Հայերեն   English   Русский  

​Ասեղնագործության բացառիկ նմուշ, որի հայկական ծագման վրա փորձում են լույս սփռել հայ մասնագետները


  
դիտումներ: 7101

Հոլանդիայի Մաաստրիխտ քաղաքում գտնվող թանգարաններից մեկում ցուցադրված է մի պատառիկ, որն ամենայն հավանականությամբ հայկական ամենահին գործվածքներից մեկն է` Մարաշի ասեղնագործության բացառիկ նմուշ: Այս արժեքավոր նմուշը Հոլանդիայում պատահաբար նկատել է «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ, «Ասրապ» թաղիքագործության ակումբի ղեկավար, ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը, որ ճանապարհորդությունների ժամանակ հաճախ է այցելում թանգարաններ:

Ասեղնագործության պատառիկը թվագրված է XIV դարով, որը որոշել են հոլանդացի փորձագետները, բայց ներկայացված է անհայտ ծագումով: «Անգամ կարատեսակի մասին տեղեկություն չկար,- ասում է Լալա Մնեյանը,- բայց այն մեզ հայտնի է իբրև Մարաշի կար: Ի դեպ, պատառիկը շատ հետաքրքիր վայրում է, մի վանքի գանձատանը, որտեղ թաղված է Սուրբ Սրվասը, որը IV դարում Հայաստանից է գնացել Հոլանդիա, քրիստոնեություն տարածելու»:

Հոլանդիայի փորձագետներից ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար հայ մասնագետները խնդրել են հայտնել, թե որտեղից է այն հայտնվել թանգարանում:

Սա նաև առիթ է դարձել, որպեսզի Լալա Մնեյանը հետազոտական աշխատանք կատարի: Եվ պարզվել է, որ տարբեր վայրերում նույնպես կան նման հին պատառիկներ, որոնք թվագրվում են X-XV դարերով, և որտեղ գտնվում են պատառիկները, կա նաև հայկական հետք: Սա նույնպես հիմք է կարծելու, որ ժողովրդական այդ արվեստը հենց հայերն են իրենց հետ տարել այդ երկրներ:

Ասեղնագործությունը հայկական կիրառական արվեստի բավական տարածված ճյուղ է, ժողովրդական արվեստի մի ուրույն բնագավառ, և Հայաստանում մենք ունենք հսկա ժառանգություն` սփռված տարբեր թանգարաններում: Ասեղնագործների պակաս էլ չունենք, սակայն ասեղնագործություն ուսումնասիրողների խնդիր այսօր կա: «Սա մի բագավառ է, որը լուրջ ուսումնասիրության կարիք ունի, և սա մեկ հոգու գործ չէ, սրանով պետք է մասնագետների խումբ զբաղվի, հետազոտական աշխատանքներ կատարվեն, կապեր հաստատվեն, գնան դրանց հետքերով: Այսինքն` Հոլանդիայում հայտնաբերված պատառիկը առիթ է, որ մենք բարձրաձայնենք այդ խնդրի մասին գլոբալ առումով»,- ասում է մասնագետը` հավելելով, որ մենք անընդհատ բանավեճերի մեջ ենք այս կամ այն բանի հայկական ծագման շուրջ, բայց աշխարհը ոչ թե դարերով է առաջ գնում, այլ վայրկյաններով. համացանցում ամեն վայրկյան հայտնվում են նյութեր, և հետո շատ դժվար է լինում հետ պտտել անիվը:

Լալա Մնեյանի խոսքով` միայն մեր իմանալը բավարար չէ, պետք է շտապել և ճիշտ ու հիմնավոր ներկայանալ, որպեսզի մեր մշակույթը միջազգայնորեն ի ցույց դրվի աշխարհին:

ասեղնագործություն

«Կենաց տուն» կազմակերպությունը, օգտագործելով Հոլանդիայի Մաաստրիխտ քաղաքում պահվող Մարաշի ասեղնագործության նմուշի բացահայտման առիթը, հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ` կոչ անելով ասեղնագործներին միավորվել, կազմակերպել ցուցահանդես և դասընթացներ, որի առանցքում կլինի Հոլանդիայում գտնվող պատառիկը: Ասեղնագործության այդ նմուշը, որ պահպանվել է Սուրբ Սրվասի գանձատանը, կենաց ծառի զարդանախշ է, բայց գագաթը չկա, վնասված է: Հայտնի չէ նաև, թե դա ինչ առարկա է և ինչ հորինվածքով է ներկայացված: «Մենք ասեղնագործներին երեք խնդիր ենք առաջարկում,- ասում է Լալա Մնեյանը,- առաջին` յուրաքանչյուրը պետք է ներկայացնի այդ ստեղծագործության ամբողջացման իր տարբերակը, երկրորդ` որոշի, թե ինչ առարկայի վրա է այն արվել և երրորդ` ինչ ձևով է դասավորված, այսինքն` ստեղծագործության ընդհանուր կառուցվածքը»:

Դրանից հետո արդեն ասեղնագործներին առաջարկվելու է զարդանախշը տարբեր ձևերով կիրառել` այլ կարատեսակով, այլ տեխնիկայով, անգամ փայտի կամ մետաղի վրա և այլն: Իսկ հետագայում հնարավոր է` կազմակերպվի այդ աշխատանքների ցուցահադեսը Հոլանդիայում: Բացի այդ, այս առիթով ասեղնագործություն դասավանդող կենտրոնները հանդես կգան հատուկ դասընթացով` կազմակերպելով Մարաշի ասեղնագործության ուսուցում և հիմնվելով հենց այս հնագույն նմուշի վրա։

«Առհասարակ սա լավ առիթ է ևս մեկ անգամ խոսելու մեր ասեղնագործության մասին, ներկայանալու, կրկին անդրադառնալու կենաց ծառին ու Մարաշի ասեղնագործությանը: Մենք մեր մշակույթի մեջ, մեղմ ասած, շատ համեստ ենք և շատ վատ ենք ներկայացված: Բնական է, երկար դարեր լինելով խոշոր կայսրությունների հպատակ, մեր ասեղնագործությունը ներկայացվել է այդ կայսրությունների անվան տակ»:

Ժողովրդական վարպետը կարծում է` ժամանակն է, որ մենք ներկայացնենք մեր մշակույթը, որպեսզի չանտեսվենք և մեր ստեղծագործությունները չդառնան այլ ժողովուրդների հարստություն:






Մեկնաբանություններ - 1

Եւնիկէ Եագուպեան     29.03.2017 Հետաքրքրական յօդուած է իսկապէս: Ես ալ իմ կարգիս ժառանգած ըլլալով մեծ մօրմէս ասեղնագործութեան արուեստը, մասնաւորաբար հմտացած եմ Մարաշի ասեղնագործութեան մէջ: Մեծ մայրս ունեցած է իր ձեռարուեստի աշխատանոցը Պէյրութի մէջ երբ գաղթական եկած են Մարաշէն, եւ իրենց ասեղնագործութիւններուն մեծ մասը օրին առաքած են Եւրոպա եւ Ամերիկաներ:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: