Հայերեն   English   Русский  

​ՎԱՉՈՒՏՅԱՆՆԵՐ


  
դիտումներ: 5589

Վաչուտյանների զինանշանը Սանահինի վանքի զանգակատան ճակատին

Զաքարյանների շրջանի պատմությունը հայոց տարեգրության ամենափառահեղ էջերից է: 1190 թվականից սկսված և շուրջ 20 տարի տևած արյունահեղ պատերազմների արդյունքում Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրները կարողացան ջախջախել սելջուկյան զորքերն ու ազատագրել Հայաստանի մեծ մասը: Զաքարյանների տերությունն իր տարածքով, ռազմական և տնտեսական հզորությամբ, քաղաքական ազդեցությամբ մեծապես գերազանցում էր ոչ վաղ անցյալում կործանված Բագրատունիների հայոց թագավորությանը:

Զաքարյաններին այս ազատագրական պատերազմներում, ի թիվս հայ իշխանական այլ տոհմերի, աջակցեցին նաև Վաչուտյանները, որոնց Հայաստանի ազատագրումից հետո Զաքարե Զաքարյանը կարգեց պետության իշխանաց-իշխան և երկրի կենտրոնական հատվածի՝ Արարատյան կողմնակալության հրամանատար-կողմնակալ:

Հիրավի մեծ էր Վաչուտյանների ազդեցությունն ու դերակատարությունը, քանզի նրանց վստահվել է նման պատասխանատու պաշտոններ:

Իշխանաց իշխանը հայոց պետական համակարգում վերահսկում էր երկրի ներքին կյանքը՝ ամրոցների, ճանապարհների, իջևանատների, կամուրջների կառուցումը, առևտուրը, ներքին սոցիալական հարաբերությունները, հարկահանությունը և այլն: Ներկա տերմինաբանությամբ՝ իշխանաց իշխանը երկրի վարչապետն էր: Միաժամանակ Զաքարյաններն իրենց արքունիքում ներդրեցին նոր պաշտոն՝ կողմնակալ: Դա, ըստ էության, վաղ միջնադարյան Հայաստանի բդեշխությունն էր: Եվ Զաքարյանները հայոց երկիրը բաժանեցին առանձին կողմնակալությունների և նրանց գլխին կարգեցին կողմնակալներ, որոնք միաժամանակ թե՛ վարչական, թե՛ ռազմական ղեկավարներ էին: Եվ Վաչուտյան իշխաններին բաժին հասավ ամենամեծ ու ամենապատասխանատու կողմնակալությունը՝ պետության միջնաբերդը համարվող Արարատյան երկիրը:

Միաժամանակ Վաչուտյանները Նիգ գավառի (որ ընդգրկում է ներկայիս Արագածոտնը) տերն էին:

Զաքարե և Իվանե եղբայրների բանակում իր քաջությամբ ու անձնազոհությամբ աչքի ընկավ Վաչէ Վաչուտյանը, որ հայոց տիրակալների կողմից արժանացավ վերը նշված շնորհներին:

Վաչուտյանների տոհմը, ամենայն հավանականությամբ, ծագում է Լոռիից: Հայտնի է Վաչէ Ա Վաչուտյանի պապի և հոր անունները՝ Վաչուտ և Սարգիս: Հայտնի է նաև Վաչուտի որդի Սարգսի կնոջ անունը՝ Կատա: Հենց Վաչուտից էլ նոր բարձրացող իշխանական այս տոհմը կոչվեց Վաչուտյան: Թե մինչև XIII դարը Հյուսիսային Հայաստանում ինչպես է կոչվել իշխանական այս տոհմը՝ հայտնի չէ:

Սարգսի որդի Վաչէ Առաջինից սկսվեց տոհմի վերելքը: Վաչէ Առաջինի կինը Խաչենի Հասան իշխանի դուստր Մամախաթունն էր:

Վաչէ Առաջինը Զաքարյանների տերության ամենաազդեցիկ գործիչներից էր, ուստի նրան վստահվեց Արարատյան կողմնակալությունը: Պատերազմներում քաջ ու զորեղ այս իշխանավորն աչքի է ընկեր նաև շինարարական գործունեությամբ:

Վաչէ Ա Վաչուտյանի կառուցած առավել աչքի ընկնող շինություններն են Սանահինի վանքի Մեծ (բաց) գավիթը (1211 թ.), Կեչառիսի Սուրբ Նշան եկեղեցին (1213 թ.), Արա գյուղի իջևանատունը, Մակարավանքի գավիթը (1216 թ.), Հովհաննավանքի գմբեթավոր գավիթը:

1196 թ. հայոց բանակը վերջնականապես ազատագրեց Ամբերդը, և մի քանի տարի անց Զաքարյաններն այն, որպես իշխանանիստ, տնօրինության հանձնեցին Վաչէ Վաչուտյանին: Այդ ժամանակաշրջանից Կամսարականների նախկին այս ամրոցը դարձավ Արարատյան կողմնակալության իշխանանիստ կենտրոնը: Վաչէ Վաչուտյանն ու իր որդի Քուրդն Ամբերդում վերականգնողական ու շինարարական հսկայական աշխատանքներ կատարեցին:

Վաչէ Ա Վաչուտյանը մահացել է 1235 թ. և թաղվել Հովհաննավանքի գավթում:

Վաչէ Ա որդին էր Քուրդ Ա իշխանը, որ իր կնոջ՝ Խորիշահի հետ նաև շինարարական բեղուն գործունեությամբ է հայտնի: Քուրդ Ա իշխանաց իշխանը նաև Վաչուտ անունով եղբայր ուներ, որի մասին, սակայն, պատմությանը քիչ բան է հայտնի:

Քուրդ Առաջինի իշխանության տարիներին մոնղոլները նվաճեցին Հայաստանը: Քուրդ Ա իշխանաց իշխանը հպատակվեց Չարմաղան Նոյինին և իր զորագնդերով մասնակցեց մոնղոլների ավարառուական-նվաճողական արշավանքներին: Նա 1236 թ. մոնղոլական զորքերի կազմում մասնակցեց նաև Անիի գրավմանը:

Մոնղոլների կողմից Ամբերդը գրավելուց և ավերելուց հետո, Քուրդ Վաչուտյան իշխանն իր իշխանանիստը հաստատեց Արագածոտնի Վարդենիս գյուղում՝ այնտեղ կրկնահարկ ու պարսպապատ դղյակ կառուցելով:

Այնքան մեծ էր Քուրդ Ա Վաչուտյան իշխանաց իշխանի հեղինակությունը, որ 1254 թ. Վարդենիսի նրա իշխանանիստ ապարանքում է հյուրընկալվել Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա Հեթումյանը՝ (1226-1270) մոնղոլ խանին Կարակորում այցի գնալիս և վերադառնալիս: Սա ինքնին խոսուն փաստ է, քանզի հայոց տերերն իրավամբ Զաքարյաններն էին, և պատշաճ էր, որ Կիլիկիայի հայոց արքան նրանց մոտ հյուրընկալվեր:

Հետագայում Վաչուտյանների իշխանանիստը հաստատվեց Արագածոտնի Կարբի գյուղում:

1267 թ. Քուրդ Ա Վաչուտյանի ջանքերով Սաղմոսավանքում վերաբացվեց Վարդան Արևելցու՝ ավելի վաղ շրջանում Խոր Վիրապում բացած և գործած բարձրագույն դպրոցը: Սաղմոսավանքը դարձավ հոգևոր և մշակութային մեծ կենտրոն:

Քուրդ Ա իշխանաց իշխանը կյանքի վերջին տարիներն անց է կացրել որպես վանական՝ ճգնելով Սևանավանքում: Մահացել է 1270 թ.:

Քուրդ Առաջինից հետո Վաչուտյան տոհմում հիշատակվում են Հասան, Դավիթ Ա, Վաչէ Բ, Դավիթ Բ, Վաչէ Գ, Դավիթ Գ իշխանները, որոնք, սակայն, էական դերակատարություն չեն ունեցել հայոց ռազմաքաղաքական կյանքում:

Իսկ Վաչուտյանների տոհմի վերջին զորեղ ներկայացուցիչը Քուրդ Բ իշխանն է, որ իշխել է XIII դարավերջից մինչև XIV դարի 40-ական թվականները:

Քուրդ Բ-ն իր ռազմիկներով մասնակցել է մոնղոլական արշավանքներին, աչքի ընկել պատերազմներում, մոնղոլական բանակում կռվող հայկական զորամիավորումների ընդհանուր հրամանատարն է եղել: Նա Կարբիում հաղթակամար եկեղեցի է կառուցել՝ որտեղ ընդարձակ արձանագրություն է թողել:

Վաչուտյանների իշխանության վերջին հայտնի ներկայացուցիչը Քուրդ Բ Վաչուտյանի որդի, Չրքին (Տգեղ) մականունով Թեոյդոս Ամբերդցին է: Թեոյդոս Վաչուտյանն Արագածոտնում կառավարել է 1340-1350-ական թթ.: Նա պահպանել էր իշխանաց իշխանի տիտղոսը: Թողել է մի քանի վիմագիր արձանագրություններ բնակչությանը որոշ հարկերից ազատելու վերաբերյալ:

Թեոյդոս Ամբերդցուց հետո Վաչուտյանների տոհմը մարեց և վերացավ հայոց պատմության թատերաբեմից: Նրանց մասին հիշատակություններ այլևս չեն հանդիպում:

Վաչուտյանների իշխանական տան խորհրդանիշը զույգ արծիվներն են: Պետք է նշել, սակայն, որ զինանշանի արծիվները տարբեր կոթողներում պատկերված են տարբեր դիրքերով ու տարբեր տեսքով:

Վաչուտյանները XIII-XIV դարերում թերևս հայ իրականության մեջ ամենաշինարար տոհմն էին: Նրանք կառուցել են Սաղմոսավանքը, Հովհաննավանքի վանական համալիրի հիմնական մասը, Տեղերի եկեղեցին, Եղիպատրուշի եկեղեցին, Ուշիի եկեղեցին…

Սակայն նրանց բարեգործությունները, որպես կանոն, սահմանափակվեցին եկեղեցաշինության բնագավառում:

Աշխարհիկ կառույցներից Վաչուտյաններին են պատկանում Արա գյուղի իջևանատունը, մի քանի կամուրջներ, ինչպես նաև Ամբերդի պարսպի որոշ հատվածներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: