Հայերեն   English   Русский  

Ներգաղթը մարտահրավեր է ինչպես ներգաղթյալների, այնպես էլ ընդունող երկրների համար. ցուցահանդես սիրիահայերի հաջողությունների մասին


  
դիտումներ: 6759

Երևան քաղաքի պատմության թանգարանում այսօր կայացավ «Վերսկիզբ. Սիրիահայերի հաջողություններն ու ավանդը Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը:

Տեղի ունեցավ նաև համանուն գրքի շնորհանդեսը:

«Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագիրը իրականացնում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում և Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ: Ցուցահանդեսում ներկայացված են մոտ 30 սիրիահայ գործարարների լուսանկարներ, որոնք իրենց հաջողույունների պատմություններով կիսվել են համանուն գրքում:

Լուսանկարներում պատկերված են տարբեր սեռի, տարիքի, կրթության, տարբեր ոլորտներում բիզնեսներ ունեցող մարդկանց, որոնք, սակայն, ունեն միևնույն ձգտումը՝ ներդնել իրենց փորձն ու ձեռնարկատիրական հմտությունները Հայաստանի տնտեսության զարգացման գործում և այսկերպ ոգեշչնել այլոց՝ հետևելու իրենց օրինակին:

Ցուցահանդեսում ներկայացված նկարների հեղինակներն են՝ Տաթև (Ազատուհի) Մնացականյանը և Նազիկ Արմենակյանը:

Բացման խոսքում ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն հիշեցրեց, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից ի վեր Հայաստանն այդ երկրից ապաստան է տվել ավելի քան 22 000 փախստականի: ՀՀ-ն մեկն է մեկ շնչին ընկնող առավելագույն թվով փախստականների ընդունած եվրոպական երկրներից. «Սխալ է ասել, որ ներգաղթը մարտահրավեր չէ: Այն մարտահրավեր է ինչպես ներգաղթյալների, այնպես էլ՝ ընդունող երկրի համար՝ ԵՄ-ում և այստեղ՝ Հայաստանում: Սակայն տեսնելով այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում մենք չենք կարող անտարբեր լինել: Չերչիլն ասում էր՝ «Հզոր լինելու հիմքում ընկած է պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը»: Հայաստանն այդ պատասխանատվությունը վերցրել է: Պետք է շեշտել, որ ներգաղթյալներ կարող են էապես հարստացնել իրենց ընդունեղ երկրները: Այդ է վկայում Գերմանիայի՝ վերջին հարյուրամյակների փորձը»,- ասաց դեսպանը:

«Սիրիահայերի միություն» ՀԿ-ի նախագահ Ներսես Քեվոն իր հերթին նշեց Սիրիայից ՀՀ եկած հազարավոր սիրիահայերը մեծ դժվարություններ ունեցան հատկապես տնտեսական առումով. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը և տեղի հասարակությունը շատ լավ հյուրընկալեցին սիրիահայերին: Այս ցուցահանդեսը պատմական արժեք է և անշոշափելի ապացույց է, որ սիրիահայերը ձգտել են և կարողացել են Հայաստանում հիմնել իրենց բիզնեսը հակառակ երկրում եղած դժվարին պայմաններին: Սա նաև ոգևորում և քաջալերում է սիրիահայերին ավելի զարգացնել իրենց գործը: Մենք ազգովին՝ Սփյուռք, ՀՀ, Արցախ եռամիասնությամբ, փորձելու ենք ելքեր գտնել երկրում հաստատված տնտեսական ծանր վիճակից»,- նշեց պարոն Քեվոն:

Լուսանկարները կցուցադրվեն Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանում ապրիլի 13-ից մինչև ապրիլի 26-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: