Հայերեն   English   Русский  

​«Մեկս առանց մյուսի այս հաջողություններին չէինք հասնի». մերօրյա Կյուրի ամուսինների պատմությունը


  
դիտումներ: 2944

1962 թվականին ԽՄԿԿ առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի այցը Հայաստան ճակատագրական էր այն ժամանակ ԵՊՀ-ի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի ուսանող Սևան Դավթյանի և քիմիական ֆակուլտետի ուսանողուհի Անահիտ Տոնոյանի համար: Հենց այդ այցի շնորհիվ են ծանոթանում մերօրյա հայազգի Կյուրի ամուսինները՝ ԳԱԱ անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, նանոտեխնոլոգիաների բազային լաբորատորիայի վարիչ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդհանուր քիմիայի և քիմիական պրոցեսների ամբիոնի վարիչ Սևան Դավթյանը և քիմիական գիտությունների դոկտոր, պոլիմերիզացիոն պրոցեսների բազային լաբորատորիայի վարիչ Անահիտ Տոնոյանը:

Տիկին Անահիտը պատմում է, որ Սևանն ընկերների հետ այն ժամանակ անդամագրվել էր մի գաղտնի կազմակերպության, որը զբաղվում էր Ղարաբաղի և Հայաստանի պատմության կեղծիքների հարցերով: Ինքը կազմակերպության միակ իգական սեռի անդամն էր՝ շնորհիվ Սևանի պնդումների: «Դա ինձ Սևանի հետ շատ մտերմացրեց»,- ասում է տիկին Անահիտը և հավելում, որ իրենց կյանքի բոլոր կարևորագույն իրադարձությունները մայիսին են տեղի ունեցել. մայիսին են ծանոթացել, ամուսնացել, նույն ամսում է լույս աշխարհ եկել իրենց որդին, ինչպես նաև մայիսին են հաստատվել Մոսկվայի մարզի Չեռնոգոլովկա գիտական կենտրոնում՝ սկսելով գիտնականի իրենց ուղին:

Տիկին Անահիտը պատմում է, որ իր դիպլոմային աշխատանքը գրելիս որոշ անպատասխան հարցեր կային: Խորհրդատվության համար դիմում է հայտնի հայազգի քիմիկոս Նիկողայոս Ենիկոլոպովին: Վերջինս, ոգևորված երիտասարդ ուսանողուհու գիտելիքներով, նրան առաջարկում է ասպիրանտուրան շարունակել Մոսկվայում իր գիտական ղեկավարությամբ: Պատասխանից, թե ամուսինը ևս գերազանց է սովորում և նրան ասպիրանտուրայի համար Կազան կուղարկեն, ուստի ինքը Մոսկվա գնալ չի կարող, Ենիկոլոպովը բարկանում է: Իր մոտ է կանչում տաղանդավոր ուսանողուհու ամուսնուն՝ բացատրելու, որ չպետք է խոչընդոտի իր կնոջ գիտական կարիերան: Այս հանդիպումը ևս ճակատագրական է դառնում ամուսինների համար: Սևան Դավթյանի կարողություններով հիացած՝ Ենիկոլոպովը ամուսիններին միասին Չեռնոգոլովկայի գիտական կենտրոն է ուղարկում ասպիրանտուրան շարունակելու համար:

Այստեղ ամուսինները միասին, շնորհիվ միջդիսցիպլինար համագործակցության, գիտական բացառիկ արդյունք են ստանում՝ դառնալով ֆրոնտալ պոլիմերիզացիայի ոլորտի հիմնադիրները:

Իրենց ձեռքբերումների մասին պատմելիս ամուսիններից յուրաքանչյուրը մյուսի դերն է կարևորում: «Առաջինը Անահիտը դա կարողացավ անել: Էքսպերիմենտների արդյունքում այնպիսի փաստեր ստացավ, որ ամբողջությամբ հեղաշրջեց պատկերացումները պոլիմերիզացիայի մասին»,- ասում է Սևան Դավթյանը: «Լրիվ իր ղեկավարությամբ: Բոլոր հաշվարկները Սևանն է արել: Առանց նրա ես այդ հաշվարկները չէի անի ու արդյունքներն էլ չէի ստանա»,- հավելում է Անահիտ Տոնոյանը:

Հարցին, թե միասին աշխատելն ինչպես է անդրադառնում ընտանեկան կյանքի վրա և հակառակը՝ ամուսիններ լինելու հանգամանքն ինչպես է ազդում աշխատանքի վրա, նրանք պատասխանում են, որ մեկն առանց մյուսի չի պատկերացնում իր աշխատանքը: «Գիտեք, ես իմ աշխատանքն առանց Անահիտի չեմ պատկերացնում: Երբ մի բան մտածում եմ, առաջինն իր հետ եմ կիսվում, որպեսզի ասի՝ լավ է, թե վատ: Եթե ասում է լավ է, շատ ոգևորվում եմ: Իհարկե, երբեմն էլ հիասթափվում եմ, երբ գաղափարս չի հավանում,- ժպտալով ասում է Դավթյանը:- Մեր համատեղ աշխատանքը շատ բեղմնավոր է: Միասին խորհրդակցելով միշտ կարողանում ենք ճիշտ ուղղությունը որոշել»:

Իր տիկնոջ մասին խոսելիս Դավթյանը նրան ներկայացնում է որպես կայացած գիտնական՝ ընդգրկուն աշխարհայացքով և բարձր ստեղծագործական ունակություններով:

«Եթե տեսական մասը՝ մոդելավորումը, մեխանիզմն իմ ոլորտն է, ապա նուրբ էքսպերիմենտալ հետազոտությունները, պրոցեսների կինետիկան, աշխատանքների կենսաբանական և բժշկական ուղղվածությունը, որոնք ներկայունս առաջացնում են շատ բարձր ռեզոնանս աշխարհում, Անահիտի ոլորտն են: Այնպես որ մեկս առանց մյուսի այս հաջողություններին չէինք հասնի»,- ասում է նա:

Անահիտ Տոնոյան

Որպես համատեղ հաջողության օրինակ, որի վրա հիմա էլ աշխատում են, գիտնականները մատնանշում են քաղցկեղի մոդելավորումը, որն իրականացրել են դեռ տարիներ առաջ: Այժմ նորից նույն թեմային են վերադարձել՝ մոդելավորելով նաև մետաստազները: Ամերիկյան հեղինակավոր գիտական ամսագրում տպագրված հոդվածը մեծ արձագանք է ստացել մասնագիտական շրջանակներում, ամուսիններին տարբեր քննարկումների ու գիտաժողովների են հրավիրում:

Անդրադառնալով 90-ականներին Հայաստան տեղափոխվելու որոշմանը՝ գիտնական ամուսիններն ասում են, որ ուզում էին իրենց գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնել հայրենիքին: Սակայն ափսոսանքով նշում են, որ իրենց աշխատանքի արդյունքը երբեմն ստիպված են եղել այլ երկրներում ներդնել, իսկ այն, ինչ ցանկացել են առաջինը Հայաստանում կիրառել, դեռ այդպես էլ չի ներդրվել:

Ամուսինները նշում են, որ վերջին կառավարության ձևավորումից հետո որոշակի հետաքրքրություն են նկատել իրենց խիստ կիրառական նշանակություն ունեցող արդյունքների նկատմամբ: Վարչապետի խորհրդականը իրենց խորհուրդ է տվել կապվել մի մասնագետի հետ, որը որպես մենեջեր կարող է աջակցել ֆինանսավորում հայթայթելու և գաղափարը կյանքի կոչելու գործում: Արդյունքներ դեռևս չկան, բայց Տոնոյանը և Դավթյանը հույս ունեն, որ գործը միայն հետաքրքրությամբ չի ավարտվի և շոշափելի արդյունք կունենա:

Միաժամանակ գիտնականները նշում են՝ երբ մտածել են արտադրություն հիմնելու մասին, հասկացել են, որ Հայաստանում դա անելու դեպքում կադրերի մեծ խնդիր են ունենալու, չկան համապատասխան թվով ու որակավորմամբ մասնագետներ:

Նշում են, որ իրենց բոլոր ասպիրանտները, որոնք արտերկրում են ավարտել կրթությունը, Հայաստան չեն վերադարձել. այստեղ գիտական գործունեության համար նպաստավոր պայմաններ չկան: Տոնոյանը նշում է, որ եղել են մարդիկ, որոնք իրենց խնդրել են 150-200 հազար դրամով հաստիք ապահովել, որպեսզի գան և Հայաստանում գիտական գործունեություն ծավալեն, սակայն նման հնարավորություն չեն կարողացել ապահովել:

«Միջազգային ասպարեզ դուրս գալու միակ տարբերակը հայերի համար գիտությունն է: Մենք այդ պոտենցիալն ունենք ու պիտի կարողանանք դա ճիշտ օգտագործել»,- ասում է Դավթյանը:

Իսկ Տոնոյանը հավելում է՝ պետք է պետական մակարդակով ոչ միայն քայլեր ձեռնարկվեն գիտությունում երիտասարդների համար բարենպաստ պայմաններ ստեղծելով, այլև գնահատեն առկա տարեց մասնագետներին, նրանց համար ևս նպաստավոր պայմաններ ստեղծեն ու փորձեն առավելագույն արդյունք ստանալ, որպեսզի գիտությունը Հայաստանում ունենա ոչ միայն ներկա, այլև ապագա:






Մեկնաբանություններ - 2

Anahit Varderesyan     13.04.2017 Ավելացնեմ, որ Անահիտ Տոնոյանը, լինելով քիմիական գիտությունների դոկտոր, կոչումով նաև պրոֆեսոր է:

Suren Petrosyan     10.04.2017 Երբ պետք է սովորենք, որ դոկտորական աստիճան ունեցող անձանց պետք է դիմել եւ անձը ներկայացնել դոկտոր դիմելաձեւով: Ի՞նչ է նշանակում տիկին:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: