Հայերեն   English   Русский  

​Քաղաքական PR-ը նախընտրական քարոզարշավում. ո՞վ է առաջատարը


  
դիտումներ: 13685

Հայաստանում տարեցտարի աշխուժանում ու առավել մեծ պահանջարկ է վայելում քաղաքական փիարը, որի կիրառումը հատկապես քաղաքականության մեջ չափազանց կարևոր է հանրության կողմից դրական ընկալման և հաջողության հասնելու համար: 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մասնագետները նկատում են քաղաքական փիարի էական առաջընթաց, ինչը հասարակ քաղաքացին միգուցե չի նկատում, սակայն ակամա դառնում է այդ գործընթացի մի մասը: Չէ՞ որ փիարի թիրախը հենց հասարակությունն է, ավելի ճիշտ՝ ընտրազանգվածը:

Իսկ թե որքանով են քաղաքական ուժերը տիրապետում փիար տեխնոլոգիաներին ու գործիքներին և կարողանո՞ւմ են արդյոք դրանք ճիշտ օգտագործել ու ծառայեցնել նպատակին, ցույց կտա ընտրությունների արդյունքը:

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ, հանրային կապերի մասնագետ Աստղիկ Ավետիսյանն ասում է, որ այս ընտրությունները նախորդներից տաբերվում են հենց նրանով, որ բավականին շատ փիար գործիքներ ու տեխնոլոգիաներ են կիրառվում, ավելի շատ է գնահատվում փիար մասնագետի դերը: Միաժամանակ նշում է, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններից ու դաշինքներից քչերն են փիարի մասին մտածելու բավարար ժամանակ ունեցել, քանի որ վերջին պահին են քաղաքական «ամուսնություններ» կնքել: «Այդ առումով, օրինակ, Հանրապետական կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունն այդ ուղղությամբ երկար աշխատանք են տարել, ՀՅԴ-ն՝ նույնպես, չնայած նրանց քարոզարշավները հիմնականում ավանդական բնույթ ունեն»:

Փիար տեսանկյունից որևէ աշխատանք, ըստ նրա, չի տարել միայն Կոմունիստական կուսակցությունը, որը գրեթե պատահաբար հայտնվեց քարոզարշավում, այն էլ` լրիվ հին գաղափարախոսությամբ, կարգախոսով ու մոտեցումներով` մոռանալով, որ աշխարհն ու մարդիկ փոխվել են. «Եթե կուսակցությունը մոդեռնացվեր և վերցներ իր հիմնական թիրախները, հնարավոր է` որոշակի հաջողության հասներ»,- նշում է մասնագետը:

Հետաքրքիր զարգացումներ նա տեսնում է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի պարագայում, որի առաջին երեք դեմքերը, ժամանակին լինելով պետական բարձր պաշտոններում, փորձում են հասարակությանը ներկայացնել յուրաքանչյուրի ուժեղ կողմերը: Այնուամենայնիվ, մասնագետը դաշինքի փիար գործունեությունը հաջողված չի համարում: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի փիար գործունեությանը բացասաբար է անդրադարձել նաև Րաֆֆի Հովհաննիսյանի բացակայությունը քարոզարշավից, որին նա միացավ միայն մարտի 20-ին:

Որպես փիար տեսանկյունից չհաջողված միություն մասնագետը մատնանշում է նաև ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը. «Եթե ուշադրություն դարձնեք լոգոյին, կնկատեք, որ ՀԱԿ-ի լոգոն է օգտագործված և ընդամենը մեջտեղում գրված է ՀԺԿ:»

Փոխարենը նա հաջողված է համարում «Ելքի» փիար քարոզարշավը, որի դեպքում ոչ միայն հետաքրքիր ձևով է ներկայացված անվանումը, այլև կարգախոսը, գույները: «Նրանք էլ կարճ ժամանակ ունեին, բայց քանի որ այնտեղ երիտասարդների խումբն ավելի մեծ էր, նրանց մտածողությունը տարբերվում է, կարողացան շատ արագ կողմնորոշվել ու ստեղծել հաջողված կարգախոս, անվանում: Անգամ երբ փողոցով անցնում ես, պաստառների մեջ աչքի է ընկնում «Ելք»-ինը, քանի որ դեղին գույնը փիարի տեսանկյունից լավ գույն է, իրենք էլ ճիշտ ձևով են դա օգտագործել»:

Ընդհանուր առմամբ մասնագետն այս ընտրություններում կարևորում է երիտասարդության գործոնը և այդ առումով առանձնացնում «Ելք»-ը, «Ազատ դեմոկրատները» և Հանրապետականը, որոնցում ներգրավված են մեծ թվով երիտասարդներ, ինչը լավ փիար տեխնոլոգիա է. «Այս քարոզարշավը ցույց տվեց, որ երիտասարդների ներուժը գրագետ ու ճիշտ օգտագործելով` կարելի է որոշակի արդյունք արձանագրել»:

Խոսելով «Ծառուկյան» դաշինքի մասին` մասնագետը նկատում է, որ Հայաստանում վերջին ժամանակներս չի եղել, որ հավաքվեն անձի շուրջը: «Այս դեպքում մարդիկ հավաքված են Ծառուկյան անձի շուրջը, ինչը նույնպես հետաքրքիր իրողություն է»:

Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի փիար խումբը նույնպես նախապես բավականին մեծ աշխատանք էր կատարել: Հիշենք, որ նրա մասին «Կենտրոն» հեռուստաընկերությունը ցուցադրում էր ֆիլմաշար, որում ներկայացվում էր Ծառուկյանի կերպարը իբրև բարեգործ, կառուցող, ընտանիքի լավ հայր, լավ ամուսին և այլն: Ըստ Աստղիկ Ավետիսյանի՝ դա նույնպես ազդեցություն է գործել հատկապես մարզերում ապրող, հողի հետ աշխատող մարդկանց շրջանում: «Մի կարևոր հանգամանք էլ՝ կապված Գագիկ Ծառուկյանի հետ. նա միակն է քաղաքականության մեջ, որ ոչ միայն ընտրությունից ընտրություն է բարեգործություն անում, այլև ողջ տարվա ընթացքում աշխատում է մարդկանց հետ, և դա իր համար քաղաքական լուրջ ներուժ է»:

Աստղիկ Ավետիսյանը, իբրև փիար մասնագետ, այնուամենայնիվ ամենագրագետը համարում է Հանրապետական կուսակցության քարոզարշավը: «Մենք չենք տեսնում այստեղ ՀՀԿ, փոխարենը տեսնում ենք LoveArmenia: Ոչ ոք չէր մտածում, որ Հանրապետականի ցուցակում կներգրավվեն այսքան շատ երիտասարդներ, հին դեմքերը դուրս կգան, այսինքն՝ սա Հանրապետականի համար նաև զտման մեխանիզմ էր, որը ցույց է տալիս, որ իշխանությունն արդեն հասկացել է իր թույլ կողմերը և ուժեղացնում է իրեն»:

Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության քարոզարշավի առանցքային դեմքին` Կարեն Կարապետյանին, ապա նա, ըստ մասնագետի, իդեալական կերպար է բոլոր տեսանկյուններից. արտաքին տեսք, իմիջային հատկանիշներ, վերբալ հաղորդակցություն, ժեստիկուլյացիա և այլն: Աստղիկ Ավետիսյանի դիտարկմամբ՝ հատկապես կանանց շրջանում Կարեն Կարապետյանի նկատմամբ ընկալումը բավականին դրական է:

Աստղիկ Ավետիսյանը ուժեղ է համարում նաև Հանրապետականի նախընտրական տեսահոլովակի տպավորիչ կողմերը, նաև բավականին աշխատանք է տարվել երգի բովանդակության, կերպարների ընտրության, ասելիքի առումով:

Անդրադառնալով «Հայկական վերածնունդ» կուսակցության փիար արշավին` մասնագետն ասում է, որ կուսակցության հաջողությունն առավել երկարատև ժամանակահատվածում ընտրողի հետ աշխատանք կատարելու հնարավորություն ունենալն էր: Հիշենք, որ 2014 թվականից ի վեր, ինչ Արթուր Բաղդասարյանը հրաժարվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, ըստ էության, նախընտրական գործունեությամբ էր զբաղված:

Ինչ վերաբերում է դռնեդուռ ընկած բուկլետներ բաժանելու մեթոդին, ինչը քաղաքացիների համար պարզապես լրացուցիչ աղբ է ստեղծում, Աստղիկ Ավետիսյանը նշում է, որ այդ մեթոդով շատ թեկնածուներ ոչ թե հաղթելու խնդիր են լուծում, այլ պարզապես հանրությանը ճանաչելի դառնալու:

Միաժամանակ Աստղիկ Ավետիսյանը կարևորում է տարածքային ցուցակներում ընդգրկված անձանց գործոնը, որոնք էլ, ի վերջո, ձևավորելու են ապագա խորհրդարանը, իսկ համապետական ցուցակները շատ դեպքերում արտաքին տեսքն են ապահովում: Օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը, որ համապետական ցուցակում 91-րդն է, սակայն տարածքային ընտրապայքարում հաղթելու մեծ շանսեր ունի: Ի՞նչ փիար գործիքներ է Ալեքսանյանն օգտագործում, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչները նախորդ ընտրություններում նրան համեմատում էին Հիսուսի հետ, իսկ այս ընտրություններում՝ ցուցաբերում բացահայտ աջակցություն: Փիար մասնագետը Սամվել Ալեքսանյանին այս դեպքում համեմատում է Գագիկ Ծառուկյանի հետ և նշում, որ երկուսի դեպքում էլ առկա է նույն գործոնը. «Սամվել Ալեքսանյանն օրական x թվով մարդկանց հաց է տալիս անվճար, արդեն տարիներ շարունակ: Անհնար է, որ մարդն ինչ-որ մեկից տարիներ շարունակ մի բան վերցնի, բայց ընտրի մյուսին: Այսինքն՝ Սամվել Ալեքսանյանն ու Գագիկ Ծառուկյանն անընդհատ աշխատանք են տարել ընտրողի հետ և ժամանակի հետ նաև ձեռք բերել ընտրողների որոշակի հատվածի վստահությունը»:

Մինչ փիար մասնագետները վերլուծում ու նախնական եզրակացություններ են անում մասնագիտական տեսանկյունից, չպետք է մոռանալ, որ մեր հասարակությունն անկանխատեսելի է, չի բացառվում, որ անգամ լավագույն փիար քարոզարշավը հարվածի հենց իրականացնողին: Հիշենք, որ փիարը պետք է կառուցված լինի ազնիվ ու ճշգրիտ տեղեկատվության վրա, ձեռնածվություն չանի ու չապակողմնորոշի ընտրողին: Այնպես որ՝ մեր իրականության մեջ գրագետ փիարը կարևոր է, բայց ոչ որոշիչ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: