Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում գյուղապետին դաժան ծեծի են ենթարկել՝ վիլլայի համար տարածք չտրամադրելու համար


  
դիտումներ: 527

Ադրբեջանում Իմիշլի շրջանի Յալավաջ գյուղի գյուղապետ Գահրաման Գահրամանովը դաժան ծեծի ենթարկվելու առնչությամբ բաց նամակ է հղել երկրի ղեկավարությանն ու լրատվամիջոցներին: Այս մասին գրում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին շրջանի գործադիր իշխանությունից ոչ հեռու: Գահրամանովը նամակում գրել է, որ հարձակման հետևում կանգնած է Ստանդարտացման և արտոնագրի շրջանային վարչության պետ, ալկոհոլային գործարանի տեր և այլ բազմաթիվ առևտրային օբյեկտների սեփականատեր Սալեհ Մամեդովը:

Ըստ տուժածի՝ Մամեդովի հարազատ եղբայրը, զարմիկը և ևս մեկ անհայտ անձ հարձակվել են իր վրա, դաժան ծեծի ենթարկել, կոկորդին դանակ պահել:

Գահրաման Գահրամանովը դիմել է Ներքին գործերի նախարարության «102» ծառայությանն ու շտապ օգնությանը: Նա ստացիոնար բուժում է ստանում: Իր նամակում վերջինս նշել է, որ Սալահ Սամեդովի եղբայրը Իմիշլիի շրջանի ոստիկանության պետի տեղակալ է, ուստի գյուղապետը վախենում է, որ հետաքննությունը ոչ օբյեկտիվ է լինելու:

Ըստ Գահրամանովը՝ ավելի վաղ Սալեհ Սամեդովը իրեն հեռախոսով սպառնացել էր, և ինքը այդ մասին հայտնել էր շրջանային դատախազ Փանահ Աբբասովին: Գահրամանովը խնդրում է Ադրբեջանի նախագահից ապահովել իր անվտանգությունը, հետաքննել հանցագործությունը և պատժել Սալեհ Սամեդովին ու այլոց:

Տուժածը գործակալությանը հայտնել է, որ դեմքի և մարմնի լուրջ վնասվածքներ է ստացել, իր ձախ կողմը փայտացել է, ուստի չի կարողանում շարժվել:

Գահրամանովը նշել է՝ կոնֆլիկտի պատճառ եղել է այն, որ Սալեհ Սամեդովը պահանջել է վիլլայի կառուցման համար հողային տարածք տրամադրել: Գահրամանովը հրաժարվել է՝ նշելով, որ վաճառքը կատարվում է միայն աճուրդի միջոցով, ինչն էլ զայրացրել է Սամեդովին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: