Հայերեն   English   Русский  

​«Թրութլի». հայկական սթարթափին մեծ ապագա է սպասում


  
դիտումներ: 2008

Հավանաբար յուրաքանչյուրիս կյանքում էլ եղել են պահեր, երբ շատ մտերիմ, հարազատ մարդու մասին կարծիք ենք ցանկացել հայտնել՝ մտածելով, որ դա օգտակար կլինի իր համար, բայց չենք ասել, որ վիրավորած չլինենք: Կամ բոլորիս էլ երբեմն հետաքրքիր է, թե դիմացինն ու առհասարակ, շրջապատն ինչ է մտածում մեր մասին: Հենց այս ուղղությամբ հայկական բավականին հետաքրքիր հարթակ կա՝ Truthly.me-ն, որը հնարավորություն է տալիս անկեղծ և անանուն նկատողություններ անելու ընկերներին: Հայկական հաջող և ճանաչելի սթարթափներից մեկը համարվող Truthly-ն բջջային հավելված է, որը թույլ է տալիս մարդկանց ընկերների հետ անձնական, կոնստրուկտիվ հետադարձ կապ ունենալ (constructive feedback):

Այն նախատեսված է նրանց համար, ովքեր ձգտում են կատարելագործվել և դրա համար պատրաստ են կառուցողական փոփոխությունների: Մարդու մտերիմ շրջապատը՝ ընկերներն ու ընտանիքը, գործընկերները, օգնում են նրան ճանաչել իրեն և դառնալ ավելի լավը: Նախագծի համահիմնադիրներ Հրաչյա Մանուկյանը, Ալեքսանդր Ադամյանը, Միքայել Մանուկյանը ստեղծել են մեխանիզմ, որով շահագրգիռ մարդիկ կարող են շրջապատին իրենց մասին կարծիք հարցնել:

«Գաղափարը ծնվել է 2012 թվականին, երբ ընկերներիցս մեկին ցանկանում էի իր մասին օգտակար կարծիք հայտնել, բայց չէի կարողանում համոզել ինքս ինձ, որ անեմ դա դեմ առ դեմ, քանի որ նման դեպքերում հարաբերությունները վտանգելու խնդիր կա: Ու մտքովս անցավ՝ ինչքան լավ կլիներ, որ նման հարթակ լիներ, որտեղ ընկերներն իրար մասին կարծիք հայտնեին, շփվեին անանուն՝ առանց բացահայտելու իրենց ով լինելը: Հետո սկսեցի հասկանալ, որ եթե նման հնարավորություն լիներ, շրջապատումս էլի կան մարդիկ, որոնց կուզենայի ինչ-որ բան ասել, որ միշտ մտքումս ունեցել եմ, բայց այս կամ այն պատճառով լռել եմ (ինչպես բոլորս): Խոսքը կառուցողական, օգտակար կարծիքների մասին է, որն օգտագործելով՝ մարդը պետք է փոխվեր և ավելի լավը դառնար կամ առնվազն վերլուծելու հիմք ունենար, քանի որ սովորաբար մարդիկ իրենց չեն տեսնում այնպես, ինչպես իրենց ընկերները: Միտքը հենց սկզբից շատ դուր եկավ, շատ ոգևորված էի, նույնիսկ հիմա՝ 5 տարի անց, այդ ոգևորությունը պահպանվում է: Սա մարդկանց համար դառնալու էր մի գործիք, որը օգտագործելու էին ավելի լավը դառնալու համար, և չկար երկրի կամ այլ սահմանափակում. այն կարող էր տարածվել ամբողջ աշխարհով: Մի սոցիալական ցանց էր նախատեսվում, որում շփումը մյուս բոլոր սոցիալական ցանցերից տարբեր ֆորմատով էր, և վստահ էինք, որ մարդկանց գրավելու է»,- «Անկախին» պատմեց «Թրութլիի» համահիմնադիր Հրաչյա Մանուկյանը:

Այնուհետև Հրաչյա Մանուկյանը դրա մասին պատմում է ընկերոջը՝ Ալեքսանդր Ադամյանին, որ ՏՏ ոլորտում արդեն բավական հաջողությունների էր հասել, հիմնադրել և հաջողությամբ ղեկավարում էր ՏՏ ոլորտի Simply Technologies ընկերությունը, ավելի մեծ փորձ ուներ: Միտքը Ալեքսանդրին նույնպես դուր է գալիս, և ընկերները որոշում են սկսել այն իրականություն դարձնել: Քանի որ երկուսն էլ ծրագրավորող էին, որոշում են կայքն ինքնուրույն գրել: Այդ ժամանակ, սակայն, չէր ստացվում ամբողջովին կենտրոնանալ «Թրութլիի» վրա, քանի որ իրենց հիմնական աշխատանքով էին զբաղված, և պատասխանատվությունը թույլ չէր տալիս ամեն ինչ միանգամից թողնել:

«2013 թ. օգոստոսին գործարկեցինք կայքի բետա (նվազագույն ֆունկցիոնալությամբ) տարբերակը, մամլո հաղորդագրություն տարածեցինք տարբեր երկրներում, և մամուլը սկսեց մեր մասին գրել: Այդ ժամանակ ունեցանք առաջին գրանցումները՝ մի քանի հազար հոգի: Անվանումը սկզբում ուրիշ էր՝ saymetruth.com, հետագայում փոխեցինք Truthly: Սկզբում միակ ներդրումը երկուսիս ժամանակն էր և նվազագույն ֆինանսական ծախսերը: Եթե ծրագրավորման ոլորտում ես, սկսելու համար շատ բան պետք չէ: Ֆինանսի բացակայությունը դժվարություն մի՛ համարեք, կարևորը՝ գործը մեծ հաճույքով արվի, գումար ինչ-որ տեղից կգտնվի»,- նշում է Հրաչյա Մանուկյանը՝ հավելելով, որ սթարթափ սկսելու դժվարությունը հոգեբանական է, մարդիկ կարող են ասել, որ հիմարությամբ ես զբաղվում, բայց չպետք է վատ զգալ: Լսելով բոլորին, վերլուծելով կարծիքները՝ պետք է շարունակել անել այն, ինչ ճիշտ ես համարում:

Մեկնարկից հետո էլ դեռ երկար ժամանակ՝ մոտ մեկուկես տարի, սթարթափի համահիմնադիրները երկուսով էին: Հետո նախագծին կցվեց նաև Ալեքսանդր Ադամյանի մյուս ընկերությունը՝ Simply Technologies-ը, ինչի շնորհիվ տեմպերը բավական ակտիվացան և թիմ ձևավորվեց: Իսկ երբ 2015 թ. համաֆինանսավորմամբ Համաշխարհային բանկից 23 միլիոն դրամի չափով դրամաշնորհ ստացան, նույնքան ներդրում էլ ինքնուրույն կատարեցին, մշտական թիմը դարձավ 9-11 հոգի, և դա նախագծի աճի ամենաարդյունավետ շրջանն էր, երբ ստեղծվեցին նաև Truthly հավելվածները և միայն սկզբնական 2-3 ամսում մոտ 50 հազար օգտատեր ավելացավ: Այս պահին truthly.me հարթակն ունի մոտ 277 հազար օգտատեր աշխարհի տարբեր երկրներից՝ սկսած ԱՊՀ-ից մինչև Եվրոպա և Ասիա: Նախագծի մոդելն այնպիսին է, որ այս պահին հիմնադիրները գումար չեն աշխատում, այլ շեշտը դրել են տարածվելու և ակտիվ օգտագործվող հարթակ դառնալու վրա:

«Ինչ-որ պահի մտցրեցինք նաև ծառայություն, որի միջոցով անանուն կարծիքներ իրենց հաճախորդներից կարող են ստանալ նաև կազմակերպությունները, ու դա նույնպես բավական արդյունավետ էր: Կազմակերպությունները նույնպես սկսեցին մեզ մոտ գրանցվել և հարցումներ կատարել: Սա փոխշահավետ շփում է. ընկերությունը զարգացնում է իր բիզնեսը, հաճախորդն էլ օգնում է բարելավելու այն ծառայությունները, որոնցից օգտվում է: Նախատեսել ենք գումար ստանալ կազմակերպությունների համար նախատեսված ծառայություններից, երբ մարդիկ կայքում ավելի ակտիվ լինեն»,- ասաց Հրաչյա Մանուկյանը:

Իսկ ընդհանուր առմամբ, ըստ նրա, մի քանի կետեր կան, որոնք կարևոր են, որպեսզի բիզնեսը հաջողվի: Դրանցից մեկը շուկան հասկանալն է, հասկանալը, թե ում է պետք այն, ինչ ստեղծել ես, և որքան մեծ է այդ մարդկանց թիվը, որոնք կօգտվեն դրանից: Եթե այս մասով ամեն ինչ լավ է՝ մնացած հարցերը դառնում են երկրորդական:

«Նաև կարևոր է թիմը, հատկապես հիմնադիրների ընտրությունը, որպեսզի նրանք ունակ լինեն ճկուն փոփոխվելու, եթե դրա կարիքը կա, չհանձնվելու, եթե դժվար ժամանակահատվածում եք կամ ուրախությունից գլուխները չկորցնելու կարճաժամկետ հաջողություններից, այլ կենտրոնանալու արդյունքների վրա և մտածելու երկարաժամկետ: Հաջողելու համար պետք է դրական մտածելակերպ, որն ապահովում է հավատ այն ժամանակ, երբ դեռ ոչինչ չկա, համառություն, որպեսզի ճանապարհի կեսից չհանձնվես, քանի որ լավագույն արդյունքներին միանգամից չեն հասնում, և մարդկանց հետ շփվելու ունակություն, քանի որ շփվելու ես հաճախորդների, ներդրողների, գործընկերների և այլոց հետ.այդ շփումներից շատ բան է կախված»,- թվարկեց մեր զրուցակիցը:

Միայն նյութական ներդրումները բավարար չեն

Նրա դիտարկմամբ՝ բիզնեսմենը պետք է կարողանա տեսնել խնդիր և դրա լուծումը տալ: Ամենակարևոր ունակությունն էլ, Հրաչյա Մանուկյանի կարծիքով, համառությունն է, կամքի ուժը, որպեսզի սկսես ինչ-որ կետից և անընդհատ շարժվես նույն ուղղությամբ, քանի դեռ արդյունքի չես հասել: Մնացած ունակությունները՝ փորձը, մասնագիտական հմտությունները և այլն, շեշտում է նա, ձեռքբերովի են: Այսինքն՝ եթե երկար ժամանակ զբաղվում ես ինչ-որ բանով, անընդհատ զարգանում ես, աճում ես: Որպեսզի որևէ մեկը հաջողակ լինի, Հրաչյա Մանուկյանի կարծիքով, պետք է ընտրի նպատակ և այնքան կամքի ուժ ունենա, որ կարողանա մինչև վերջ գնալ: Իսկ եթե ինչ-ինչ պատճառով չի ստացվում՝ համարի դա փորձ, դնի հաջորդ նպատակը և կարողանա կրկին մինչև վերջ գնալ: Եվ այդպես շարունակ…

«Եթե ընդհանուր առմամբ այն ամենը, ինչին ես հասել եմ մինչ այս պահը (ոչ միայն «Թրութլիի» հետ կապված), անվանենք հաջողություն, որը ես, իհարկե, այդպես չէի անվանի, քանի որ հաջողությունը երկար ճանապարհ է, իսկ ես համարում եմ, որ գտնվում եմ այդ ճանապարհի միայն սկզբնամասում, ապա կոնկրետ իմ դեպքում որպես հաջողության գաղտնիք ես կնշեի մեծ նպատակներ դնելը և համառությունը, կամքի ուժը՝ մինչև վերջ գնալու համար: Որպես այդպիսին՝ հաջողության բանաձև չկա: Բայց կարող եմ ասել, որ շատ կարևոր է անընդհատ ընդլայնել մտահորիզոնը և հարմարավետության գոտու սահմանները, նոր բաներ փորձել, վստահ լինել սեփական ուժերին և անընդհատ աճել անձնապես և գործի մեջ»,- փոքրիկ «փորձի փոխանակում» արեց Հրաչյա Մանուկյանը, որ, ի դեպ, նաև «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժը» գրքերի հեղինակն է, «Հաջողության բլոգի» հիմնադիրը:

Ինչ վերաբերում է «Թրութլիի» ապագային, ապա Հրաչյա Մանուկյանն այն միշտ պատկերացրել է, որպես linkedin կամ snapchat հարթակների պես ցանց, որտեղ շփման ֆորմատն այլ է: Անկախ անցած ճանապարհից, նշում է նա, հիմնական ճանապարհը դեռ առջևում է: Ու թեև «Թրութլիի» համահիմնադիրը շեշտում է, որ «Թրութլիով» իրենք դեռ ճանապարհի սկզբին են և դեռևս այն հաջողված նախագիծ, բիզնես համարել չի ցանկանում, մի հետաքրքիր փաստի հանդիպեցինք համացանցում: «Մեծ քառյակի» (Big Four) անդամ KPMG հեղինակավոր խորհրդատվական ընկերության կողմից մշակվել է «Great country, Smart opportunities» ձեռնարկը, որը ներկայացնում է ամբողջական տեղեկատվություն Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի վերաբերյալ՝ շեշտադրելով Հայաստանի մրցակցային առավելությունները և իրականացվող բարեփոխումները: Ձեռնարկում առանձնահատուկ ուշադրություն է հատկացված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Ձեռնարկում նշվում է, որ Հայաստանը բարենպաստ բիզնես միջավայր է առաջարկում սթարթափներին, նրանք օգտվում են հարկային և այլ արտոնություններից: Վերջին մի քանի տարիներին գրանցվել է ՏՏ ոլորտի սթարթափների կտրուկ աճ: Մի քանիսն արդեն համաշխարհային ճանաչում ունեն, մյուսները մեծ պահանջարկ ունեն տեղական շուկայում: Այս շարքում նշվում է նաև «Թրութլիի» անունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: