Հայերեն   English   Русский  

Հայաստան տեղափոխվելը հերոսություն չէ, այլ պարտավորություն. հայրենադարձ Մհեր Ալմասյան


  
դիտումներ: 3801

«Ինչո՞ւ Կանադա, ի՞նչ Ամերիկա, երբ թեկուզ մի բուռ Հայաստանը կա»: Սրանք Շիրազի խոսքերն են, որոնք զարդարում են երիտասարդ հայրենադարձ Մհեր Ալմասյանի ֆեյսբուքյան հետնանկարը: Մհերի համար սրանք զուտ խոսքեր չեն, այլ ամրապնդած գաղափարախոսություն, որն էլ 2015 թվականին նրան վերջնականապես բերեց Հայաստան` մեկընդմիշտ հայրենիքում մնալու հաստատակամությամբ:

«Ծնվել եմ Պարսկաստանում: Մերոնք 1605 թվականին, երբ փոքր ջարդ է եղել, Նախիջևանից են Պարսկաստան գաղթել: 2002 թվականին մեր ընտանիքը տեղափոխվել է Ամերիկա»:

ԱՄՆ տեղափոխվելիս Մհերը 11 տարեկան էր: Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է Կալիֆոռնիայի Հարավային համալսարան, որտեղ ճարտարագիտություն է սովորում: 2010-11 թվականներից սկսած՝ նա անդադար մտածում էր Հայաստան տեղափոխվելու մասին: Մտածում էր, որ իբրև հայ պարտավոր է ապրել միայն Հայաստանում. «Տեսնում էի, որ մեր համայնքը Պարսկաստանում վերջանալու վրա է, ինչպես և մյուս բոլոր մահմեդական երկրներում, Ամերիկա գնացողներն էլ դառնում են ամերիկացի, հասկացա, որ միակ տեղը, որ կարող ես մշակույթդ պահել և ինքդ էլ հայ մնալ, Հայաստանն է, այլ տեղ դա չի լինի, դա երազ է»:

Մհերը սեփական ընտանիքի օրինակն է բերում. տանը օրուգիշեր հայրենիքից են խոսել, ծնողները հայրենասեր են, բայց քույրը, որ ԱՄՆ տեղափոխվելիս ընդամենը մեկ տարեկան էր, այժմ գրեթե հայերեն չգիտի:

Մհեր Ալմասյան

Մհերը նախ Հայաստան է գալիս 2012 թ. «Դեպի Հայք» ծրագրով և 3 ամիս կամավորություն անում Գյումրիում: Հայաստան տեղափոխվելու վերջնական որոշումը կայացնում է` կարդալով Մոնթե Մելքոնյանի մասին գիրքը, որն այժմ ամենուր նրա հետ է: 2015 թ. համալսարանն ավարտելուն պես տեղափոխվում է Հայաստան և մասնագիտությամբ աշխատանք գտնում: Ասում է, որ իր որոշումը չի կայացրել զուտ հոգու և սրտի թելադրանքով, չի էլ մտածել, որ այստեղ ամեն բան հիասքանչ ու գեղեցիկ է, պարզապես գիտակցել է, որ դա իր պարտքն է:

Ապրելով Հայաստանում` նա սկսում է ուսումնասիրել հայաստանյան կյանքի բոլոր կողմերը` սկսած հարկային-մաքսային համակարգից և վերջացրած օրենքներով ու քաղաքականությամբ: Կատակում է, թե երևի ինքն ավելի շատ բան գիտի Հայաստանի տնտեսության մասին, քան խորհրդարանում որևէ մեկը:

Մհերը ոչ միայն ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունի, այլև քաղաքականությամբ է հետաքրքրվում: Չի ընդունում Հայաստանում ընդունված այն մոտեցումը, թե ամեն ինչ շատ լավ է կամ շատ վատ: «Հիմա, ենթադրենք, իշխանության մեջ կա Շմայսը, Թոխմախի Մհերը, գեներալ Մանվելը, որոնց ժողովուրդը չի սիրում, բայց նրանց կողքին կա նաև նոր սերունդ, ավելի կիրթ ու գրագետ, էնպես չի, որ իշխանության մեջ բոլորը վատն են»:

Մհերը դեռ Հայաստանի անձնագիր չունի, որ մասնակցի համապետական ընտրություններին, բայց դիմել է, շուտով դա էլ կունենա և իրեն լիարժեք հայաստանցի կհամարի, չնայած, ասում է, որ ոչ մի վայրկյան իրեն օտար չի զգացել: «Ինձ համար կարևոր է Հայաստանի քաղաքացու անձնագիր ունենալը, որ էնտեղից իմ բոլոր կապերը կտրեմ: Եթե ընտանիքիս էլ համոզեմ, որ տեղափոխվեն Հայաստան, ինձ էնտեղ կապող որևէ բան այլևս չի լինի: Ծնողներս մի քիչ հպարտ են, մի քիչ էլ տխուր, որ ես էստեղ եմ, բայց եթե առաջ կարծում էին, թե Հայաստան տեղափոխվելը իմ գիժ հայրենասիրությունն է, հիմա արդեն համոզվում են, որ ես այստեղ նորմալ կյանք, նորմալ աշխատանք եմ գտել և լուրջ նպատակներ ունեմ»:

Մհեր Ալմասյանն այժմ աշխատում է խոշոր շինարարական կազմակերպությունում որպես ճարտարագետ: Գործի բերումով ապրում է Վայոց ձորում` Ջերմուկում: Հարցին, թե տխուր չէ՞ արդյոք կյանքը Ջերմուկում գերակտիվ Լոս Անջելեսից հետո, Մհերն անկեղծորեն պատասխանում է. «Ոչ, Հայաստանում ոչ մի տեղ էլ տխուր չէ»: Ավելին, նա շատ ուրախ է, որ ճակատագրի բերումով հնարավորություն ունի շփվելու մարզային բնակիչների հետ, զգալու հայաստանյան կյանքը մայրաքաղաքից դուրս, քանի որ իրական Հայաստանը ավելի լավ կարելի է զգալ փոքր քաղաքներում ու գյուղերում: «Շատ բաներ եմ սովորել, որ Երևանում չէի սովորի: Կենտրոնում կամ Կոմիտասում ապրելը ուրիշ բան է, մարզում ապրելը` լրիվ ուրիշ: Ես չեմ ընդունում շատ սփյուռքահայերի, որ գալիս են Հայաստան ու կարծում են, թե հերոսական բան են արել, եկել են, Աբովյան փողոցում ապրում են, ամեն օր սրճարան գնում ու քննադատում Հայաստանը: Իրենց էնպես են պահում, ասես Զիմբաբվե են տեղափոխվել: Հայրենասիրությունն այն է, որ ոչ թե երկրից ինչ-որ բան պահանջես, այլ երկրին ինչ-որ բան տաս, զգաս, որ դու ես պարտք, տեսնես` մի բան վատ է, ինքդ սարքես: Եթե բողոքում ես արտագաղթից, ինքդ գաս, ապրես, դա է հայրենասիրությունը»:

Մհեր Ալմասյան

Իսկ նպատակներից մեկը սեփական շինարարական ընկերություն հիմնելն է, որտեղ կներգրավի հայ մասնագետներին ու ճարտարապետանախագծային ծառայություններ կմատուցի Միացյալ Նահանգների կամ աշխարհի այլ երկրների հաճախորդների համար` ապահովելով բարձր վարձատրվող ու կայուն աշխատատեղեր Հայաստանում:

Լինելով ճարտարագետ և լավ աշխատանք ունենալով հանդերձ` Մհերը նաև հասկացել է, որ Հայաստանի ապագա հաջողությունը կախված է բարձր տեխնոլոգիաների զարգացումից: Հենց այդ նպատակով էլ այժմ ծրագրավորում է սովորում: «Դա մի բան է, որ Հայաստանում էդքան էլ չեն հասկանում. մեր տնտեսության լուրջ խնդիրներից մեկն այն է, որ ներքին շուկայում փող չկա, և Հայաստանի փրկությունը կլինի բարձր տեխնոլոգիաների զարգացումը և դրսի շուկաներից պատվերներ ստանալը: Հայաստանի տնտեսության հույսն ու ապագան տեխնոլոգիական ոլորտի մեջ է, և դա արդեն դարձել է քաղաքական հարց»:

Մհեր Ալմասյանի համար կարևոր է նաև Արցախը: Հաճախ է այցելում և շատ է սիրում: Ղարաբաղյան խնդիրը համարում է խոչընդոտ Հայաստանի տնտեսության առաջխաղացման համար, որովհետև շատ ներդրումներ այստեղ չեն կատարվում հենց այդ պատճառով: Բայց հողեր հանձնելով խնդիրը լուծելու վերաբերյալ էլ ունի հստակ դիրքորոշում, որը, ինչպես ինքն է ասում, ոչ թե ազգային ու զգացմունքային հենքի վրա է կառուցված, այլ պարզ տրամաբանության: «Եթե այդ հողերը տաս, մնացած Հայաստանը ուղղակի չես կարող պաշտպանել: Իսկ Ղարբաղյան հարցի լուծումը Հայաստանի տնտեսության հզորացումն է»,- համոզված է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: