Հայերեն   English   Русский  

​Հայկական հուշարձանները մեր անձնագրերն են, Ադրբեջանը վախենում է մեր անձնագրերից. հուշարձանագետ Սամվել Կարապետյան


  
դիտումներ: 1347

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը և ճարտարապետ Աշոտ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրին հիմնադրամի հրատարակած

«Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» եռալեզու գիրքը, և դրա քաղաքական նշանակությունն ու կարևորությունը: «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» գրքում տեղ գտած նյութերը (4-20-րդ դդ. 120 հուշարձանների վերաբերյալ) արդեն արծարծվել են տարբեր հրատարակություններում, այդ թվում` «Վարձք» հանդեսում:

«Մի քանի տարի առաջ էլ մեր Արտաքին գործերի նախարարությունը համանման գիրք պատվիրեց, որտեղ մեր կամքին հակառակ՝ ինչ-ինչ խմբագրումներ արեց՝ «հայկական ուժերի վերահսկողության տարածքի ներքո գտնվող հուշարձաններ» ձևակերպմամբ: Պատճառաբանեցին, որ միայն այդ դեպքում կարող են իրենց անունը գրքի վրա գրել: Արտգործնախարարությունից նաև ասացին, որ գիրքը պետք է հրատարակվի Մոսկվայում, իբր «պրեստիժ» է այնտեղ հրատարակելը: Ավելի ուշ մենք տեսանք, որ անգամ խմբագրումներից հետո չեն համարձակվել իրենց անունը դնել գրքի վրա»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Հուշարձանագետը նշեց, որ գրքում տեղ գտած լուսանկարների մեծ մասը ինքն է նկարել, մի մասը տիեզերքից են արվել, կան լուսանկարներ էլ, որ օտարազգիներն են փոխանցել իրենց կազմակերպությանը:

«Ցանկացած օտարազգի ուսումնասիրողի համար խնդիր է Ադրբեջանի այսօրվա տարածքում հայկական հուշարձաններով հետաքրքրվելը: Մի շոտլանդացի ուսումնասիրող 3 շաբաթվա վիզա ուներ, սակայն հնարավորություն չունեցավ աշխատել Նախիջևանում, քանի որ 3 օրից նրան հասկացրին, որ պետք է հեռանա: Հայկական հուշարձանները մեր անձնագրերն են, Ադրբեջանը վախենում է մեր անձնագրերից»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Ճարտարապետ Աշոտ Հակոբյանն էլ, անդրադառնալով Ադրբեջանի վարած հակամշակութային քաղաքականությանը և Ադրբեջանցի դեսպանի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հնարավոր ղեկավար դառնալուն, նշեց, որ Ադրբեջանի գործելաոճը վանդալիստական է և տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ հնարավոր է հայկական հուշարձանները բնաջնջած երկրի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ընտրվի ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: