Հայերեն   English   Русский  

​Արթուր Թովմասյան. «Մարզիկը պետք է խոնարհ և աշխատասեր լինի»


  
դիտումներ: 1877

Մարտի 22-25-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացավ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը: Օղակների վրա վարժությունում իրեն հավասարը չունեցավ Արթուր Թովմասյանը:

Հայ մարմնամարզիկը, վաստակելով 15,133 միավոր, 0,66 նիշով առաջ անցավ ուկրաինացի Իգոր Ռադիվիլիովից և զբաղեցրեց առաջին տեղը՝ նվաճելով ոսկե մեդալ:

«Անկախի» հետ զրույցում Արթուր Թովմասյանը պատմում է աշխարհի գավաթից ստացած տպավորությունների մասին՝ նշելով որ հաղթանակը լրացուցիչ վստահություն է հաղորդում Եվրոպայի առաջնությունից առաջ:

- Շնորհավորում ենք: Ծնկի վնասվածքի վերականգնումից հետո առաջին անգամ դուրս գալով միջազգային հարթակ՝ փայլուն հանդես եկաք:

- Շնորհակալ եմ: Անցյալ տարվա դեկտեմբերից լրիվ ծանրաբեռնվածությամբ սկսեցի մարզվել: Ժամանակը քիչ էր, հարկավոր էր լուրջ նախապատրաստվել: Որախ եմ, որ ամեն ինչ հաջող դասավորվեց: Մարտին մասնակցեցի Հայաստանի առաջնությանը, որն ինձ օգնեց վստահություն ձեռք բերել և լարվածությունը հաղթահարելու առումով:

Աշխարհի գավաթի որակավորման փուլի ժամանակ մտահոգություն կար, թե ինչպես հանդես կգամ: Որակավորման փուլից հետո ավելի վստահ էի: Մարզիչները վարժությունը ճիշտ էին ընտրել. կարողացա կատարել այն, ինչ պահանջվում էր: Բոլորս էլ ուրախ ենք այս հաջողության համար:

- Մարմնամարզությունը մեծ կենտրոնացում է պահանջում, անգամ աննշան սխալը վարժության կատարման ընթացքում կարող է ճակատագրական լինել: Ինչպե՞ս եք հաղթահարում հուզմունքը մրցելույթների ժամանակ:

- Հուզմունքն ամբողջությամբ հաղթահարել հնարավոր չէ: Ուղղակի հարկավոր է կենտրոնանալ վարժության կատարման վրա և առավելագույնս լավ հանդես գալ: Տվյալ իրավիճակներում, ով կարողանում է կենտրոնանալ, նա էլ առաջ է անցնում իր մրցակիցներից: Սա բարդ մարզաձև է, պայքարն ընթանում է միավորների աննշան տարբերությամբ, և անգամ աննշան վրիպումը, իրոք, կարող է ճակատագրական լինել: Աշխարհի գավաթի խաղարկությունում մրցակցությունը բավական ուժեղ էր: Առաջին քառյակից յուրաքանչյուր մարզիկ կարող էր հայտնվել առաջին հորիզոնականում:

- Ապրիլի 19-23-ը Ռումինիայում կայանալու է Եվրոպայի առաջնությունը: Ինչպե՞ս եք նախապատրաստվում:

- Քաթարում անցկացրինք ուսումնամարզական հավաք, որը մեզ շատ օգնեց: Այժմ նախապատրաստվում եմ նույն եռանդով: Եվրոպայի առաջնությունում նույն ծրագրով եմ հանդես գալու: Բավական բարդ վարժություն է: Մարզիչներն են որոշում, թե ինչ վարժությամբ եմ հանդես գալու:

Երկար ժամանակ չէի մասնակցել մրցաշարերի, և ինձ համար ուրախալի փաստ էր, որ հաջողություն գրանցեցի Եվրոպայի առաջնությունից առաջ: Աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթանակը լրացուցիչ վստահություն է հաղորդում: Իսկ մարզաձևի յուրահատկություններից ելնելով՝ կանխատեսումներ անել հնարավոր չէ, հարկավոր է գործով ապացուցել:

- Ուրախալի է, որ թիմում առողջ և համերաշխ մթնոլորտ է տիրում: Սա լրացուցիչ վստահություն հաղորդո՞ւմ է մրցումներից առաջ:

- Մեր թիմն անկասկած առանձնանում է: Մրցաշարերի ժամանակ աջակցում ենք իրար: Վստահաբար կարող եմ ասել, որ յուրաքանչյուրի անհաջողությունը բոլորիս ցավն է, և, հակառակը՝ մեկի հաջողությունը բոլորիս ուրախությունն է: Աշխարհի գավաթի խաղարկությունում, երբ ելույթս ավարտեցի, Հարություն Մերդինյանի ու Արթուր Դավթյանի արձագանքն այնքան ոգևորիչ էր, որ ես այդ վերաբերմունքից ավելի ուրախացա, քան իմ հաղթանակից: Կարծես իրենք հաղթած լինեին, ոչ թե ես: Մեր թիմն իսկապես մեկ ընտանիք է:

- Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել մարմնամարզությամբ: Մարզաձևի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

- Մարմնամարզությունն այն մարզաձևն է, որ եթե հասնում ես պրոֆեսիոնալ մակարդակի, նշանակում է՝ չես կարող հիշել, թե ինչպես ես ընտրել այդ ուղին: 5-6 տարեկան հասակում երեխայի փոխարեն ընտրում են ծնողները: Այդպես է նաև իմ պարագայում: Տարիների ընթացքում մարմնամարզությունն ինձ գրավեց ամբողջությամբ: Հետագայում արդեն սեր, ջանք ու եռանդ դրեցի մարզաձևի մեջ և սիրեցի այն ամենը, ինչ կապված է մարմնամարզության հետ: Մարզաձևի ու սպորտի մեջ մարզիկը լրջորեն ավելի ուշ է մտնում: Մոտ տասը տարի ժամանակ է պետք հասկանալու համար՝ հնարավո՞ր է դառնալ բարձրակարգ մարզիկ: Տվյալներն ու հնարավորությունները միայն այդ ժամանակ են տեսանելի դառնում:

- Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար: Ի՞նչ է տվել Ձեզ սպորտը:

- Մարզիկների մոտեցումներն ու կարծիքները տարբեր են այս հարցի շուրջ: Ես կարծում եմ, որ մարզիկը նախ և առաջ պետք է խոնարհ և աշխատասեր լինի: Այս երկու հատկանիշների առկայության դեպքում հնարավոր է հասնել հաջողության: Միայն տվյալներ ունենալը բավական չէ, պետք է նվիրյալ լինել ու աշխատել: Հարկավոր է լսել մարզիչներին, ընդունել խորհուրդներն ու համաձայնել նրանց հետ: Հաճախ շատ մարզիկներ ներքին կոնֆլիկտ են ունենում մարզիչների հետ՝ չկարողանալով շարժվել առաջ:

Սպորտը դարձել է ինձ համար ամեն ինչ: Ամբողջ կյանքս ներդրել եմ սպորտի մեջ: Ինչ ունեմ, ինչի հասել եմ կյանքում՝ սպորտի շնորհիվ է:

- Ինչպիսի՞ն են զգացողությունները, երբ ներկայացնում եք երկիրը տարբեր առաջնությունների և մրցաշարերի ժամանակ:

- Մարզիկն իրեն ներկայացնելուց առաջ նախ ներկայացնում է երկիրը: Յուրաքանչյուրի համար մեծ հպարտություն է, երբ կարողանում է հաղթել, կանգնել պատվո ամենաբարձր հարթակին: Ոգևորությունը մեծ է, երբ հաղթանակով ուրախություն ես պարգևում հայրենակիցներիդ, ևս մեկ անգամ հնչում է երկրի անունը: Այդ առումով պատասխանատվություն կա: Հպարտ եմ, որ հայ եմ և հնարավորություն ունեմ ներկայացնելու իմ երկիրը միջազգային ասպարեզում:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: