Հայերեն   English   Русский  

​Ի՞նչ փաստեր են ամփոփված Հովիկ Մուսայելյանի ֆիլատելիստական հավաքածուում


  
դիտումներ: 2658

XIX դարավերջին նամականիշ հավաքելը դարձավ հարյուրհազարավոր մարդկանց ամենասիրելի զբաղմունքներից մեկը: Այն այնքան տարածված էր, որ օրինակ՝ 1840-ական թվականներին Լոնդոնի «Թայմս» թերթում մի երիտասարդ հայտարարություն էր տարածել, թե փնտրում է մարված փոստային նամականիշներ իր ննջասենյակը պաստառապատելու համար։ Նա նշել էր, որ 16 հազար նամականիշ ունի, բայց դա բավարար չէ: ԱՄՆ-ում էլ մի իտալացի հոգևորական իր երկու սենյակների առաստաղները պատել էր 149 242 նամականիշով: Նույն ԱՄՆ-ում հարսանեկան զգեստը զարդարել էին 30 հազար չմարված նամականիշով: Փոստային նամականիշներ էին փակցնում փողկապներին, գլխարկներին, ավտոմեքենաներին։

1880-ականների սկզբից հայտնվում են նաև մասնագետ հավաքողներ, տեղի են ունենում առաջին անհատական ու միջազգային ցուցահանդեսները, իսկ 1926 թ. հիմնվում է Ֆիլատելիստների միջազգային ֆեդերացիան:

ֆիլատելիա

Հայաստանում ֆիլատելիան բուռն զարգացում է ունեցել խորհրդային ժամանակաշրջանում: 1961 թվականին ստեղծվել է Հայաստանի ֆիլատելիստների միությունը (ՀՖՄ), որը միջազգային ֆիլատելիստական կառույցների անդամ է: Հայ ֆիլատելիստները մասնակցել են համաշխարհային մի շարք ցուցահանդեսների, արժանացել ոսկե մեդալների: Ցավոք, Հայաստանում անկախությունից հետո ֆիլատելիան բավականին թուլացրել է դիրքերը: Ասում են` միտումը համաշխարհային է, որ պայմանավորված է նորագույն տեխնոլոգիաների զարգացմամբ և համացանցային նամակագրության առկայությամբ:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, հայտնի ֆիլատելիստ Հովիկ Մուսայելյանը Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահն է: Նրա հարուստ հավաքածուն մոտ 30 տարվա պատմություն ունի, որն օրըստօրե ավելի է մեծանում ու առանձին թեմաներով բաժանված` ամփոփվում բազմաթիվ ալբոմներում` զբաղեցնելով նրա աշխատասենյակի մի քանի հսկա պահարան:

Հենց այդ աշխատասենյակում էլ նա ներկայացնում է իր հավաքածուն: Մոտ 2 ժամ հետո, սակայն, պարզվում է, որ հավաքածուի ընդամենը 2 տոկոսն եմ տեսել, իսկ ամբողջը տեսնելու համար թերևս օրեր կպահանջվեն: Ինչևէ, հավաքածուն պարզապես գեղեցիկ պատկերներով նամականիշների, ծրարների ու բացիկների ամբողջություն չէ, այլ պատմություն, որը բացահայտում է չափազանց հետաքրքիր փաստեր ու պատմական դրվագներ:

Հովիկ Մուսայելյանի հավաքածուն սկսվում է հայկական ամենահին` Առաջին Հանրապետության նամականիշներով, որոնք թողարկվել են 1918 թվականին: Խորհրդային ժամանակաշրջանի նամականիշները շատ հետաքրքիր ու բազմաբնույթ են, իսկ թեմաներն ընտրված են բավականին խնամքով:

ֆիլատելիա

ՀՀ նախագահի` ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար սահմանված 2016 թվականի մրցանակը ստացավ ֆրանսիացի աշխարհահռչակ գիտնական, համացանցի նախահայրերից մեկը համարվող Լուի Պուզենը: Նախագահի նստավայրում տեղի ունեցավ նաև ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանացած անձանց նվիրված հատուկ ծրարի մարման արարողություն: Ծրարը թողարկվել է 500 տպաքանակով և մարվել հատուկ դրոշմակնիքով: Ծրարին պատկերված են 2016 մրցանակակիր Լուի Պուզենը և նախորդ տարիների վեց մրցանակակիրները: Հովիկ Մուսայելյանը ցույց է տալիս ՀՀ նախագահի ստորագրությամբ հատուկ ծրարները, որոնք կնքվել են այդ օրը: Հետո ցույց է տալիս նորանկախ Հայաստանի առաջին ծրարը` Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությամբ: Այն պատկերում է 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած ՀՀ անկախության հռչակագիրը: Հերթը հասնում է Արցախի անկախության թեմայով նամականիշներին, որոնք թողարկվել են հենց Արցախում: Մուսայելյանի հավաքածուում կան նաև Ռոբերտ Քոչարյանի ստորագրությամբ ծրարներ: Երեք նախագահների ստորագրություններով ծրարներ ունենալը բացառիկ երևույթ է:

Ֆիլատելիա

Մուսայելյանի հավաքածուն խնամքով դասակարգված է ըստ թեմաների: Առանձին ուղղություն են, օրինակ, շախմատը, Նապոլեոն Բոնապարտին նվիրված նամականիշները, Հայոց ցեղասպանությունը, Արևմտյան Հայաստանը և այլն: Հավաքածուի մեջ հսկայական տեղ են զբաղեցնում Հայաստանին ու հայկական թեմաներին նվիրված նամականիշները: Ընդ որում, դրանք ոչ միայն հայկական ծագմամբ նամականիշներ են, այլև օտարերկրյա:

Տարբեր երկրներում բազմաթիվ նամականիշներ են թողարկվել՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, Սպիտակի երկրաշարժին, Տիգրան Մեծին, Հովհաննես Այվազովսկուն, կանադացի հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշին, Հովհաննես Թումանյանին… Օրինակ՝ Կիպրոսում թողարկվել են նամականիշներ, որոնցում ներկայացված է Լուսինյանների գերբը: Ֆրանսիայում թողարկված ծրարներից մեկում Ռուստամ Ռազան է (Ռոստոմ)՝ Նապոլեոնի արցախցի թիկնապահը: Հունաստանում թողարկված Անահիտ աստվածուհու կերպարով նամականիշները նույնպես տեղ են գտել Մուսայելյանի հավաքածուում: Հայկական թեմաներով նամականիշների բավականին հարուստ հավաքածու է թողարկվել Արգենտինայում՝ Խոր Վիրապը՝ Արարատի ֆոնին, Մայր Հայաստանի հուշարձանը, հայկական թռչնագիր տառերը: Ի դեպ, Արարատը՝ իբրև աշխարհի ամենագեղեցիկ գագաթներից մեկը, կարելի է տեսնել անգամ աֆրիկյան պետություններից մեկի թողարկած նամականիշում: Արգենտինայում թողարկվել է նաև Արգենտինայի հայկական ռադիոյի տնօրենին նվիրված նամականիշ: Իսկ օրինակ՝ Իսրայելը թողարկել է հայկական խեցեգործությանը նվիրված նամականիշներ:

Ի դեպ, Մուսայելյանը մի հետաքրքիր փաստ է հայտնում: Պարզվում է՝ հայկական նամականիշներ

ֆիլատելիա

հավաքողների մոտ 20 տոկոսն է հայ, իսկ հայկական թեմաներով նամականիշների հավաքորդները հիմնականում հրեաներն են: Մուսայելյանի հավաքածուի մեջ հետաքրքիր էր նաև աֆրիկյան Գվինեա Բիսաու պետության թողարկած նամականիշներից մեկը, որտեղ, ի թիվս մի քանի տեսակ մեղուների, ներառված էր նաև հայկական մեղվատեսակ: Սակայն ամենաուշագրավը 2006 թվականին թողարկված մի կանադական նամականիշ է, որում պատկերված է Երևանի երիտասարդական պալատի շենքը՝ կացնով կոտրված, ընկած: Նամականիշի նպատակն է ցույց տալ, թե ինչպես են վարվել մշակութային հուշարձանի հետ:

Այնուհետև Մուսայելյանն անցնում է հավաքածուի ամենացավոտ հատվածին՝ ադրբեջանական նամականիշներին, որոնց միջոցով մեր հակառակորդները համատարած քարոզչություն են իրականացնում՝ սովորության համաձայն կեղծելով ու խեղաթյուրելով պատմությունը: Օրինակ՝ հարյուրհազարավոր տպաքանակով նամականիշներ են թողարկվել այսպես կոչված «Խոջալուի դեպքերի» վերաբերյալ: Ադրբեջանական նամականիշներից մեկն էլ նվիրված է Ղարաբաղյան ձիուն, որը ներկայացվում է իբրև ադրբեջանական արժեք: Մուսայելյանը ցավով ներկայացնում է հայ-չինական և ադրբեջանա-չինական հարաբերությունների 10-ամյակի առթիվ թողարկված երկու երկրների ծրարներն ու նամականիշները և համեմատելով նշում, որ ադրբեջանցիները նման հարցերում ավելի եռանդուն ու ճիշտ են աշխատում:

ֆիլատելիա

Մուսայելյանը ուշադրություն է հրավիրում նաև խորհրդային ժամանակաշրջանի մի շատ հետաքրքիր նամականիշի վրա, որը թողարկվել է 1935 թվականին: Նամականիշում մի խումբ գյուղացիներ են պատկերված. ձախ կողմում պատկերված գյուղացու գլխավերևում գրված է` грузин, մեջտեղում կանգնած 2 գյուղացիների վերևում` армяне, իսկ աջ կողմում կանգնած մի քանի գյուղացիների վերևում` тюрки: Սա չափազանց կարևոր փաստարկ է, որ ադրբեջանցի ազգ` իբրև այդպիսին, նույնիսկ Խորհրդային Միությունում մինչև 30-ականները չի դիտարկվել: Այս առումով, ինչպես տեսնում ենք, ֆիլատելիան արժեքավոր երևույթ է, քանի որ այնպիսի ուշագրավ փաստեր է ամփոփում, որոնք նոր լույս կարող են սփռել պատմական շատ ու շատ իրողությունների վրա:

Ֆիլատելիան Հայաստանում այսօր ակտիվ չէ և մասսայական բնույթ չունի: Հայաստանի ֆիլատելիստների միությունը մոտ 300 անդամ ունի, որոնցից ակտիվ են մոտ 50-ը: Նրանք պարբերաբար հանդիպում են ակումբում, նամականիշներ փոխանակում, գնում-վաճառում, քննարկում:

«Ֆիլատելիան կզարգանա, եթե մանկապատանեկան խմբակներ հիմնվեն, ինչպես նախկինում,- ասում է Մուսայելյանը,- բայց մի լուրջ խոչընդոտ կա. հայկական նամականիշները բավականին թանկ են և հասանելի չեն բոլորին ինչպես խորհրդային տարիներին: Ինչ վերաբերում է միջազգային ցուցահանդեսներին, ապա հայ ֆիլատելիստները ֆինանսական խնդիրների պատճառով շատ հաճախ մասնակցելու հնարավորություն չեն ունենում, չնայած նրանց հավաքածուները բավականին արժեքավոր են: Բայց, օրինակ, Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ հայ ֆիլատելիստներից Յուրի Կուպալյանը, մասնակցելով ֆիլատելիստական համաշխարհային օլիմպիական ցուցահանդեսին, ոսկե մեդալ է ստացել իր սպորտային հավաքածուի համար: «Այդ պատճառով ես միշտ կատակով ասում եմ՝ իսկ ո՞վ ասաց, որ մենք Պեկինից ոսկե մեդալ չենք բերել»:

Image result for նամականիշի մարումՖիլատելիան ընդունված է նաև պետական-պաշտոնական արարողակարգերի ժամանակ: Պատահական չէ, որ պետության համար կարևորագույն տարեթվերի, միջոցառումների ժամանակ նամականիշները մարվում են ամենաբարձր մակարդակով, ընդհուպ երկրի նախագահի կողմից: Պաշտոնական պատվիրակությունների այցելությունների ժամանակ էլ նամականիշների հավաքածուներ են միմյանց նվիրում: «Երբ երկրի նախագահներին նամականիշներ են նվիրում, նրանց արձագանքից երևում է, թե ինչ վերաբերմունք ունեն ֆիլատելիայի նկատմամբ: Օրինակ, երբ Դմիտրի Մեդվեդևը նախագահ էր, նրան նվիրել էին, շատ էր ուրախացել, ասել էր` դուք գիտեի՞ք, որ ես ֆիլատելիստ եմ: Կամ օրինակ՝ Սարկոզին մոլի ֆիլատելիստ է»,- ասում է Մուսայելյանը:

Առհասարակ ֆիլատելիան քաղաքական-դիվանագիտական լուրջ գործոն է, եթե այն ճիշտ օգտագործես: Այս առումով, ինչպես նշում է ֆիլատելիստ զրուցակիցս, մենք լուրջ բաց ունենք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: