Հայերեն   English   Русский  

Նորընտիր խորհրդարանի լիազորություններն ուժի մեջ մտնելու ժամկետներն ու կառավարության ձևավորման կարգը


  
դիտումներ: 696

Հայաստանի նորընտիր խորհրդարանի լիազորություններն ուժի մեջ մտնելու հստակ ժամկետները պարզ կդառնան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից խորհրդարանի ձևավորման մասին վերջնական որոշումից հետո:

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը հրավիրվում է ձևավորումից հետո երրորդ հինգշաբթի օրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

«Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կկայացնի որոշում, երբ կձևավորվի նոր խորհրդարանը, դրանից հետո պետք է հաշվել, թե որ օրն է լինում երրորդ հինգշաբթին, եթե, իհարկե, ընտրությունների արդյունքներն այդ ընթացքում չեն վիճարկվում Սահմանադրական դատարանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Թովմասյանը: Քանի որ ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքների վերջանական հրապարակումը պետք է իրականացնի ապրիլի 9-ին, դրան հաջորդող երրորդ հինգշաբթին ապրիլի 27-ն է, երբ ակնկալվում է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը:

Ազգային ժողովի առաջին նիստի օրը կառավարությունը վայր է դնում իր լիազորությունները: Դրանից հետո 10 օրվա ընթացքում ՀՀ Նախագահը, խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների հետ, վարչապետ է նշանակում այն անձին, ով վայելում է պատգամավորների մեծամասնության աջակցությունը:

«Այս հարաբերությունները դեռևս կարգավորվում են 2005թ. Սահմանադրությամբ: Այդ նորմերը շարունակում են պահպանվել»,- ասաց Հրայր Թովմասյանը: Վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում պետք է ձևավորվի նոր կառավարությունը: Այսինքն, վարչապետի առաջարկությամբ ՀՀ Նախագահը նշանակելու է նախարարների: Դրանից հետո 20 օրվա ընթացքում նոր ձևավորված կառավարությունը պետք է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնի իր ծրագիրը: «Սրանք առավելագույն ժամկետներն են: Հնարավոր են ավելի կարճ ժամկետներ:

Օրինակ, եթե Ազգային ժողովի առաջին նիստի հաջորդ օրը նշանակվի հանրապետության վարչապետը, պետք է մնացած գործընթացները հաշվել այդ օրվանից: Շատ հնարավոր է, որ կառավարության կազմը երեք օրվա ընթացքում ձևավորվի, ծրագիրը 5 օրվա ընթացքում ներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը և այլն: Այսինքն, շատ արագ հնարավոր է այդ ամբողջը կազմակերպել, իսկ իմ նշած ժամկետներն առավելագույնն են»,- մանրամասնեց Հրայր Թովմասյանը:

Նա նաև հստակեցրեց, որ նոր խորհրդարանում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կունենա 58 պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքը կունենա 31 պատգամավոր, «Ելք» դաշինքը` 9 պատգամավոր, ՀՅԴ-ն` 7 պատգամավոր:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 3-ին ամփոփեց Հայաստանի խորհրդարանական ընտրությունների 2009 տեղամասերի արդյունքները և կազմեց քվեարկության նախնական արդյունքների արձանագրություն: Համաձայն արձանագրության՝ ԱԺ են անցնում քաղաքական 4 ուժեր. առաջատարը ՀՀԿ-ն է՝ 49.12 տոկոսով, հաջորդում են «Ծառուկյան», «Ելք» դաշինքները, համապատասխանաբար, 27.32 և 7.77 տոկոսով և ՀՅԴ-ն՝ 6.57 տոկոսով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: