Հայերեն   English   Русский  

ՀՀԿ-ի հետ ոչ մի քաղաքական ուժ լրջորեն չի պայքարում, քանի որ գիտի` չի կարող հավաքել 54 տոկոս ձայն. Ալեքսանդր Իսկանդարյան


  
դիտումներ: 737

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կանխատեսելի է համարում ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Նախընտրական պայքարը, ըստ քաղաքագետի, ընթանում է առաջին հերթին ընդդիմադիր դաշտում, որտեղ ուժերը պայքարում են նախևառաջ խորհրդարան անցնելու համար, ապա խորհրդարանում միակ իսկական ընդդիմադիրի կոչումը ստանալու համար: Իսկ ՀՀԿ-ի հետ, նրա կարծիքով, ոչ մի քաղաքական ուժ լրջորեն չի պայքարում, քանի որ գիտի` չի կարող հավաքել 54 տոկոս ձայն:

Քաղաքագետը լուրջ չի վերաբերվում նաև սոցիոլոգիական հարցումներին, քանի որ, ըստ նրա, մարդկանց որոշումները մինչև բուն ընտրությունները կարող են դեռ փոխվել, մարդիկ իրենց որոշումը կկայացնեն ավելի ուշ, ընտրությունների նախօրեին, իսկ նրանք, ովքեր պետք է քվեարկեն ՀՀԿ-ի օգտին, այդ մասին, սովորաբար, անհարմար են զգում ասել հարցումների ժամանակ:

«Այս պահին չկա որևէ քաղաքական ուժ, որն առաջարկի արմատական փոփոխություններ երկրում, ինչպես որ արեց Լևոն տեր Պետրոսյանը 2008-ի ընտրությունների ժամանակ: Ահա թե ինչու, ընդդիմադիր և ոչ մի ուժ չունի համախոհների այն մեծ բազմությունը, որ ուներ Լևոն տեր Պետրոսյանը 2008-ին: Չկա մի ուժ, որը հավակնում է վերցնել ՀՀԿ-ի ձայները»,- ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով Լևոն տեր Պետրոսյանի հարցազրույցին` քաղաքագետը նկատեց, որ Լևոն տեր Պետրոսյանը հանդես է եկել որպես քաղաքագետ, վերլուծաբան` արտահայտվելով հանգիստ և հավասարակշռված, առանց ավելորդ էմոցիաների:

« Շատ հերաքրքիր է Լևոն տեր Պետրոսյանին համեմատել մի քանի տարի առաջվա Լևոն տեր Պետրոսյանի հետ: Մի քանի տարի առաջ նրա քաղաքական ուժի նպատակն էր` իշխանություններին մեղադրելով` գալ իշխանության: Իսկ այսօր ՀԱԿ-ն իր առաջ նման պահանջ, կարծես թե, չի դրել: Նա չի ցանկանում փոխել, նա ցանկանում է ուղղել և վերականգնել`օգնելով եղած իշխանություններին»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հարցին` Սամվել Բաբայանի ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքս տեսնու՞մ է, թե ոչ, քաղաքագետը պատասխանեց. «Ես քրեական հարցեր չեմ մեկնաբանում, քանի որ փորձագետ չեմ, և հետո չկան դեռ լուրջ արձանագրված փաստեր, իսկ որպես քաղաքագետ կասեմ, որ այս դեպքը կարող է օգտագործվել քաղաքականության մեջ, ինչն էլ փորձում է անել Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը: Նրանք փորձում են օգտագործել այս փաստը ընտրություններից առաջ ռեյտինգ ձեռք բերելու համար: Իսկ դա վկայում է այն մասին, որ նրանք այլ շանսեր չունեն: Այս փաստերն օգտագործելով` ՕՐՕ-ն փորձում է իր կողմը ձգել ընտրազանգված: Սակայն, պետք է նկատել, որ ՕՐՕ-ի բոլոր երեք ներկայացուցիչներն էլ եղել են ղեկավար կազմում, մեկն էլ վերջերս, իսկ նման մարդկանց հանդեպ ժողովրդի վստահությունը մեծ չէ»,- նկատեց քաղաքագետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: