Հայերեն   English   Русский  

Ինչի՞ց է խառնում սիրտս


  
դիտումներ: 14949

Այս տհաճ երևույթը ծանոթ է յուրաքանչյուրին: Սրտխառնուքը անհանգստության ու անհամարության անսովոր զգացում է ստամոքսի շրջանում:

Երբ մեքենայով տարածություն անցնելուց ու թռիչքի ժամանակ է սրտխառնուք առաջանում, դա մի բան է: Այլ բան է, երբ այն անընդհատ է կամ թեկուզ էպիզոդիկ, սակայն պարբերաբար (ասենք` ամեն առավոտյան): Դա արդեն օրգանիզմում կատարվող լուրջ խնդիրների մասին կարող է վկայել: Ներկայումս մեծ թվով հիվանդություններ կան, որոնք ուղեկցվում են սրտխառնուքի զգացումով: Դրանք են` խոլեցիստիտը, գաստրիտը, լեղաքարային հիվանդությունը, աղիքային վարակները: Եվ սրանք հիվանդությունների մի փոքր մասն են միայն:

Ամեն առավոտ սրտխառնուքի զգացումը կարող է լյարդի ու մարսողական համակարգի խնդրի հետևանքով առաջանալ, նաև` սիրտ-անոթային ու ներզատիչ համակարգերում առաջացած խանգարման հետևանքով: Առավոտյան սրտխառնուքի պատճառ կարող են դառնալ նաև հելմիտները (ճիճվային հիվանդություններ): Պատճառները բազում են, ուստի ինքնուրույն ախտորոշել հիվանդությունը խիստ դժվար է, եթե չասենք` անհնար: Ճշգրիտ ախտորոշման համար պետք է հետազոտություններ կատարվեն, արյան ընդհանուր ու կենսաբանական անալիզ: Պետք է որովայնի խոռոչի օրգանների գերձայնային հետազոտություն անցնել, գաստրոսկոպիա անել:

Անալիզների արդյունքների վերլուծությամբ էլ բժիշկը եզրակացություններ կանի ու համապատասխան բուժում կնշանակի:

Եթե սրտխառնուք է առաջանում հաց ուտելուց հետո, ապա պատճառները հասկանալու համար նախ պետք է վերլուծել սննդային սովորություններն ու փոխել ընդհանուր կենսակերպը: Սթրեսներ, վիտամիններով ու միկրոտարրերով աղքատիկ սնունդ, սակավաշարժություն. այս ամենն ուղեկցում է գրեթե յուրաքանչյուր քաղաքաբնակի: Ուտելուց հետո առաջացած սրտխառնուքն էլ ազդարարում է, որ ժամանակն է վերանայել օրվա ռեժիմը: Կարելի է սննդակազմը փոփոխել, ներառել մրգեր ու բանջարեղեն, փորձեք հրաժարվել ծանր ու յուղալի սննդից: Նվազեցրեք աղի ու համեմունքի քանակը: Սթրեսը վերացնելու փորձված միջոց է լողը: Շաբաթական ընդամենը 2 պարապմունքը կօգնի բարելավելու ինքնազգացողությունը: Երկու շաբաթից ոչ միայն ուտելուց հետո սրտխառնուքը կվերանա, այլև գլխացավը կնվազի և քունը կկարգավորվի:

Եթե նոր դեղամիջոց եք օգտագործում ու ամեն անգամ հաց ուտելուց հետո սրտխառնուք է առաջանում, ապա պետք է մասնագետի դիմել` այլ դեղամիջոց ընտրելու համար:

Եթե սրտխառնուք է առաջանում ուտելուց մի քանի ժամ հետո, ապա հնարավոր է, որ թունավորում է առաջացել: Ու սրտխառնուքի դեպքում պետք է ինքներդ ձեզ օգնեք փսխում առաջ բերելու համար: Դրա համար պետք է 1-2 բաժակ ջուր խմել փոքր կումերով, ապա ակտիվացված ածուխ և պառկել: Իսկ եթե սրտխառնուքը դրանից հետո էլ շարունակվում է, ապա շտապօգնություն կանչեք:

Տևական սրտխառնուքը կարող է վկայել նախաինֆարկտային վիճակի մասին: Եթե սրտխառնուքից բացի նա շնչահեղձ եք լինում, մաշկը գունատվում է, սիրտը ցավում է կամ էլ ցավը ձեռքի վրա է տարածվում, ապա իսկույն պետք է շտապօգնություն կանչել:

Առավոտյան ուժեղ սրտխառնուքը, որը թուլանում է օրվա ընթացքում և ուղեկցվում է գլխացավով, հոգնածությամբ ու այտուցներով, խոսում է արյան բարձր ճնշման մասին:

Անպայման դիմեք սրտաբանի: Հնարավոր է` հարկ լինի դեղաբույսեր ընդունել, որոնք կօգնեն կարգավորելու ճնշումը:

Անընդմեջ սրտխառնուքը, անկախ սնունդ ընդունելուց, որն ուղեկցվում է ստամոքսի աջակողմյան ցավով ու բարձր ջերմությամբ, վտանգավոր ահազանգ է: Հնարավոր է, որ բորբոքված է կույրաղիքը: Անհրաժեշտ է շտապօգնություն կանչել: Անընդհատ սրտխառնուքը նորմալ չէ ու վտանգավոր է:

Եթե սրտխառնուք է առաջանում դաշտանից առաջ, դա վկայում է, որ ամսվա որոշակի օրերին ոսկրածուծի հեղուկի մեջ փոփոխվում է սերոտոնինի քանակը: Այդ ավելցուկն էլ սրտխառնուք է առաջացնում: Սրտխառնուքի այդ տեսակը ճիշտ է, վտանգավոր չէ, բայց կարելի է թեթևացնել վիճակը: Դրա համար մարսողական տրակտը չպետք է ծանրաբեռնել, հրաժարվեք ծխախոտից ու ալկոհոլից, շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդում: Իսկ եթե մարզասրահ եք հաճախում, ապա դաշտանից առաջ հրաժարվեք դրանից, փոխարենը զբոսնեք: Իսկ դաշտանի խանգարման դեպքում սրտխառնուքն ավելի ուժեղ կարող է լինել: Անպայման դիմեք մասնագետի:

Գրագետ բուժման դեպքում կարելի է ազատվել ոչ միայն տհաճ զգացողությունից, այլև հիվանդությունից:

Եթե սրտխառնուք է առաջանում երեկոյան

Հաճախ երեկոյան ժամերին սրտխառնուք են ունենում լեղուղիների հիվանդությունների դեպքում: Ու կրկին հիշեք. ինքնուրույն ախտորոշել, առավել ևս` բուժվել չարժե: Դիմեք գաստրոէնթերոլոգին, նա հետազոտությունից հետո դեղորայքային բուժում կնշանակի: Ինքներդ պարզապես կարող եք փոփոխել սննդակազմը, ոչ մեծ քանակությամբ ճարպեր կարող եք ընդունել ու միմիայն շոգեխաշած կամ էլ փռում պատրաստած սնունդ օգտագործել:

Ժամանակակից մարդը սովոր է ուշ քնել: Աշխատավայրում թերսնվելուց հետո, տուն գալով, ընթրիքին ուտում է ավելի, քան պետք է: Հետևանքը լինում է այն, որ աշխատանքից հոգնած`քնում է լիքը ստամոքսով, չմարսված սննդով: Բնականաբար, այս դեպքում սրտխառնուքը զարմանալի չէ: Փորձեք ընթրել քնելուց 2-3 ժամ առաջ ու նախընտրությունը տալ սպիտակուցային սննդին, ցանկալի է` չտապակած, եփած-խաշած բանջարեղենին:

Ուրեմն, եթե սրտխառնուք ունեք, ապա դիմեք մասնագետի: Ուժեղ ու անընդհատ սրտխառնուքի դեպքում` շտապօգնություն հրավիրեք: Ոչ անընդհատ, սակայն անհանգստացնող սրտխառնուքի դեպքում դիմեք ձեր բժշկին: Գնահատելով ձեր բոլոր բողոքները, նա համապատասխան բժշկի մոտ կուղարկի ձեզ:

Հետևեք ձեր կենսակերպին. առողջ սնունդ, հանգիստ քուն, մաքուր օդ, սրանք սրտխառնուքի դեմ պայքարում առաջին օգնականներն են:

Սրտխառնուքի նոպայի ժամանակ բացեք լուսամուտն ու խորը շնչեք:

Տհաճ զգացումները կարելի է վերացնել նաև ձեռքի տակ գտնվող միջոցներով, ասենք` թաշկինակի վրա կատվախոտի թուրմի կաթիլներ կաթեցրեք ու շնչեք: Կամ էլ կերեք, խմեք թթու ինչ-որ բան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: