Հայերեն   English   Русский  

Աշխարհի առաջին կին օվկիանոսագետը` հայազգի Անիտա Կոնտին


  
դիտումներ: 4306

Ժակ Իվ Կուստոն խոստովանել է, որ Անիտա Կոնտիի հետազոտությունների, լուսանկարների և գրքերի շնորհիվ մարդիկ այժմ պատկերացում ունեն ստորջրյա աշխարհի կյանքի մասին:

Ազգությամբ հայ, ֆրանսիացի Մարտա Բեատրիս Անիտա Կոնտին (ի ծնե` Կարագոշյանը) աշխարհում առաջին կին օվկիանոսագետն է, բնախույզ, լուսանկարիչ: Անիտա Կոնտին ծնվել է 1899թ. մայիսի 17-ին Ֆրանսիայի Էրմոնտ քաղաքում, Կարագոշյանների հարուստ հայկական ընտանիքում: Տնային լավ կրթություն է ստացել: Նրա ընտանիքը շատ էր ճանապարհորդում: Դեռևս վաղ մանուկ հասակից Անիտայի մեջ ձևավորվում է սերը ծովի և գրքերի հանդեպ։

Անիտա Կոնտի

Փարիզ տեղափոխվելուց հետո կենտրոնանում է բանաստեղծություններ գրելու և գրքեր կազմելու արվեստի վրա: Նրա աշխատանքներն արժանանում են հայտնի մարդկանց ուշադրությանը, և նա սկսում է տարբեր ստեղծագործությունների համար մրցանակներ ստանալ Լոնդոնում, Նյու Յորքում, Փարիզում և Բրյուսելում:

1917թ. Ատլանտյան օվկիանոսի ֆրանսիական ափին կատարում է իր առաջին լուսանկարները:

Անիտա Կոնտի

1927թ. ամուսնանում է իտալացի դիվանագետ Մարսել Կոնտիի հետ և սկում է ճանապարհորդել ամբողջ աշխարհով` ուսումնասիրելով ծովը և այն խնդիրները, որոնց բախվում են ձկնորսները:

Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում Անիտա Կոնտին մշակում է ձկնորսության գիտական մեթոդիկան` կիրառելով նավիգացիոն քարտեր: Բազմաթիվ գիտական հոդվածներ և զեկույցներ է հրատարակել արդյունաբերական ձկնորսության բասացական հետևանքների և ձկնորսության հետ կապված բազմաթիվ խնդիրների մասին:

Անիտա Կոնտի

1939թ. 3 ամսով «Վիկինգ» ձկնորսանավով ձողաձուկ որսալու համար Արկտիկա է ուղևորվում: Արդեն այնտեղ նա գալիս է այն երզրահանգման, որ ձկնորսության չարաշահումը կարող է չափազանց ծանր հետևանքների հանգեցնել:

1941-1943թթ. ֆրանսիական ծովակալության հանձնարարությամբ ձկնորսանավով երթևեկում է Աֆրիկայում` կատարելագործելով ձկնորսության մեթոդները, կազմում է քարտեզներ, նկարագրում նոր ձկնատեսակներ: Ուսումնասիրության հիմնական նպատակը բնակչությանը և ֆրանսիական բանակին ձկնատեսակներով մատակարարելն էր:

Անիտա Կոնտի

Նա սովորեցնում է ձկնորսներին` առաջարկելով տեղական ձկնորսական տեխնիկայի բարելավում, սահմանում է ձկները հավաքելու և պահելու մեթոդները: Փորձում է շնաձկերի փորձարարական արդյունահանություն ստեղծել, որոնց լյարդում զգալի քանակությամբ А վիտամիններ է պարունակվում:

1943 թվականին Ալժիրի կառավարությունը Կոնտիին պատվիրեց ուսումնասիրել Հարավային Աֆրիկայի ձկնային ռեսուրսները, իսկ Մավրիկիայի, Սենեգալի, Գվինեայի և Կոտ դ'Իվուարի առափնյա ծանծաղուտի հետազոտությունն Անիտայից մոտ 10 տարի խլեց: Անիտա Կոնտին ուսմունասիրեց ջրի հատակը, ձկնային ռեսուրսները և այլն: Բացի այդ, նա ուսումնասիրեց տեղական ավանդական ձկնորսության մեթոդները:

Նրա գիտական խորհուրդները կոչված էին վերարտադրության համար պահպանել բավարար ձկնային ռեսուրսներ և կանխել ձկնորսության վայրի մեթոդները, որը կիրառում են ձկնորսական արդյունաբերության մեջ:

Ֆրանսիա վերադառնալով` պայմանագիր է կնքում մի հրատարակչի հետ, որը պատվիրում է նրան նկարագրել Նյուֆաունդլենդի արդյունաբերական շրջանի պատմությունը։

Անիտա Կոնտի

Որպես ակվամշակույթի նվիրյալ` 1960թ. առաջարկում է ծովային միջավայրի համալրման մեթոդներ։ 1952թ. Անիտա Կոնտին վերադառնում է Փարիզ:

Ադրիատիկ եւ Հյուսիսային ծովերի ափին վայրի ձկների բուծման գյուղացիական տնտեսություններ է հիմնում: 1971թ. Անիտա Կոնտին օվկիանոսի, կենդանիների և մարդու փոխգործակցության մասին հետազոտություններ է հրապարակում` առաջարկելով մեթոդներ, որոնք կապահովեն օվկիանոսի վրա մարդու ազդեցության ընթացքում հավասարակշռության պահպանմանը:

Կյանքի մնացած տարիներին Անիտա Կոնտին տարբեր համագումարների, կոնֆերանսների և ֆորումների շրջանակներում ծովային աշխարհի պահպանման օգտին բազմաթիվ ելույթներով է հանդես եկել: Նա ֆրանսիայում և ամբողջ աշխարհում առաջին կին օվկինաոսագետն էր:

1997թ դեկտեմբերի 25 -ին կյանքից հեռացավ 99 տարեկան հասակում:

Անիտա Կոնտի

Դեռևս երիտասարդ տարիքում «Թեոդոր Թիսյե» նավով օվկիանոսում և ծովերում ուսումնասիրում և սահմանում էր ձկների վտառների վայրերն ու դրանց գտնվելու խորությունը: Հանգամանորեն ուսումնասիրելով Հյուսիային Ատլանտիկայի և Աֆրիկայի արևմտյան ափերը` գրել է «Կինը ծովում» և «Օվկիանոսի ափերը» գրքերը:

Անիտա Կոնտին բազմաթիվ խնդրահարույց հոդվածներ, բանաստեղծություններ, պոեմներ, փիլիսոփայական էսսեներ է հրապարակել և իր լուսանկարները ներկայացրել աշխարհի տարբեր երկրներում: Անձամբ պատկերազարդել է իր հեղինակած բոլոր գրքերը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի հենց սկզբում Պա Դե Կալե նեղուցում, Բարենցի ծովում և Շպիցբերգենում ականազերծման հարցերով է զբաղվել: Հետպատերազմյան սովի տարիներին շատ երկրներ օգնություն ցուցաբերելու խնդրանքով հրավիրում էին Անիտային, որպեսզի ինչպես այն ժամանակ ասում էին, նրա օգնությամբ տեղեկանային գրագետ և ամենաբարենպաստ ձկնորսության մեթոդներին:

Օվկիանոսագիտության բազմաթիվ միջազգային կոնֆերանսների ընթացքում քննարկվել են նրա զեկույցներն ու աշխատանքները:

Ֆրանսիացի հայտնի գիտնական, ջրասույզ Ժակ Իվ Կուստոմ բազմիցս հայտարարել է, որ որ առանց Անիտա Կոնտիի ուղղակի հնարավոր չէր լինի կազմակերպել և ստեղծել Մոնակոյի հայտնի Օվկիանոսագիտական թանգարանը:

Ժակ Իվ Կուստոն նաև խոստովանել է, որ Անիտա Կոնտիի հետազոտությունների, լուսանկարների և գրքերի շնորհիվ մարդիկ այժմ պատկերացում ունեն ստորջրյա աշխարհի կյանքի մասին:

Անիտա Կոնտին լուսանկարչական սարքը ձեռքին ճանապարհորդել է ամբողջ աշխարհով: Յուրահատուկ ալբոմներ է ստեղծել Շոտլանդիայի, Իսլանդիայի և Գրենլանդիայի մասին:

Ժամանակակից աշխարհում նրան «Շրջազգեստով Մագելան» են անվանում:

Նրա աճյունափոշին, իր կտակի համաձայն, սփռել են Միջերկրական ծովում։

Ֆրանսիայում Անիտա Կոնտիի անվան լուսանկարների գրադարան է բացվել:

Նրա հիշատակը հավերժացնելու համար կառուցվել է «ANITA CONTI» ձկնորսական նավը: Ֆրանսիայում նրա անունով փողոց, զբոսայգի և վարժարան կա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: