Հայերեն   English   Русский  

Հրայր Թովմասյան. Եթե Կոնգրես-ՀԺԿ դաշինքը չդիմի ՍԴ, ապրիլի 27-ին կգումարվի նոր խորհրդարանի առաջին նիստը


  
դիտումներ: 1467

«Նորընտիր Ազգային ժողովն աշխատանքները սկսելու է ապրիլի 27-ից, եթե ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ընտրությունների արդյունքները չբողոքարկի Սահմանադրական դատարանում:

Բողոքարկելու դեպքում արդեն կախված է լինելու այն հանգամանքից, թե ՍԴ-ն ինչ ժամկետում այդ դիմումը կքննի»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

Ապրիլի 7-ին Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դիմել է ԿԸՀ՝ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով: Նախօրեին կայացած ԿԸՀ արտահերթ նիստում մերժվեց «Կոնգրես-ՀԺԿ» դիմումն այն պատճառաբանությամբ, որ դիմումը զուրկ է որևէ իրավական հիմնավորումներից և չկա փաստական ապացույց:

Հրայր Թովմասյանը հայտնել է, որ համաձայն Սահմանադրության` նոր խորհրդարանի առաջին նիստի օրը կառավարությունը հրաժարական կտա. «Դրանից հետո 10 օրվա ընթացքում կնշանակվի նոր վարչապետ, 20 օրվա ընթացքում, առավելագույն ժամկետներն են, կձևավորվի կառավարություն, 20 օրվա ընթացքում կառավարությունը Ազգային ժողովին կներկայացնի իր ծրագիրը, որը խորհրդարանը կքննարկի արտահերթ ռեժիմով՝ 5-օրյա ժամկետում»:

Հ. Թովմասյանն ասել է, որ ԱԺ նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի ժամանակ ԱԺ որոշմամբ կսահմանվի, թե ԱԺ-ն քանի մշտական հանձնաժողով է ունենալու: Սահմանադրությամբ դրանք 12-ից ավելի չեն կարող լինել:

«Մենք ունեցել ենք և 6 հանձնաժողով, դրանից հետո՝ 12: Կարծում եմ, որ օպտիմալ է 8-10 հանձնաժողովը: Վստահորեն կարող եմ ասել, որ դրանց թիվը կկրճատվի, քանիսով՝ այս պահին կդժվարանամ ասեմ»,- նշել է նա՝ հավանական համարելով Եվրոպական ինտեգրման հարցերի ու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: