Հայերեն   English   Русский  

​Մեր երեխաներին ազգային կրթությունից առաջին զրկողը մենք ենք...Նաիրի Հոխիկյան


ՖԲ գրառում


  
դիտումներ: 1517

Տևական ժամանակ է՝ երեխաներիս ապարդյուն փորձում եմ հնարավորինս հեռու պահել օտարալեզու՝ հատկապես ռուսական կամ ռուսերեն թարգմանված մանկական ֆիլմեր կամ մուլտֆիլմեր նայելուց:

Խնդիրը ռասիստական չի, այլ ազգային մտածողությունը երեխայի մեջ հաստատելու անհրաժեշտությունը: Գրեթե բոլոր ընտանիքներում, վստահ եմ, կա դրա կարիքը: Մեր երեխաները նույնիսկ հայկական հեռուստաալիքներով դիտում են մեծ մասամբ ռուսերեն մուլտֆիլմեր, նրանց բառապաշարն ավելի հարստանում է օտարալեզու, քան հայկական արտահայտչամիջոցներով, իսկ լեզուն ազգային մտածողության թիվ մեկ գործոնն է:

Ռուսներն իրենց տեսանկյունից ճիշտ են վարվում: Թարգմանում են օտարալեզու բոլոր մուլտֆիլմերը, պետական աջակցություն են ցուցաբերում մանկական հեռուստաալիքներին, որպեսզի դրանք ոչ միայն հեռարձակվեն ՌԴ-ի ամբողջ տարածքում, այլև այլ պետություններում, հատկապես հետխորհրդային տարածաշրջանում: Հայաստանում լայն տարածում ստացած կաբելային հեռուստատեսության մեջ օտարալեզու ալիքները բացարձակ մեծամասնություն են, իսկ հայ երեխաները, բնական է, նախընտրում են մանկական ալիքներ: Բազմիցս եմ նշել, որ Հայաստանում գոնե մեկ մանկական ալիք պետք է լինի՝ միայն հայերեն ֆիլմերով ու հաղորդումներով, սակայն փակվեց գոյություն ունեցող Հայրենիք TV-ն: Նույնկերպ հայերեն մուլտֆիլմեր հատուկենտ են ինտերնետ տիրույթում՝ youtube-ում: Այնտեղ հանդիպող հայերեն մուլտֆիլմերը հիմնականում խորհրդային տարիների հայկական և արդեն ժամանակակից՝ Ռոբերտ Սահակյանցի ստուդիայի մուլտֆիլմերն են, մինչդեռ բացակայում են հայերեն թարգմանված օտար մուլտֆիլմերը, իսկ մեր երեխաները, հայտնի է, վառ գույներ ու գեղեցիկ անիմացիա շատ են սիրում:

Այս առումով հայկական հեռուստաընկերություններին և մեդիա կառույցներին առաջարկում եմ գոնե ձեր կողմից թարգմանվող և եթեր հեռարձակվող մուլտֆիլմերը տեղադրեք Youtube-ում: Հասկանալի է, կան բիզնես շահեր, սակայն ազգային կրթադաստիարակչական առաքելությունը շատ ավելի կարևոր է, մանավանդ որ բոլոր դեպքերում հայերեն թարգմանված տարբերակի հեղինակային բոլոր իրավունքները ձեզ են պատկանում: Ռուսները բավական երկար ժամանակ այդպես են անում: Ցանկացած ամերիկյան կամ այլ մուլտֆիլմի հրապարակ դուրս գալուց հետո ռուսերեն տարբերակը կարճ ժամանակ հետո Youtube-ում է: Մարդիկ մտածում են իրենց երեխաների՝ ռուս մեծանալու և ռուսական լեզվամտածողության պահպանման մասին, իսկ մենք ի՞նչ ենք անում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: