Հայերեն   English   Русский  

​ԱՐԱԲԱԿԱՆ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅՈՒՆ


  
դիտումներ: 6329

VIII դարում սերտացան Հայ առաքելական եկեղեցու հարաբերություններն արաբական խալիֆայության հետ: Պետականության բացակայության պայմաններում եկեղեցին, ձգտելով առաջնության, համաձայնության եկավ խալիֆայության հետ: Արաբները Հայաստանում պաշտպանում էին հայ եկեղեցու շահերը քաղկեդոնիկ Բյուզանդիայի ոտնձգություններից, փոխարենը եկեղեցին արաբներին հայերի հպատակության երաշխավորն էր: Եղան դեպքեր անգամ, երբ հայոց կաթողիկոսներն արաբական բանակներ առաջնորդեցին ապստամբ հայության դեմ:

Հայ-արաբական առնչությունները սկսվում են մ.թ.ա. I դարից: Հայերի և արաբների հարաբերությունները բարեկամական են: Սակայն այսօր շատ քիչ բան գիտենք արաբների պատմության, մշակույթի մասին: Պատկերացումները սահմանափակվում են իսլամի մասին սակավ, շատ դեպքերում՝ սխալ տեղեկություններով:

Դեռևս մ.թ.ա. I դարում հայոց արքայից արքա Տիգրան Բ Մեծը (մ.թ.ա. 95-55), նվաճելով Արևելքը, հարավային առևտրային ճանապարհների պահպանությունը վստահեց արաբներին, որոնք ոչ միայն պատվով կատարեցին իրենց գործը, այլև հետագայում աջակցեցին հայոց տիրակալին Հռոմի դեմ վարած պատերազմներում:

VII դարում Արաբիայում ձևավորվեց իսլամը, որի հիմնադիրն ու գաղափարախոսը Մուհամմեդ մարգարեն էր: Նա արաբական Խուռեյշ ցեղից էր: Մուհամմեդը հիվանդ էր, տառապում էր ընկնավորությամբ, տարօրինակություններ ուներ: Նա ամուսնանում է հարուստ այրու՝ Խադիջայի հետ, ինչը բարձրացնում է նրա սոցիալական կարգավիճակը; Ստանալով նյութական հնարավորություն՝ նա սկսում է քարոզել իր գաղափարները անապատի արաբներին:

Մուհամմեդը հայտարարեց, որ աստված՝ Ալլահը, մեկն է, բայց ունի բազում անուններ, իսկ ինքը աստծու կողմից երկիր առաքված վերջին մարգարեն է:

Ըստ էության՝ Մուհամմեդը քաջ գիտեր տարածաշրջանի իշխող վարդապետությունները, թե՛ հրեական թալմուդին էր ծանոթ, թե՛ քրիստոնեությանը:

Մուհամմեդին սկսեցին հալածել: Սակայն նա արդեն համակիրների հոծ բազմություն ուներ և աստիճանաբար զորեղանալով՝ քաղաքներ էր նվաճում: Ի վերջո, ստեղծեց ընդարձակ ու զորեղ կրոնապետություն, որտեղ աշխարհիկ ու հոգևոր իշխանությունը կենտրոնացած էր իր ձեռքին:

632 թ. Մուհամմեդ մարգարեն մահացավ և խալիֆայության ժառանգության համար պայքար սկսվեց: Մուհամմեդին խալիֆայության գահին հաջորդում է նրա երկրորդ կնոջ՝ Այիշայի հայր Աբու Բաքրը: Նրան հաջորդեց Օմար իբն Խատտաբին (634-644), ապա՝ Օսմանը:

Օսմանը Մուհամմեդի երկու դուստրերի ամուսինն էր, այդ պատճառով պատմությանը հայտնի է Երկու լույսերի տիրակալ անվամբ: Նրա օրոք հենց գրի առնվեց Ղուրանը և տարածվեց խալիֆայության բոլոր անկյուններում: Օսմանը սպանվում է տարեց հասակում, և խալիֆայությունը ժառանգում է Մուհամմեդի հորեղբոր թոռը՝ Ալի իբն Աբի Թալիբը (656-661), որ միաժամանակ նաև Մուհամմեդի կրտսեր դստեր՝ Ֆաթիմայի ամուսինն էր: Ալիի սպանությունից հետո արաբների մի մասը համարում էր, որ խալիֆայությունը պետք է ժառանգեն Մուհամմեդի թոռները՝ Հուսեյնն ու Հասանը, մյուս մասը կարծում էր, որ խալիֆայի պաշտոնը պետք է ընտրովի լինի: Այսպիսով, իսլամական աշխարհը բաժանվեց երկու մասի: Առաջինները կոչվեցին շիաներ, մյուսները՝ սուննիներ:

Այս պայքարում հաղթող հանդիսացավ արաբ զորավար, հայոց իշխան Թեոդորոս Ռշտունու հետ հայ-արաբական բարեկամական պայմանագիր կնքած Մուավիան՝ հիմք դնելով Օմայան դինաստիային: Խնդիրը հանգուցալուծվեց 657 թ. Սիֆֆինի ճակատամարտում: Այստեղ շիաները Ալիի առաջնորդությամբ վճռական առավելություն ունեին և կարող էին ջախջախել Մուավիայի ղեկավարած սուննիների բանակը: Սակայն Մուավիան դիմեց խորամանկության. հրամայեց, որ իր զինվորները նիզակներին անցկացնեն Ղուրանի թերթիկները: Արդյունքն այն էր, որ Ալիի կողմնակիցներից շատերը լքեցին նրան, նա բաց թողեց հաղթանակն ու սպանվեց:

Իսկ Մուավիան Դամասկոսը հռչակեց իր մայրաքաղաք և ամրապնդեց իր տոհմի իշխանությունը երկրում:

Մուավիայի սերունդներից Աբդ ալ-Մալիքը (685-705) վերջնականապես նվաճեց նաև Հայաստանը և ձևավորեց Արմինիա ոստիկանությունը:

Արաբական առաջին արշավանքը դեպի Հայաստան 640 թվականին էր: Դա հետախուզական-ավարառուական բնույթի արշավանք էր: Արաբները, անակնկալ ներխուժելով երկիր, հարուստ ավարով և բազում գերիներով հեռացան:

642 թ. արաբները կրկնեցին իրենց արշավանքը, սակայն այս անգամ հայոց բանակը, իշխան Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ, կազմ ու պատրաստ դիմավորեց թշնամուն և Արծափի ճակատամարտում ջարդ տվեց:

Արաբները հասկացան, որ նույնքան հեշտությամբ չեն կարող գրավել Հայաստանը, և մանավանդ ոխերիմ թշնամի Բյուզանդիայի դեմ պայքարում պատվար ունենալու նպատակով գերադասեցին հաշտություն կնքել հայերի հետ:

652 թ. Թեոդորոս Ռշտունին խալիֆի հետ պայմանագիր կնքեց, որի համաձայն՝ Հայաստանը միայն ձևականորեն էր ճանաչում խալիֆայության գերիշխանությունը: Հայաստանը երեք տարի հարկ չէր վճարելու արաբներին, ապա պետք է վճարեր որքան կամենար: Արաբներն իրենք էին հայոց հեծելազորի 15000-անոց գնդի ռոճիկը վճարում պետական գանձարանից: Արաբները նաև երաշխավորն էին Հայաստանի անվտանգության, որին կարող էր սպառնալ Բյուզանդիան:

Սա, ինչ խոսք, մեծ ձեռքբերում էր հայության համար: Բայց, ցավոք, պայմանագիրը երկար չգործեց: Հայ առաքելական եկեղեցին այն համարեց «պայմանագիր՝ կնքած սատանայի հետ» և վիժեցրեց: Եվ արաբները համարելով, որ հայերը միակողմանի խախտել են պայմանագիրը, սկսեցին հաճախակի ասպատակել Հայաստանն ու ի վերջո նվաճեցին երկիրը:

Ձևավորվեց Արմինիա ոստիկանությունը՝ Դվին կենտրոնով:

Պետք է նշել, սակայն, արաբների առանձնահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Արաբական խալիֆայության տարածքում ոչ մահմեդական բնակչությունը կոչվում էր զիմմի՝ ստրուկ: Զիմմիները պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունք չունեին: Զիմմի կարգավիճակ չունեին միայն հայերը: Անգամ հայոց իշխանը երբեմն արաբական փոխարքայի գործառույթներ էր կատարում:

VIII դարում սերտացան նաև Հայ առաքելական եկեղեցու հարաբերություններն արաբական խալիֆայության հետ: Պետականության բացակայության պայմաններում եկեղեցին, ձգտելով առաջնության, համաձայնության եկավ խալիֆայության հետ: Արաբները Հայաստանում պաշտպանում էին հայ եկեղեցու շահերը քաղկեդոնիկ Բյուզանդիայի ոտնձգություններից, փոխարենը եկեղեցին արաբներին հայերի հպատակության երաշխավորն էր: Եղան դեպքեր անգամ, երբ հայոց կաթողիկոսներն արաբական բանակներ առաջնորդեցին ապստամբ հայության դեմ:

Հայությունը մի քանի անգամ ապստամբեց արաբական տիրակալության դեմ: Ի վերջո, 867 թ. Հայաստանը կրկին անկախացավ Բագրատունիների տոհմի առաջնորդությամբ, իսկ խալիֆան հայոց անկախությունը ճանաչեց 885 թ.:

Մինչև VIII դարի կեսերը արաբական խալիֆայությունն ընդարձակվեց՝ ընդգրկելով հսկայական տարածքներ: Արաբները, Արևելքը նվաճելով, հասան Հնդկաստան, իսկ Արևմուտքում՝ Իսպանիա և Պորտուգալիա՝ նվաճելով նաև ողջ Հյուսիսային Աֆրիկան:

Արաբները 642 թ. Նեհավենդի ճակատամարտում ջախջախեցին պարսկական բանակն ու կործանեցին Սասանյանների թագավորությունը: Նրանք վճռական հարված հասցրին նաև Բյուզանդիային և դարձան աշխարհի ամենազորեղ տերությունը, որի տարածքներն ընդգրկում էին երեք աշխարհամաս:

747 թ. Օմայանների դեմ ապստամբեցին Աբբասյանները, որոնք սերում էին Մուհամմեդի հորեղբայր Աբբասից: 747 թ. նրանք Իրանի տարածքում ջախջախեցին Օմայանների զորքերը: Ի դեպ, ապստամբության առաջնորդը ազգությամբ պարսիկ Աբու Մուսլիմն էր: Նա հրամայեց, որ իր զինվորները սև դրոշներով մարտի դուրս գան: Այդ ժամանակներից սև դրոշը դարձավ Աբբասյանների խորհրդանիշը: 750 թ. Զաբի ճակատամարտում Աբբասյանները հաղթեցին և տապալեցին Օմայանների հարստությունը: Առաջին Աբբասյան խալիֆը Աբու ալ-Աբբասն էր: Նրա որդին՝ Աբու Ջաֆար ալ-Մանսուրին (754-775), կառուցեց Բաղդադ քաղաքը, որը կոչվեց Խաղաղության քաղաք:

Աբբասյանները սրակոտոր արեցին Օմայաններին: Ողջ մնաց միայն մեկը՝ Աբդ ալ-Ռահման իբն Մուավիան, որ փախչելով Իսպանիա՝ հիմնադրեց Կորդոբայի խալիֆայությունը, որը մեծ ազդեցություն ունեցավ Իսպանիայի և Պորտուգալիայի էթնոմշակութային նկարագրի վրա:

Արաբական խալիֆայությունը հզորության գագաթնակետին հասավ Հարուն ալ-Ռաշիդ (786-809) խալիֆի կառավարման տարիներին: Սակայն Ռաշիդի սպանությունից հետո խալիֆայությունը բաժանվեց նրա որդիների միջև, տրոհվեց և անկում ապրեց:

Արաբական խալիֆայության տարածքում աստիճանաբար մեծ ազդեցություն էր ձեռք բերում թյուրքական տարրը: Միջին Ասիայից բերված թյուրք գերիները որպես ստրուկ ղուլամ էին ծառայում արաբների մոտ: Սակայն հետագայում թյուրքերին ներգրավեցին նաև բանակում, ինչն ամրապնդեց նրանց դիրքերը խալիֆայության կառավարման համակարգում: 852 թ. 200-հազարանոց բանակով Հայաստան արշաված զորավար Բուղան ազգությամբ թյուրք էր:

Ամբողջ IX դարում խալիֆայության տարածքը ցնցվեց ապստամբություններից: Հզոր էր հատկապես Բաբեկի ղեկավարած ապստամբությունը: Բաբեկին գերեցին Սյունյաց իշխաններն ու հանձնեցին խալիֆին:

X դարում արաբական խալիֆայությունն այնքան էր թուլացել և մասնատվել, որ ամփոփվելով միայն Արաբական թերակղզու տարածքում և Միջագետքում՝ ռեալ ռազմական և քաղաքական ուժ չէր ներկայացնում այլևս:

945 թ. երկրում կրկին հեղաշրջում կատարվեց: Բաղդադը գրավվեց ապստամբ Բուիների կողմից: Արաբական խալիֆայությունը դարձավ աշխարհիկ պետություն, խալիֆը դարձավ սոսկ հոգևոր առաջնորդ:

Խալիֆայությունն արագ տեմպերով անդունդ էր գահավիժում: Շուտով պետությունն ընկավ սելջուկյան հարվածներից: Սելջուկները ձևականորեն պահպանեցին Արաբական խալիֆայությունը, քանզի ցանկանում էին խալիֆայի դրոշի և իրենց իշխանության ներքո միավորել իսլամական աշխարհը: Սակայն սելջուկյան աշխարհակալությունն էլ երկար չգոյատևեց:

Արաբական խալիֆայության վերջնական կործանումը 1258 թվականին էր, երբ մոնղոլները գրավեցին արաբների վերջին հենակետը՝ Բաղդադը, և ավերեցին այն: Խալիֆայությունն այլևս պաշտոնապես գոյություն չուներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: