Հայերեն   English   Русский  

​Լեզվի վերահսկողություն իրականացնել պե՞տք է, թե՞ ոչ. քննարկվում է Լեզվի պետական տեսչության ճակատագիրը


  
դիտումներ: 4785

«Քննարկվում է ոչ թե Լեզվի պետական տեսչության լուծարման, այլ գործառույթների ու իրավակազմակերպական ձևի փոփոխության հարցը»,- վստահեցնում է տեսչության տնօրեն Սերգո Երիցյանը՝ մեկնաբանելով կառավարության որոշման աղմուկ բարձրացրած նախագիծը և դրան հաջորդած քննարկումները:

Կառավարության որոշման նախագիծ է մշակվել, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել Լեզվի պետական տեսչության կարգավիճակում: Նախագիծը մշակել է կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբը: Ըստ այդմ՝ նախատեսվում է ԿԳՆ Լեզվի պետական տեսչության և Կրթության պետական տեսչության փոխարեն ստեղծել մեկ կառույց՝ Կրթության տեսչական մարմին:

Ըստ նախագծի՝ նոր կառույցը լեզվի վերահսկողության գործառույթներ չի իրականացնելու, փոխարենը մի շարք առումներով ավելի լայն իրավասություններ կունենա՝ բնույթով առավել մոտ տերմինաբանական կոմիտեին:

Տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում, հիմնավորելով Լեզվի պետական տեսչության գոյության դադարեցման անհրաժեշտությունը, նշել է, որ տարբեր ոլորտներում հայերենի կիրառման վերահսկողություն արդեն իսկ իրականացնում են պետական տարբեր մարմիններ, ինչպես, օրինակ` ՀՌԱՀ-ը գովազդների նկատմամբ, առողջապահության նախարարությունը` դեղերի հետ հայերեն ներդիրների առկայության և այլն:

«Մենք առաջարկել ենք շատ ավելի բարձր կարգավիճակով մարմին, որը պիտի զբաղվի հայոց լեզվի առաջխաղացման հարցերով, և դա ոչ մի կերպ չենք պատկերացնում վերահսկողության տեսքով»,- ասել է Այվազյանը:

Լեզվի պետական տեսչության լուծարման հնարավորությունը քննարկման տեղիք տվեց մասնագիտական շրջանակներում: Արդյունքում, թե՛ ԿԳՆ-ն, թե՛ Լեզվի պետական տեսչությունը նախագծի հեղինակներին առաջարկություններ են ներկայացրել, որոնք խնդրի լուծման այլ տարբերակ են առաջարկում:

Լեզվի պետական տեսչության տնօրեն Սերգո Երիցյանը «Անկախի» հետ զրույցում նշեց, որ լեզվի ոլորտում ներկայում մի շարք խնդիրներ կան, որոնց ուղղությամբ աշխատելու իրավասություն տեսչությունը չունի: Ուստի առաջարկել են նախագծով տեսչությանը կամ վերակազմավորվող նոր կառույցին ավելի լայն իրավասություններ շնորհել:

«Անհրաժեշտություն կա ունենալ նոր իրավակազմակերպական ձևով կառույց, որը ոչ միայն վերահսկողություն իրականացնելու, այլև լեզվի բնագավառում գործադիր գործառույթներ իրականացնելու հնարավորություն կունենա»,- ասում է Երիցյանը:

Երիցյանը վստահ է՝ ծավալված քննարկումները շարունակություն կունենան և «օրենսդրական ոչ հստակ թյուրիմացությունը կհարթվի»:

«Այսօր ո՛չ մենք, ո՛չ կառավարությունը չի խոսում Լեզվի պետական տեսչության լուծարման մասին, խոսքը վերակազմակերպման մասին է»,- ասում է նա:

Երիցյանի կարծիքով՝ նոր մոտեցումները պետք է նպաստեն կարևորագույն խնդրի լուծմանը, այն է՝ երկիրն ունենա լեզվաքաղաքականության պետական ծրագիր առաջիկա հինգ կամ տասը տարիների համար: Թվարկելով հնարավոր խնդիրները, որոնց համար լուծում կարելի է ապահովել լեզվաքաղաքականության ծրագրով, Երիցյանը նշում է դասագրքերի որակի բարձրացումը, Սփյուռքում լեզվապահպանության խնդիրը, համապատասխան բառարանային ֆոնդի կատարելագործումը և այլն:

«Այսօր չկա որևէ կազմակերպություն, որը զբաղվի մեր լեզվի գործադիր գործառույթներով: Ունենք բազմաթիվ նախարարություններ, բայց ոչ մեկը չի զբաղվում լեզվի հարցերով: Նախկինում զբաղվել է Լեզվի պետական տեսչությունը, այսօր էլ սկզբունքորեն, ուզենք թե չուզենք, անդրադառնում ենք դրան, բայց մեր հնարավորությունների սահմանում: Օրինակ՝ քաղաքացիների հարցադրումներին ենք պատասխանում,- ասում է Երիցյանը:- Չկա որևէ մարմին, որտեղ քաղաքացին կարող է սպառիչ պատասխան ստանալ լեզվին առնչվող հարցերի շուրջ: Մինչդեռ, երբեմն ազգանունների, անունների, տեղանունների գրության կամ տառադարձման խնդիր կա: Մենք նաև շարունակում ենք ուսումնասիրել ԶԼՄ-ները, խորհրդատվություն մատուցել, երբ կոպտագույն սխալներ ենք նկատում»:

Լեզվի պետական տեսչության տնօրենը նաև նշում է, որ իրենց կողմից կամավոր իրականացվող այս գործունեությունը հակասում է տեսչական մարմինների գործունեության սկզբունքին:

Անդրադառնալով լեզվի անաղարտության պահպանման ոլորտում իրականացվող վերահսկողությանը՝ Երիցյանը նշում է, որ 2011-ից ի վեր տեսչական ստուգումներ չեն իրականացրել, փոխարենը վարչական վարույթներ են սկսել, նաև տնտեսվարող սուբյեկտների հետ բացատրական աշխատանքներ են տարել, որոնք արդյունավետ են եղել:

Ասում է, որ վերջին 6 ամսվա ընթացքում 500 տնտեսվարող սուբյեկտի ուսումնասիրություն են իրականացրել, որոնցից մոտ կեսի մոտ խախտումներ են նկատել: Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ցուցանակների, գովազդի հետ կապված խախտում թույլ տված տնտեսվարող սուբյեկտների մոտ կեսը համաձայնել է շտկել այն:

Արդյունքը հաշվի առնելով՝ Երիցյանը նշում է, որ օրենսդրական փոփոխությունների առաջարկություն են անելու, որպեսզի իրավախախտում թույլ տված սուբյեկտներին նախ իրազեկեն խախտման մասին և շտկելու ժամանակ տան, որից հետո միայն պատասխանատվության խնդիր առաջ քաշվի:

Անդրադառնալով երբեմն հնչող տեսակետին, թե լեզվի ոլորտում վերահսկողությունը խանգարում է բիզնեսի զարգացմանը, Երիցյանը նշում է, որ դա թյուր կարծիք է: Նա նաև մատնանշում է միջազգային փորձը: Վրաստանում, օրինակ, անգամ «Կոկա-կոլային» են ստիպում անվանումը վրացերենով գրել, և դա խոչընդոտ չէ: «Վրաստանում հրապարակային գրվածքի խախտումներ սկզբունքորեն չես տեսնի»,- ասում է նա:

Երիցյանը մատնանշում է նաև Ֆրանսիայի օրինակը. այս երկիրն ունի լեզվի վերահսկողության մարմին տեսչության ձևով. «Իրենք բարձր են գնահատում իրենց լեզուն ու ձգտում են պահպանել այն»: Իսկ ահա Լիտվայում, որը հետխորհրդային երկիր է, լեզվի ոլորտում երկու կառույց է գործում՝ խորհրդարանին կից՝ լեզվի պաշտպանության պետական հանձնաժողովը, իսկ Լեզվի պետական տեսչությունը՝ նախարարության կազմում:

«Յուրաքանչյուր երկիր պետք է հաշվի առնի իր հնարավորությունները: Չկա կանոնիկ մի ձևաչափ, որին բոլորը հետևում են: Մեզ մոտ, օրինակ, փորձում ենք այդ երկու գործառույթները մեկ կառույցի հանձնել»,- ասում է Երիցյանը:






Մեկնաբանություններ - 1

Անդո     08.04.2017 Լեզվի տեսչությունը անգործության մատնված ավելորդ կառույց է: Օր առաջ պետք է այն լուծարել:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: