Հայերեն   English   Русский  

​Թափառող շների հարցն էլի օրհասական է. ինչպե՞ս են ծախսվել բյուջեի միջոցները վերջին 8 տարիներին


  
դիտումներ: 3754

Վերջին օրերին սոցիալական ցանցերում հաճախակի են դարձել ընտանի շների կորչելու մասին ահազանգերը: «Շանս սպանել են», «շունս կորել է» և նման արտահայտություններն այլևս սովորական են: Սակայն կենդանասերների զայրույթը հատկապես շարժեց ու համբերության բաժակը լցրեց Փրչոտ անունով էկոակտիվիստ շան սպանությունը:

Կանաչ վզկապով շունը հեծանվարշավների մշտական մասնակիցն էր արդեն մի քանի տարի: Ինչպես շանը ճանաչողներն են պնդում, խելոք ու հասկացող, բարի շուն էր, ապրում էր ՀՎԶ հեծանիվների արհեստանոցի տարածքում: Նոյեմբերի սկզբին, սակայն, շունը զբոսանքի է դուրս եկել ու անհետացել, իսկ արհեստանոցի մոտակայքում արյան ու հողի վրայով ինչ-որ բան քարշ տալու հետքեր են եղել: Ակտիվիստները դիմել են «Յունիգրաֆ Իքս» ընկերությանը, որտեղից էլ տեղեկացրել են, որ տարածքից երեք էգ շուն են տարել: Ենթադրվում է, որ երեքից մեկը Փրչոտն է:

Շների համատարած անհետացումը սկսվեց հոկտեմբերի 20-ին, երբ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում կայացած նիստի ժամանակ անբավարար գնահատեց թափառող շների դեմ պայքարի գործընթացը. «Ամեն երկուշաբթի զեկուցվում է, թե այսքան թափառող կենդանի է վնասազերծվել, սակայն այդ աշխատանքների արդյունքում կենդանիների քանակն էապես չի նվազում: Այս ուղղությամբ մեծ փոփոխություն եմ ակնկալում: Եղեք շատ խիստ, հետևողական ու բացթողումների մասին անմիջապես բարձրաձայնեք: Եվ քանի որ այժմ մենք 2015 թվականի բյուջեն ենք քննարկում, ներկայացրեք հանձնաժողովի նոր կազմի առաջարկություն, որում ներգրաված լինեն նաև Երևանի ավագանու անդամները, իսկ գնումների գործընթացում ներգրավեք նաև համապատասխան հասարակական կազմակերպություններին»:

«Դինգո թիմ» ՀԿ-ի հիմնադիր Օվսաննա Հովսեփյանն ասում է` այն, որ թափառող շները չեն պակասում, չի նշանակում, թե պետք է նրանց անխնա ոչնչացնել: «Մենք չենք ասում` թողեք շները բազմանան: Ընդամենը պահանջում ենք սահմանված կարգով ստերջացում կատարել և բաց թողնել, ոչ թե կրակել»,- ասում է Հովսեփյանը` հավելելով, որ կրակելով երբևէ հարցը չի լուծվի: Այս պարագայում գործում է տեսակի ինքնապաշտպանության բնազդը. սովորականից ավելի շատ ձագեր են լույս աշխարհ բերում, բացի այդ, դառնում են ավելի ագրեսիվ: Մինչդեռ ստերջացման պարագայում թափառող շների խնդիրը մի քանի տարվա ընթացքում կլուծվի:

Նշենք, որ «Յունիգրաֆ Իքսը» 2006-ից ի վեր շահել է քաղաքապետարանի հայտարարած բոլոր մրցույթները: Վերջին տարիներին «Յունիգրաֆ Իքս»-ին տարեկան հատկացվել է 180-220 մլն դրամ գումար: Սակայն կենդանասերների պնդմամբ` այդ գումարներն արդյունավետ չեն օգտագործվել:

«Ասում են, որ քաղաքում կա 46 հազար շուն, ու արդեն 7 տարի շարունակ այդ շները չեն պակասում, ո՞րն է իրենց աշխատանքի իմաստը, եթե ամեն տարի պետբյուջեից հսկայական միջոցներ են ստանում, իսկ թվաքանակը, միևնույն է, չի պակասում»,- ասում է Հովսեփյանը` հավելելով, որ «Յունիգրաֆ Իքսը» շների մտացածին թիվ է ներկայացնում` հիմնվելով պետբյուջեից հատկացվող գումարի վրա:

«Իրենց տվյալներով իրենց գործունեության տարիների ընթացքում ստերջացրել ու վերադարձրել են 30 հազար շուն: Ֆիզիկական տեսանկյունից հնարավոր չէ, որ այդքան շուն լինի քաղաքում: Եթե միայն Մոսկվայում, որը 10 մլն բնակչություն ունեցող քաղաք է, կա 20 հազար շուն, ինչպե՞ս կարող է Երևանում լինել 30 հազար ստերջացված շուն, չհաշված չստերջացվածները, որովհետև բոլորս էլ տեսնում ենք, որ շները զուգավորվում են, բազմանում են: Ստերջացված շուն տարբերանշանով շուն մոմով էլ ման գանք, չենք գտնի»,- ասում է Հովսեփյանը:

Նշենք, որ մեկ շան ստերիլիզացիայի արժեքը 8800 դրամ է արուների դեպքում և 11500 դրամ` էգերի դեպքում: Մեկ շանը քնեցնելու արժեքն է 3900 դրամ:

շների սպանդ

«Անկախի» հարցին, թե ինչն է պատճառը, որ չնայած կենդանասերների շարունակական բողոքներին և արդյունքների բացակայությանը` քաղաքապետարանը թափառող շների վնասազերծման գործը «Յունիգրաֆ Իքսին» է վստահում, Հովսեփյանն ասում է, որ պատճառը ընկերության սեփականատերերն են. «Յունիգրաֆ Իքսը» պատկանում է Կենտրոնի թաղապետ Արա Սադոյանին և նրա եղբորը: «Սա լրիվ բավարար է հասկանալու համար, թե ինչու են մշտապես այդ ընկերությանը գումարները հատկացվում»,- ասում է նա:

Հարցին, թե ինչու կենդանասերները չեն փորձում մրցակցել «Յունիգրաֆ Իքսի» հետ` մասնակցելով տենդերին, Հովսեփյանն ասում է, որ դրա համար մեծ միջոցներ են պետք` տարածք, վանդակներ, կլինիկա, մեքենաներ, ինչը իրենք չունեն: Բացի այդ, ժամանակին «Փրկենք կենդանիներին» կազմակերպությունը փորձել է ու մերժվել պայմաններին չհամապատասխանելու պատճառաբանությամբ:

«Վերջնական նպատակը տենդերը մեր ձեռքը վերցնելը չէ: Մեր պայքարի նպատակն այն է, որ շահող կազմակերպությունն իսկապես բարեխղճորեն անի աշխատանքը, որ վերահսկողություն լինի, որ կացարան մուտք ու ելք լինի»,- ասում է Հովսեփյանը:

«Անկախը» հարցի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ «Յունիգրաֆ Իքսից»: Ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը «Անկախի» հետ զրույցում հերքեց լուրերը, թե ընտանի շներ են սպանվում: «Յունիգրաֆ Իքսին» վերագրվող լուրերը ստահոդ են և հանրությանը մոլորեցնելու միտում ունեն,- ասաց նա:- «Յունիգրաֆ Իքսի» կողմից հրազեն չի օգտագործվում։ Թափառող կենդանիների քնեցումն իրականացվում է համապատասխան դեղամիջոցի ներարկմամբ»:

Այս պարագայում հարց է առաջանում, թե ով է պարբերաբար գիշերները կրակում շներին, չէ՞ որ կրակոցների ձայները լսվում են բնակարաններում։

Ըստ ընկերության հաղորդած տվյալների` մայրաքաղաքում 2014 թ. երրորդ եռամսյակում «Յունիգրաֆ Իքս» ընկերության կողմից ստերիլիզացվել է մոտ 3200 թափառող շուն, քնեցվել` 9400-ը: Նշենք, որ թափառող շները քաղաք են վերադարձվում արդեն հատուկ վզկապներով: Ահա հարց է առաջանում` քանի՞ վզկապով շուն եք տեսել Երևանում:

Տեղեկացնենք, որ կենդանասերները պատրաստվում են նախագահի վերահսկողության ծառայության ուշադրությունը հրավիրել խնդրի վրա: Նաև բանակցում են քաղաքապետարանի հետ ոչ միայն մրցույթը վերահսկող հանձնաժողովում ընդգրկվելու, այլև հետագայում շահած կազմակերպության աշխատանքները վերահսկելու գործառույթ ունենալու համար:

Իսկ այս ուրբաթ` նոյեմբերի 14-ին, ժամը 13-ին տեղի կունենա երթ Երևանի քաղաքապետարանի մոտից դեպի նախագահի նստավայր:

«Բոլորս էլ իրականում գիտենք, թե ինչպես են լուծում անտուն կենդանիների հարցը Երևանում, շատ-շատերս ենք լսել գիշերային կրակոցները մեր բակերում, բոլորս գիտենք` ինչ է թաքնված «ստերջացում, վնասազերծում» անվան տակ… Բայց երբեք այդ ամենը չի եղել այս աստիճանի վայրագ, այս աստիճանի առանց սահմանների: Անխնա ոչնչացնում են ինչպես անտուն, այնպես էլ մի քանի րոպեով դրսում հայտնված տնային շներին»,- ասված է երթի մասին իրազեկման ֆեյսբուքյան էջում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: