Հայերեն   English   Русский  

Պատռելու եմ բոլոր այդ տնօրենների դիմակները. Անահիտ Բախշյանը ՀՀԿ-ի օգտնին ձայներ ցուցակագրած տնօրենների մասին


  
դիտումներ: 9487

Անահիտ Բախշյանը պատռելու է բոլոր այն տնօրենների դիմակները, ովքեր ԱԺ ընտրությունների օրերին ՀՀԿ-ի օգտին ձայներ են հավաքագրել:

Այս մասին տիկին Բախշյանը հայտարարեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Սելը չի ճռռում, սելվորն է ճռռում: Այդ դպրոցների տնօրենները պետք է ուղղակի լուռ մնային, պիտի ընդհանրապես չխոսեին: Ես խնդրել եմ իմ գործավարին տալ այն տնօրենների անունները, որոնք «Իրազեկ քաղաքացի» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոնիսյանի դեմ հայց են ներկայացրել: Ես գիտեմ ՝ ինչ քայլեր պետք է անեմ : Դուք կտեսնեք` ինչ քայլերով եմ այդ տնօրենների դիմակը պատռելու:»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ հրաժարվելով նշել, թե ինչ քայլերի մասին է խոսքը:

Նա ընդգծեց, որ տնօրենները նման գործունեություն ծավալելու իրավունք չունեին և գերազանցել են իրենց լիազորությունները. «Օրենքով նրանց արգելվում է քաղաքական քարոզչությունը: Երևի այդ 30 դպրոցների տնօրենների ձայնագրությունների մեջ խոցելի ավելի քիչ տեղեր կան, դրա համար էլ ՀՀԿ-ն ասել է` դատի տվեք Դանիելին, մենք ձեր թիկունքին կանգնած ենք, միայն թե Դանիելին պատժենք»,- ասաց Բախշյանը՝ ընդգծելով, որ Իոնիսյանը միայն փաստն է ներկայացրել, որի մասին տարիներ շարունակ խոսել ենք, սակայն ապացույց չենք ունեցել ՀՀԿ-ն, հետևություններ անելու փոխարեն, սկսել է այլ քայլեր անել:

«Ես ինքս ունեցել եմ կուսակցական պատկանելիություն, երբ դպրոցի տնօրեն էի, բայց նման բաներ բացառվում էր, մտքովս չէր անցնում: Այդ 127 տնօրենների մեջ ծանոթներ ունեի: ես չեմ խոսել նրանց հետ: Կային տնօրեններ, որոնց ես շատ հարգում եմ: Հիմա նրանց փոխարեն ցավում և ամաչում եմ»,- եզրափակեց Անահիտ Բախշյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: