Հայերեն   English   Русский  

​Բազմաբնակարան շենքեր


  
դիտումներ: 3181

Շատերը բնակվում են բազմաբնակարան շենքում, բայց քչերն են պատկերացնում դրա իրավական ռեժիմը, դրա ոչ բնակելի տարածքների սեփականության իրավունքի, շենքի կառավարմանն առնչվող հարցերը:

Ի՞նչ է բազմաբնակարան շենքը: Այն մեկ «տեր» չունի: Շենքի բնակարանները և ոչ բնակելի տարածությունները սեփականության իրավունքով պատկանում են մեկից ավելի սեփականատերերի: Սեփականատեր կարող են լինել ֆիզիկական և իրավաբանական անձինք, համայնքներն ու Հայաստանի Հանրապետությունը:

Բնակարան և ոչ բնակելի տարածք: Բնակարանը բնակության համար նախատեսված և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածք (շինություն) է: Ոչ բնակելի տարածքը շենքում կամ շինությունում ֆիզիկական անձանց բնակության համար չնախատեսված և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածք (շինություն) է:

Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերը տիրապետում, տնօրինում և օգտագործում են դրանք քաղաքացիական օրենսդրության նորմերին համապատասխան: Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը ևն: Ընդհանուր սեփականությանը (բաժնային և համատեղ) անդրադարձել ենք մեր նախորդ հոդվածներով:

Ինչպե՞ս է որոշվում բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր բաժնային սեփականությունը: Օրինակ՝ հողամասի նկատմամբ յուրաքանչյուր բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջ բաժինը որոշվում է տվյալ սեփականատիրոջը պատկանող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի մակերեսի հարաբերությամբ այդ շենքի բոլոր բնակարանների ու ոչ բնակելի տարածքների մակերեսներին և արտահայտվում է կոտորակով:

Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության և մյուս հարցերին մանրամասն կանդրադառնանք հաջորդ համարներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: