Հայերեն   English   Русский  

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կբողոքարկի ընտրությունների արդյունքների օրինականությունը


  
դիտումներ: 1775

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը այսօր, խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամ հանդես է եկել հայտարարությամբ եւ նշել, որ բողոքարկելու է խորհրդարանական ընտրությունների արդյունքների օրինականությունը:

«2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրություններն անցան իշխանության կողմից կազմակերպված զանգվածային և համակարգված օրինախախտումների կիրառությամբ: Այդ օրինախախտումները ներառում են.

  • Սահմանադրության խախտմամբ ընտրությունների օրվա նշանակումը։
  • Ընտրակաշառքի զանգվածային բաժանումը, քաղաքացիների անձնագրերի եւ նույնականացման քարտերի ապօրինի հավաքումը, իրավապահ մարմինների անգործությունը:
  • Ընտրողների ահաբեկումը, վարչական լծակներով եւ կրիմինալի ներգրավմամբ ճնշումների լայնածավալ կիրառումը: Ոստիկանության օժանդակությամբ ընտրողներին պարտադրված զանգվածային վերագրանցումների կատարումը։ Տեղամասային կենտրոններում օրենքի խախտմամբ կուտակումները եւ անկառավարելի վիճակի ստեղծումը, այդ կապակցությամբ ոստիկանության անգործությունը:
  • Քվեարկության գաղտնիության համատարած խախտումը, ներառյալ վերահսկված ու բաց քվեարկությունը, այդ թվում գունավոր գրիչների, գունավոր եւ համարակալած թղթիկների կիրառման միջոցով: Ընտրողների բացահայտ ապօրինի ուղղորդումը, ինքնուրույն քվեարկելու խնդիրներ ունեցող ընտրողներին օգնելու դրույթի չարաշահումը:
  • Քվեարկության ընթացքի նկատմամբ հասարակական վերահսկողությունը խոչնդոտելու նպատակով, տեղամասերում տեղադրված տեսախցիկների միջոցով ինտերնետային հեռարձակման դադարեցումը` քվեարկության օրվա 7.00-ից 13.00-ը ընկած ժամանակահատվածում, ինչը համընկավ ընտրողների ակնհայտորեն կազմակերպված գերակտիվ հոսքի հետ:
  • Կրկնակի քվեարկության բազմաթիվ արձանագրված դեպքերը։
  • Բռնության և ահաբեկման դեպքերը լրագրողների, վստահված անձանց և դիտորդների նկատմամբ:
  • Այսպիսով, հաշվի առնելով, որ հերթական անգամ կոպտորեն ոտնահարվել է ժողովրդավարությունը և ընտրական գործընթացի լայնածավալ եւ կազմակերպված խախտումները բացառել են ժողովրդի ազատ կամարտահայտությունը,

    Նպատակ ունենալով հանարավորություն տալ քաղաքական ուժերին և քաղաքացիական հասարակությանը իրավական գնահատական տալու խախտումների մասին արձանագրված փաստերին,

    Կոնգրես-ՀԺԿ դաշինքը որոշել է բողոքարկել ընտրությունների արդյունքների օրինականությունը և լիազորել ապրիլի 2-ի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին ներկայացնելու Կոնգրես-ՀԺԿ դաշինքի բողոքը ԿԸՀ և Սահմանդրական դատարան՝ 2017թ․ապրիլի 2-ի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով»,-ասված է հայտարարությունում:

    Նշենք, որ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ արդյունքները բաշխվել են հետեւյալ կերպ. Հանրապետական կուսակցություն- 49,12 տոկոս, «Ծառուկյան» դաշինք՝ 27,32 տոկոս, «Ելք» դաշինք՝ 7,77 տոկոս, ՀՅԴ՝ 6,57 տոկոս: Ըստ այդմ, ՀՀԿ-ն կստանա 58 մանդատ, «Ծառուկյան դաշինքը՝ 31 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատ եւ ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: Ընտրություններին մասնակցած մնացած 5 ուժերը («Ազատ դեմոկրատներ, «Հայկական վերածնունդ», ՕՐՕ դաշինք, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք եւ Կոմկուս) չեն հաղթահարել ԱԺ-ում հայտնվելու նվազագույն շեմը:

    ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 590 քաղաքացիներից 1 մլն 577 հազար 323-ը:





    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: