Հայերեն   English   Русский  

​Ձյուդոյիստները մեդալ նվաճեցին Եվրոպայի գավաթի խաղարկությունում


  
դիտումներ: 1304

Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում ապրիլի 1-2-ը կայացավ ձյուդոյի մեծահասակների Եվրոպայի գավաթի խաղարկությունը:

Մրցաշարին մասնակցում էր 27 երկրների 268 մարզիկ: Նրանք մրցանակներ շահեցին տղամարդկանց և կանանց 7-ական քաշային կարգերում:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ղեկավարությամբ Դուբրովնիկում հանդես եկավ մեր հավաքականի 3 ներկայացուցիչ՝ Սոսե Բալասանյանը (52 կգ), Գոռ Մկրտչյանը (60 կգ) և Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ):

Կանանց 52 կգ քաշային կարգի 15 մասնակիցների մրցավեճում կանանց Հայաստանի ընտրանու անդամ, Արցախը ներկայացնող մարզուհի Սոսե Բալասանյանը իպոնով 2 մաքուր հաղթանակ տարավ 1/8-րդ և 1/4-րդ եզրափակիչներում:

Կիսաեզրափակչում Սոսեն վստահ հաղթեց ֆրանսուհի Սեսիլ Հերատին, մտավ եզրափակիչ և իրավունք նվաճեց վիճարկելու Եվրոպայի գավաթակրի կոչումը: Այս պայքարում ավելի ուժեղ գտնվեց Բալասանյանի մրցակիցը՝ իտալուհի Ջուլյա Պերուչչին: Սոսե Բալասանյանը պարգևատրվեց արծաթե մեդալով:

Ստուգատեսում բավական վստահ հանդես եկավ նաև 73 կգ քաշային կարգում Ֆերդինանդ Կարապետյանը: Նա չորս անընդմեջ հաղթանակ տարավ և մտավ կիսաեզրափակիչ, որտեղ համառ պայքարում զիջեց Բենջամին Մակուսին: 3-րդ տեղի պայքարում Կարապետյանը կամային հատկանիշներ դրսևորեց և հաղթելով հոլանդացի Քենեթ Հենեվելդին՝ բրոնզե մեդալ նվաճեց:

60 կգ քաշային կարգում 22 մասնակիցների պայքարում Գոռ Մկրտչյանն առաջին իսկ գոտեմարտում զիջեց բելգիացի Ֆլավիո Դիմարկային:

Մեր պատվիրակների վստահ ու հաջող ելույթներն անչափ ուրախալի են, քանի որ ապրիլի 20-23-ը Վարշավայում նրանք հանդես են գալու Եվրոպայի առաջնությունում, և այս մրցաշարը նրանց համար պատասխանատու ստուգատեսից առաջ ուժերի փորձարկման լավ հնարավորություն էր:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: