Հայերեն   English   Русский  

90-ականների սկզբի ուղեղների արտահոսքը կարող է կրկնվել. Տաթևիկ Բեժանյան


  
դիտումներ: 2818

“Վերադարձ և պաշտպանություն” սոցիալ-իրավական ՀԿ նախագահ Տաթևիկ Բեժանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ՀՀ կառավարության անցյալ տարի իրականացրած

Հայաստանի միգրացիոն իրավիճակի մասին հետազոտության տվյալները, համաձայն որի` 2013- 2016 թվականներին Հայաստանում 3336,6 հազար բնակչի, այսինքն՝ բնակչության 11 տոկոսի դեպքում միգրացիա է եղել։ Այս թվում ներառված է նաև աշխատանքային միգրացիան, որը մեծ տոկոս է կազմում:

“Տարեկան կտրվածքով՝ երկրից անվերադարձ հեռանում է 35 հազար մարդ, սակայն 2016 թվականին անվերադարձ մեկնողների թիվը դարձավ 37 հազար: Այս պահի դրությամբ 47 տոկոսը կազմում են աշխատանքային միգրանտները, իսկ 53 տոկոսը անվերադարձ մեկնողները: Միտում է նկատվում նաև բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքի։ Հուսադրող չեն տվյալները, քանի որ միտումը ցույց է տալիս, որ կարող է կրկնվել 90-ականների սկզբի իրականությունը, այսինքն՝ ուղեղների արտահոսքը: Հստակ չկա, թե ինչ մասնագետներ են հեռանում, սակայն 20 տոկոսը բարձրագույն կրթություն ստացածներն են: Շոշափելի է բժիշկների և ՏՏ ոլորտների մասնագետների արտահոսքը”,- ասաց բանախոսը:

Հետազոտության տվյալների համաձայն` Հայաստանից աշխատանքային միգրանտների հիմնական հոսքը լինում է դեպի ՌԴ: Ընդ որում՝ վերջին տարիներին աշխատանքային միգրանտների հոսքը նվազել է, բայց դա պայմանավորված չէ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմամբ, պարզապես ՌԴ տնտեսությունն է թուլացել։

“Ընդհանուր միգրացիոն տարիքը 25-54 տարեկանն է, այսինքն՝ վերարտադրողական տարիքն է: Միգրացիոն հոսքերի նվազումը բերել է տրանսֆերտների նվազման, ինչը նույնպես պայմանավորված է արտաքին գործոններով՝ ՌԴ տնտեսությունը վերջին տարիներին վատթարացել է, ռուբլու կուրսն ընկել է: Նվազել են նաև առողջապահության և կրթության վրա ծախսվող գումարները”,- ասաց Տաթևիկ Բեժանյանը` հավելելով, որ Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի Հայաստանում ներդրումներ ունենալու ուղղությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: