Հայերեն   English   Русский  

​Ծերությունը՝ վարքագծի հետևանք


  
դիտումներ: 1424

Խրիստո Մեմերսկին Բուլղարիայում հայտնի գենաբան է, տասնյակ գրքերի հեղինակ: Նրա մտքերը հետաքրքիր են ու առողջության մասին խորհելու տեղիք են տալիս: Գենաբանի համոզմամբ, ինքներս ենք մեր առողջությունը քայքայում սխալ ընտրված մթերքներով: Սա իհարկե նորություն չէ, սակայն կան հետաքրքիր մտքեր:

Ծերացման մասին

Մեմերսկին վստահեցնում է, որ ծերությունը բնական վիճակ չէ, թեպետ բոլորս հակված ենք այդ կարծիքին:

Շատ գիտնականների կարծիքով՝ ծերությունը հիվանդություն է, որի պատճառն ինքներս ենք՝ մեր իսկ սննդային ոչ խելամիտ վարքով: Նրանք համոզված են, որ մարդկանց 70%-ը մահանում է սնվելու նկատմամբ հանցավոր վերաբերմունքի հետևանքով: Հոդատապը, դիաբետը, կաթվածն ու ինֆարկտը, քաղցկեղի տարբեր տեսակները նրանք քաղաքակրթական խարան են համարում:

Հետաձգված ծերություն

Սնման հասարակ կանոնների շնորհիվ կարելի է այնպես անել, որ ծերությունը նահանջի: Գլխավորը չափի զգացումն է՝ ամեն ինչից մի քիչ: Իսկ ծերությունը դանդաղեցնող մթերքներից կարելի է մի քանիսը թվարկել. գինին, բանջարեղենն ու մրգերը, յոգուրտն ու կաթը:

Գինու մասին ասվել է ու նորից կարելի է նույնը կրկնել. ոչ մեծ քանակությամբ գինին օգտակար է: Ֆրանսիայում միսը կարմիր գինով ցողելու ավանդույթ կա: Ու փաստերի համաձայն՝ ֆրանսիացի Ժանն առնվազն 10 տարի ավելի է ապրում անգլիացի Ջոնից:

Օգտակար մթերքների շարքում առաջինը բնական յոգուրտն է, որը հեշտ մարսվող է: Այն կանխում է ստամոքսի, հաստ աղիքի քաղցկեղի, օսթեոպորոզի առաջացումը:

Գեղեցկության բնական վիտամինները

Գեղեցկությունը պահպանելու լավագույն վիտամինները սխտորով ու գազարով աղցանի մեջ են: Սխտորը մանրէասպան հատկություն ունի, նման հատկությամբ է օժտված նաև ակնամոմը (պրոպոլիս). այն սպանում է գրիպի վարակը, պայքարում գաստրիտի, կոլիտի, դիսբակտերիոզի դեմ, հակաքաղցկեղային կանխարգելիչ է համարվում: Դրա համար բավարար է ջրի մեջ 20-30 կաթիլ ակնամոմ կաթեցնել ու խմել օրական 2 անգամ:

Թույներ

Ողջ աշխարհում սննդամթերքին համուհոտ հաղորդելու համար ավելի քան 200 քիմիական նյութեր են ստեղծվել: Հաստատվել է, որ դրանց խտաքանակները կարող են մահվան հանգեցնել: Մթերք գնելիս ուշադրություն դարձրեք բաղադրագրի վրա մանր տառերով ներկայացված նյութերի ցանկին: Հենց այդտեղ է, որ ներկայացվում է սինթետիկ հավելումները: Դրանք կիրառվում են մթերքի պահպանման ժամկետի երկարացման, համուհոտի, բուտուլիզմը կանխելու համար: Դրանց քանակը մեծ է երշիկեղենի, պահածոյացված ձկան մեջ:

Չափազանց վտանգավոր կոնսերվանտներ են համարվում հիդրօքսիտոլուոլ բութիլատն ու հիդրօքսիանիզոլ բութիլատը, որոնք կիրառվում են չիփսերում ու աղցանների պատրաստման ժամանակ: Ավելացվում են պատրաստի տորթերին, մակարոնեղենին, ծամոնին՝ թարմությունն ու պահպանման ժամկետը երկարաձգելու նպատակով: Ի դեպ, նկատենք, որ թվարկված մթերքները հիմնականում շատ են սիրում երեխաները, մինչդեռ դրանք քաղցկեղ ու ալերգիաներ են առաջացնում:

Երեխաների համար պակաս վտանգավոր չեն պատրաստի հյութերը, որոնցում կիրառվող նստվածքների դեմ օգտագործվող բուսական յուղերը վտանգավոր են: Ուրեմն բնական հյութեր իհարկե կարելի է ու պետք է օգտագործել, սակայն միայն թարմ պատրաստվածները:

Քաղցր կամ աղի

XX դարասկզբում մարդկությունը 5 անգամ ավելի քիչ շաքար էր գործածում, քան հիմա: Շաքարը մարդկության սպիտակ անեծքն է: Այն վնաս է հասցնում սրտին, երիկամներին ու ստամոքսին: Մոռացեք գազավորված ըմպելիքների մասին, նաև՝ լիմոնադների:

Արյան բարձր ճնշում ունեցողների մտքով անգամ չի անցնում, որ իրենց խնդրի հիմնական, պատճառը օգտագործվող աղի մեծ քանակն է: Քաղցած ստամոքսին չիփսերը, փոփքորնը (ադիբուդի), գետնանուշը՝ այդ անմեղ թվացող մթերքներն ինքնասպանության գործիք են:

Երկարակեցության բաղադրատոմսը

1. Այնքան կալորիա գործածեք, որքան կծախսեք:

2. Ամեն օր՝ մեկ խնձոր:

3. Սառեցրած ջուր խմեք ու խոտաբույսերով թուրմեր:

4. Ակտիվ աշխատեք:

5. Ցնցուղ ընդունեք ամեն օր:

6. Ցուրտ կամ զով սենյակում քնեք:

7. Հանգստյան օրերին ոտքով քայլեք կամ հեծանվով 10-15 կմ անցեք:

8. Ձեզ բարեկամներով, ընկերներով շրջապատեք, ուրախացեք, մի հրաժարվեք սեքսից:

9. Երբեք մի մտածեք ու մի խոսեք տարիքից ու ծերությունից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: