուրտ կարող էինք համարել, բայց սաստիկ ցուրտ` ոչ. եղել են տարիներ, երբ Երևանում ջերմաստիճանն իջել է մինչև -31 աստիճան, և 20-25 օր շարունակ մնացել -26-30 աստիճանների սահմաններում, մինչդեռ այս տարի ամենացուրտ օրերը Երևանում եղել են փետրվարի 3-ն ու 4-ը, երբ -24 աստիճան էր: Մեր զրուցակիցը նկատեց, որ այս տարվա ցուրտ ձմեռը, բացի ժողովրդին հասցրած ֆինանսական վնասից (կոմունալ վճարումների առումով), ունի նաև դրական հետևանքներ. վեգետացիան շատ ուշ սկսվեց, ի տարբերություն անցյալ տարվա, երբ ծիրանենին ծաղկեց մարտի 5-ից, իսկ այս տարի սպասվում է, որ կծաղկի ապրիլի 5-ից հետո (hայտնի է` որքան ուշ է սկսվում վեգետացիան, այնքան փոքրանում է ցրտահարության հավանականությունը), ունեցանք կայուն ձնածածկույթ, ինչը խոստանում է գետերի նորմալ վարարումներ, որոնք անհրաժեշտ չափով կլցնեն ջրամբարները, կհանգեցնեն Սևանա լճի դրական հաշվեկշռի, կպահպանվի հողի արդյունավետ խոնավությունը, աշնանացանը չի վնասվի և այլն:

Հարցին, թե արդյոք այս տարվա ցուրտ ձմե՞ռը նպաստեց, որ Գագիկ Սուրենյանն ավելի ճանաչված դառնա, մեր զրուցակիցը նկատեց, որ մինչ այդ էլ ճանաչված էր, ուղղակի այս ձմեռվանից հետո մարդիկ ավելի ճիշտ հասկացան իրեն`պատկերացում կազմելով, թե որքան բարդ են եղանակակլիմայական պայմաններն ու դրանց ճշգրիտ կանխատեսումները:

- Դուք աշխատում եք երեք ոլորտում, դասախոսում եք ԵՊՀ երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետում, հեռուստատեսային մեկնաբան եք «Շանթ» հեռուստաընկերությունում և արդեն երկու ամիս է, ինչ ղեկավարում եք Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնը: Ի՞նչ կասեք յուրաքանչյուրի առանձնահատկության մասին, կա՞ գերիշխող ոլորտ:

- Ամենագլխավորը Հիդրոմետ ծառայությունն է, որտեղ աշխատում եմ առաջին կուրսից: Ես չեմ ընտրել իմ մասնագիտությունը, այլ ծնվել եմ դրա սիրով և դեռ դպրոցական տարիքից եմ հայտնվել Հիդրոմետում: Այս տարի լրանում է իմ աշխատանքային գործունեության 15 տարին: Մեր մասնագիտության առանձնահատկությունն այն է, որ անընդհատ սովորում ես, որովհետև մթնոլորտի բացահայտումները վերջ չունեն, ամեն օր բնության երևույթների վրա զարմանալու նոր առիթներ ես ունենում: Օդերևութաբանությունը, որ աշխարհագրության, ֆիզիկայի, մաթեմատիկայի ինտեգրալն է, հանգում է լուրջ գիտական վերլուծությունների, որոնք պետք է մատչելի մատուցել մարդկանց: Մոտ 10 տարի առաջ եղանակային կանխատեսումներն այնքան էլ մեծ վստահություն չէին վայելում. հիմա իմ հիմնական խնդիրն է ավելի ամրապնդել ոլորտը, ժողովրդականացնել, կիրառելի դարձնել օդերևութաբանական կանխատեսումները մեր ազգաբնակչության համար` ծառայեցնելով նրա ունեցվածքի պահպանմանն ու կայուն զարգացմանը:

Դասախոսելը ևս շատ կարևոր է, որովհետև գիտելիքներս փոխանցում եմ այն երիտասարդներին, որոնք հետագայում կփոխարինեն մեզ, իսկ հեռուստատեսային մեկնաբանությունն էլ ժողովրդի հետ ամեն օր շփվելու, ամենօրյա խիստ անհրաժեշտ տեղեկատվություն հաղորդելու հնարավորություն է տալիս: Չէ՞ որ այնպիսի ոլորտ չկա մեր երկրում, որ եղանակի կանխատեսմամբ չհետաքրքրվի ու չօգտագործի առօրյայում: Հատկապես գյուղատնտեսության, շինարարության և մի շարք այլ բնագավառներում մեծ կիրառություն ունեն մեր կանխատեսումները: Նույնիսկ հասարակ մարդը եղանակային կանխատեսումներն օգտագործում է օրը պլանավորելիս:

- Բացի ամենօրյա եթերից, հաճախակի մամուլի ասուլիսներից, Դուք ժողովրդի հետ ամենօրյա շփման մեկ այլ հարթակ էլ ունեք` ֆեյսբուք սոցիալական ցանցը: Եվ գաղտնիք չէ, որ Ձեր ֆեյսբուքյան գրառումներն արագ տարածվում են տարբեր սոցկայքերում և բուռն արձագանք գտնում` ասելիքի սրության, պահանջվածության, գեղարվեստականության ու նուրբ հումորի շնորհիվ: Որքանո՞վ եք կարևորում այդ հարթակը Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում:

- Բոլորս էլ գիտենք, որ մարդիկ Ֆեյսբուքն այսօր հեռուստատեսությունից ավելի շատ են օգտագործում` տեղեկատվություն ստանալու և փոխանցելու առումով: Հետևաբար, այս հարթակը կարևորում եմ այնքանով, որ սա ևս մի միջոց է մեր տեղեկատվության հասանելիության և ժողովրդականացման առումով:

- Օֆելյա Համբարձումյանը, որի արվեստի անդավաճան երկրպագուն եք, այսպիսի միտք ունի. կյանքում ամենամեծ անեծքը հանրային մարդ լինելն է: Համաձա՞յն եք:

- Ես համաձայն եմ նրա ցանկացած խոսքին: Այո՛, հանրային մարդ լինելն ամենամեծ անեծքն է, որովհետև կորցնում ես ազատությունդ, ինչն ամենակարևորն է այս կյանքում:

- Քանի որ ճանաչված ու սիրված եք, առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ձեր թեկնածությունը դնելու առաջարկներ չե՞ն եղել:

- Առաջարկներ շատ են եղել, բայց ես դրանց խիստ դեմ եմ: Կրկին Օֆելյա Համբարձումյանի խոսքերից մեջբերում անեմ. ամեն մարդ պետք է իր ժողովրդին ծառայի բնությունից տրված շնորհով, չպետք է շեղվել այն ճանապարհից, որը քեզ տվել է բնությունը:

- Հասցնու՞մ եք տեղեկանալ, թե Ձեր տանն ինչպիսի «եղանակային» պայմաններ են ամբողջ օրվա ընթացքում:

- Իմ կինը նույնպես օդերևութաբան է: Մենք սովորել ենք միասին և արդեն երկար տարիներ աշխատում ենք միասին: Եղանակն էլ, ինչպես բոլորի ընտանիքներում, փոփոխական է` և՛ լավ, և՛ վատ:

- Դուք 5-օրյա կանխատեսումներ եք անում: Կգա՞ ժամանակ, երբ այդ օրերի թիվը կավելանա, և արդյոք աշխարհում կա՞ն երկրներ, որոնք ավելի մեծ ժամանակահատվածի համար են կանխատեսումներ անում:

- Ոչ միայն մենք, այլև աշխարհի նույնիսկ ամենազարգացած պետությունները 5-օրյա կտրվածքով են կանխատեսումներ անում, բայց կգա ժամանակ, երբ աստիճանաբար այդ օրերի թիվը կավելանա` հասնելով 7-ի, 10-ի: Օդերևութաբանությունը ոչ միայն բարդ, այլև զարգացող գիտություն է:

- Հայաստանի և համաշխարհային օդերևութաբանությունն այսօր ի՞նչ հիմնահարցեր ունի: Գո՞հ եք օդերևութաբանության բնագավառում մեր ունեցած հաջողություններից, և ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ ավելի մեծ գիտական ձեռքբերումների համար:

-Օդերևութաբանության հիմնական խնդիրն է բարձրացնել կանխատեսումների ճշգրտությունը` 95-96 տոկոսից հասցնելով գոնե 99 տոկոսի: Կարևոր է նաև շատ ճշգրիտ կանխատեսել վտանգավոր տարերային օդերևութաբանական երևույթները, որոնք մեծ վնաս են հասցնում տնտեսությանը: Մեր երկրի օդերևութաբանության հիմնական վիճակից գոհ եմ, բայց փոփոխություններ միշտ են անհրաժեշտ` նոր գիտական ուսումնասիրություններ, վերապատրաստումներ, շփումներ օտարերկրացի մասնագետների հետ, տեխնիկայի զարգացում և այլն: Այս պահին մենք, իհարկե ոչ լիարժեք, բայց բավականին վերազինված ենք, և անընդհատ արդիականացնում ենք մեր հիդրոմետ կայանները:

- Ի՞նչ կլիմայական փոփոխություններ են տեղի ունենում ամբողջ աշխարհում և Հայաստանում, ի՞նչ պատճառներով: Դրանք լո՞ւրջ սպառնալիք են մարդկության զարգացման համար:

- Փոփոխությունները և՛ անթրոպոգեն են, և՛ բնական: Գլոբալ տաքացման հետևանքով մի փոքր օդի ջերմաստիճանն է բարձրանում, և ավելանում է դրա հետ կապված վտանգավոր օդերևութաբանական երևույթների կրկնելիության թիվը, նաև էքստրեմալ երևույթներն են հաճախակիանում: Եթե շարունակենք նույն կերպ ազդել բնության վրա, այո՛, կկանգնենք լուրջ սպառնալիքի առջև: Պատկերացրեք, եթե սկսենք մեր օրգաններն անընդհատ վնասել, սիրտը, թոքը և այլն, ապա աստիճանաբար օրգանիզմի ֆունկցիոնալ օղակները կխախտվեն, ու կսկսվի շղթայական քայքայում. նույն էլ բնության մեջ է, ոչ մի տարբերություն:

Հայաստանում էլ տարեկան կտրվածքով ունենք ջերմաստիճանի մի փոքր բարձրացում և վտանգավոր օդերևութաբանական երևույթների թվի աճ: Բայց տաքացման առումով վտանգ չեմ տեսնում, որովհետև վերջին տարիներին, ընդհակառակը, տեղումների քանակն ավելանում է մեր երկրում:

- Ձեր ֆեյսբուքյան էջից երևում է, որ բնության, հատկապես լեռների մեծ սիրահար եք:

- Դա բնությունից տրված անբացատրելի սեր է. եթե մեկ-երկու շաբաթ չեմ լինում լեռների վրա, հոգևոր սով եմ զգում, և ամբողջ էներգետիկ պաշարներս աստիճանաբար մարում են:

- Ասում են, որ մեր երկիրը եզակի է տարվա 4 եղանակների ընդգծված հերթագայության առումով: Ճի՞շտ է:

-Այո, եզակի է: Եզակի է նաև ժամանակի նույն պահին եղանակի տարբեր դրսևորումներով: Մի Երևան քաղաքում այս ձմռանն ունենում էինք 10 աստիճանի տարբերություն. բարձրադիր գոտում +5, +6 էր օդի ջերմաստիճանը և արև, իսկ ցածրադիրում` -5,-6 ու մառախուղ: Մեր այս փոքրիկ երկրում ունենք 8 կլիմայական գոտի` չոր մերձարևադարձայինից մինչև ձյունամերձ լեռնային, իսկ դա նույնն է, որ Արկտիկայից քայլենք մինչև Եգիպտոս, եթե վերցնենք միջօրեականի ուղղությամբ:

- Թեև մարտն արդեն ավարտվում է, դրա «գիժ» լինելուն չենք կարող չանդրադառնալ: Ինչպիսի՞ գիտական բացատրություն ունեն մարտ ամսվա ընթացքում տեղի ունեցող եղանակային վայրիվերումները:

- Մարտին մեծանում է արեգակի ճառագայթների անկման անկյունը, արևադարձային գոտիները սկսում են ինտենսիվ տաքանալ, բայց բարեխառն գոտիներում առանձնապես տաքացում չի նկատվում: Այդ ջերմաստիճանային տարբերությունից էլ բարեխառն և արևադարձային գոտիների միջև ինտենսիվ օդափոխանակություն է սկսվում, և հյուսիսային ու հարավային տաք օդային հոսանքների տեղաշարժի պատճառով բախումներ են առաջանում`ստեղծելով մթնոլորտային ճակատներ: Հենց այդ ճակատների վրա էլ տեղի են ունենում բոլորիս հայտնի եղանակային կտրուկ փոփոխությունները:

- Եթե եզրափակելու լինենք՝ ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ լավ օդերևութաբան լինելու համար, և ի՞նչ կմաղթեք Օդերևութաբանի մասնագիտական օրվա կապակցությամբ Ձեր գործընկերներին:

- Օդերևութաբանին անհրաժեշտ է մեծ սեր դեպի մեր գիտությունը: Եթե դա չլինի, ինչքան էլ աշխատասեր լինես, ինչքան էլ կարդաս, չես հասնի ցանկալի արդյունքի: Իմ գործընկերներին մաղթում եմ, որ կատարեն միայն լավ կանխատեսումներ: Քանի որ պատերազմական աղետներ ենք ունենում մեր սահմաններում, թող գոնե բնական աղետները մեզ հանգիստ թողնեն:

Զրուցեց Արփի Խաչատրյանը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: